Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ

ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ
04.02.2011 | 00:00

Հայաստանի բուհերում ավարտվեց ձմեռային քննաշրջանը: Ի՞նչ վիճակ է տիրում Հայաստանի մարզական և մարզչական կադրերի պատրաստման դարբնոցում` ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, խնդրեցինք տեղեկացնել ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր ՅՈՒՐԻ ԿՈՒՊԱԼՅԱՆԻՆ:
-ՈՒսանողների մեծ մասը հիմնականում պատրաստված էր ներկայանում քննություններին,- ասաց պարոն Կուպալյանը։- Այնպես որ, ամեն բան նորմալ է: Բարձր կուրսերում կան սովորողներ, ովքեր նաև աշխատում են, ուստի փոքր-ինչ դժվարանում են քննությունների ժամանակ:
-ՈՒսանողների քանի՞ տոկոսն է սովորելուն զուգահեռ աշխատում:
-Ստույգ հաշվարկ չկա, սակայն զգալի թվով ուսանողներ աշխատում են։ Կան գրաֆիկներ, դրանցով են նրանք հաճախում դասերին, հանձնարարություններ ստանում և կատարում: Խոսքն այն երիտասարդների մասին է, ովքեր գյուղական վայրերի դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են: Աշխատող կարելի է համարել նաև այն մարզիկներին, ովքեր լրջորեն սպորտով են զբաղվում, ֆուտբոլային թիմերի կազմերում են հանդես գալիս, շարունակ ուսումնամարզական հավաքներում են ներգրավված լինում կամ էլ միջազգային մեկնարկներում են ուժերը չափում և այդ ճանապարհով վաստակում: Նրանք ազատ գրաֆիկով դասերին հաճախելու իրավունք ունեն: Ընդ որում, այդպիսի ուսանողներից ոմանք պարտաճանաչ բուհ են հաճախում, հանձնարարություններ են ստանում, պատրաստվում, դասախոսներին պատասխանում, համապատասխան միավորներ են հավաքում և այլն: Կան նաև այնպիսիք, ովքեր թերանում են դա անել: Ամեն դեպքում, ուսմանը զուգահեռ աշխատող սովորողների թիվը 50 տոկոսի չի հասնում:
-Եթե հաշվի առնենք, որ կան այնպիսի ուսանողներ, ովքեր աշխատում են և այդ մասին չեն հայտնում, ընդ որում, դա անում են առանց աշխատանքային պայմանագրի, ապա կստացվի, որ աշխատող ուսանողները բավականին շատ են:
-Խորհրդային տարիներին կարգ էր սահմանված, որով ուսանողը պետք է ֆակուլտետի դեկանից թույլտվություն ստանար, հետո միայն, ուսման հետ համատեղելով, աշխատեր:
-Բայց վաղուց խորհրդային երկիրը գոյություն չունի, ոչ էլ այդ համակարգն է աշխատում:
-Այո, այդ ամենը չկա, սակայն մարդիկ շարունակում են նյութական դժվարություններ կրել: Դժվար է հատկապես ուսանողների համար: ՈՒսման վարձն էլ քիչ չէ: Մասնավորապես, մեր բուհում սովորողները տարեկան վճարում են 3 հարյուր հազար դրամ: Ոմանք պատճառաբանում են, որ ստիպված են աշխատել, որ կարողանան վճարել, բուհից դուրս չմնան։ Ի դեպ, այդ հիմնախնդիրը Հայաստանի մյուս բոլոր բուհերում էլ կա:
-Կարելի՞ է ասել, որ դասախոսներն աչք են փակում, դրական գնահատականներ են նշանակում, որ ուսանողներ լինեն, վճարեն, իրենք էլ աշխատավարձ ստանան:
-Չէի ասի, թե այդպիսի բացահայտ մոտեցում կա, սակայն առանձին դեպքերում ընդառաջող քայլեր արվում են: Բարյացակամություն է դրսևորվում զոհված ազատամարտիկների, սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաների, ծնողազուրկ ուսանողների նկատմամբ: Փաստն այն է, որ աշխատող ուսանողների առաջադիմությունը բարձր չէ, իսկ բուհում առաջադիմությունը 75-80 տոկոս է: Այսինքն, քննություններից հետո պարտքեր է ունենում միայն սովորողների 20-25 տոկոսը: Ի դեպ, ունենք զգալի թվով գերազանցիկներ (սովորողների ընդհանուր թվի 20-30 տոկոսը): Դա լավ ցուցանիշ է համարվում:
-Քանի՞ ուսանող ունի բուհը:
-Շուրջ 3200 ուսանող ունենք, որոնցից 1400-ն ուսանում են հեռակա կարգով: Նախկինում երբեք այսքան շատ ուսանողներ չենք ունեցել: Բնական է, ծանրաբեռնվածությունն էլ մեծ է:
-Քննաշրջանի ընթացքում ուսանողները հատկապես ո՞ր առարկաների քննությունների ժամանակ են դժվարանում:
-Բոլոր առարկաների քննությունների ժամանակ էլ դժվարություններ կան: Նույնիսկ եթե ուսանողը ֆիզիկապես թույլ է, նա բարդությունների է հանդիպում: Իսկ ավելի հաճախակի դժվարանում են մանկավարժության, հոգեբանության, ֆիզիկական դաստիարակության մեթոդիկայի և տեսություն, տեսական առարկաների քննությունները հանձնելիս:
-Կարելի՞ է ասել, որ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելն է հեշտացել:
-Բուհական վերջին ընդունելության քննությունների ժամանակ վերաբերմունքը փոքր-ինչ բարյացակամ էր: Բանն այն է, որ այս տարի ուսումնական համակարգը փոխվել է, դպրոցներում աշակերտները սովորում են 12 տարի, քիչ շրջանավարտներ ենք ունենալու, բնականաբար, բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվն էլ նվազելու է, ուստի նպատակ չունենք ընդունելության քննությունների ժամանակ շատ խստություններ «բանեցնել»: Իսկ բուհ ընդունվողներին փորձում ենք օգնել, որ սովորեն և դուրս չմնան:
-Նկատի ունեք այն հանգամանքը, որ նախկինում համեմատաբար դժվար էր ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվե՞լը: Մասնավորապես, կար նաև լողի քննություն, որը բարդացնում էր դիմորդների գործը:
-Լողը վաղուց է հանվել մեր բուհի ընդունելության քննությունների ծրագրից: Պատճառներից մեկն էլ այն է, որ ինստիտուտը երկար ժամանակ է, որ չունի իր լողավազանը, թեև վարձակալությամբ մեր հաստատության սովորողներն օգտվում են Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանից: Այնպես որ, թեև լողը հանվել է ընդունելության քննությունների ծրագրից, բուհում լողուսուցումը չի դադարեցվել:
-Իսկ դահուկային սպորտի ուսումնամարզական հավաքը մնացե՞լ է: Սովորաբար, հենց այս շրջանում էր այն կազմակերպվում:
-Դա մեր ամենացավոտ հիմնախնդիրներից մեկն է: Բուհի ղեկավարությունը մեծ դժվարությամբ ֆինանսներ է հայթայթում, որ կարողանա այդ մարզաձևի ներկայացուցիչներին ուսումնամարզական հավաքի ուղարկել Ծաղկաձոր: Ի դեպ, նախկինում այդպիսի ուսումնամարզական հավաքի էին մեկնում ինստիտուտի բոլոր բաժինների սովորողները, պարապմունքները Ծաղկաձորում շարունակվում էին շուրջ մեկ ամիս: Այժմ այդպիսի հնարավորություն չկա, և լուծվում է միայն դահուկային սպորտում մասնագիտացողների խնդիրը:
-Բուհում արտասահմանյան տարբեր երկրներից սովորողներ կա՞ն:
-Այո: Սովորելու են գալիս Ռուսաստանում, Վրաստանում բնակվող մեր հայրենակիցները: Մի քանի արաբ ուսանող ունենք Սիրիայից:
-Կա՞ն այնպիսի ուսանողներ, ովքեր պարզապես ժամանցի համար են բուհ ընդունվել:
-Պատկերը նույնն է, ինչ Հայաստանի բոլոր բուհերում: Կան նաև այդպիսիք, սակայն նրանց թիվը մեծ չէ: Նախկինում հաստատությանն անդամագրվում էին զինվորական ծառայությունից առժամանակ խուսափելու համար, այժմ այդ հարցը վերացել է, քանի որ բոլոր երիտասարդներն էլ բանակ են զորակոչվում: Այդուհանդերձ, թեև ոմանք բուհ են ընդունվում, սակայն ուսումն իրենց համար ապագա չեն համարում և անտարբեր են: Ի դեպ, մեր բուհի շրջանավարտները բանակում ավելի հեշտ են ծառայում, քանի որ նրանք պատրաստի ֆիզղեկներ են, ֆիզիկապես ուժեղ լինելով, հեշտությամբ վերապատրաստվում են, զինվորական տարբեր մասնագիտություններ ստանում:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ