«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁՅԱԼ ՊՏՏՎՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳՆԴԱԿԻ ՇՈՒՐՋԸ

ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁՅԱԼ ՊՏՏՎՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳՆԴԱԿԻ ՇՈՒՐՋԸ
02.03.2012 | 00:00

Երեքշաբթի-չորեքշաբթի աշխարհում դարձյալ մեծ ֆուտբոլի օրեր էին: Տևական դադարից հետո խաղադաշտ դուրս եկան տարբեր մայրցամաքների մեծ թվով ազգային հավաքականներ։ Ճիշտ է, թեև հանդիպումներն ընկերական էին, հավաքականների մարզիչների համար` իրենց սաների տեխնիկատակտիկական, ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստվածության ստուգատես, մշակված կոմբինացիաների, նոր խաղացողների փորձարկում, խաղային օղակների գործակցության ստուգում ու հետապնդվող այլ խնդիրներ, միևնույն է, հանդիպումների մարզական նշանակությունը բնավ էլ չէր փոխվել, որովհետև անառարկելի է մեկ բան` ինչ էլ անես, անում ես վերջնական արդյունքի հեռանկարով ու թե պարտվում ես կամ հաղթում, նշանակում է` ինչ-որ բանում հաջողել ես կամ ձախողվել:
Հասկանալի պատճառներով հանդիպումների այդ ահռելի քանակությունն իր մանրամասների մեջ չենք ներկայացնի, սակայն մի քանիսին, այդուհանդերձ, արժե անդրադառնալ: Բնականաբար, նման պարագծի մեջ են մեր ազգային հավաքականի անցկացրած խաղերը, ու ոչ միայն նրա համար, որ սեփական շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է: Բնավ: Մեր ընտրանին, սկսած հատկապես վերջին տարուց, որակական նոր փուլ է թևակոխել, մեզանում կարողացել է վերականգնել հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը, հասցրել է բոլորիս «շահագրգռել» այնքան, որ սկսել ենք տղաների խաղը դիտարկել մեծ ֆուտբոլի թելադրած դիրքերից, ավելի մեծ ախորժակով ու հավակնություններով:
Հարց` իսկ ինչո՞ւ այդպես չպիտի լիներ, որ: Հիմա գիտեմ, որ այս անգամ էլ խմբագիրը պիտի կասկածանքով նայի` «բոյներս է պակա՞ս, թե՞ բուսաթներս» արտահայտությանն ու ջնջելու պատրաստ գրիչը ձեռքին մտածի` չակերտված խոսքի մեջ էլի՞ տարընթերցման թաքուն իմաստ կա: Շտապում եմ հանգստացնել` հենց ամենաուղղակի իմաստով էլ գրել եմ` ցանկանալով ասել, որ, այո՛, իսկապես էլ ոչ մեկից պակաս չենք: Ո՛չ թվով, ո՛չ քաշով, ո՛չ բոյ-բուսաթով, ո՛չ քաշ-կշռով: Տասնմեկն իրե՛նք են, տասնմեկը մե՛նք ենք: Հաղթո՞ւմ ենք` տղամարդավարի ենք հաղթում, պարտվո՞ւմ ենք (ցանկալի չէ)` արժանապատվորեն ենք պարտվում (գլխիս լոլո չկարդաք, թե արժանապատիվ պարտվե՞լս որն է. այդպիսի պարտություն էլ կա):
Սա` ի միջի այլոց:
Արդ` դառնանք մեր «հավերին» ու «ձվերին»:
Փետրվարի 28-ի խաղում սերբերին պարտվեցինք: Երկու գոլի տարբերությամբ (իբր էդ անտեր երկու գնդակը քիչ էր, էն Կուզմանովիչն էլ ելել էստեղ-էնտեղ ասել էր (ինչ էլ անուն են դրել` մամուլի ասուլիս)` թե ուզենայինք, հայերին ավելի խոշոր հաշվով կհաղթեինք):
Ասում եմ` երկու գնդակի տարբերությամբ, որ գրած չլինեմ խաղի 0:2 հաշիվը, որովհետև այդ զրոյից մոտս «ալերգիկ ֆոն» է առաջանում: Գոնե լիներ 1:3 կամ` 2:4: Ծայրահեղ դեպքում` 3:5: ՈՒզում եմ ասել` մի բան էլ մենք խփած լինեինք:
Դե` հիմա: Չխփեցինք: Բայց աշխարհը հո չկործանվե՞ց, անցած թե նախանցած տարի երկրագնդի մոտերքը ֆռֆռացող էն անտեր մետեորիտն էլ հո չեկա՞վ տուններս ավերեց:
Հա, չխփեցինք: Սակայն փոխարենը լավ վազեցինք:
Չէ, ասածիս մեջ այնքան էլ իրոնիա չկա: Խաղի հաջորդ օրը (օրինակի համար եմ ասում), երբ մտա հիմնարկ, տղաները դեմքի էնպիսի մեռելային արտահայտություն ունեին, որ շոկից հանելու համար հենց այդ խոսքերով էլ մխիթարեցի ու, պատկերացրեք, գործեց` միանգամից թեթևացան, շունչները տեղն եկավ ու սկսեցին նորմալ աշխատել:
Ես հրաշալի հասկանում եմ, որ այս պահի դրությամբ մենք անպատրաստ ենք երկու համարժեք թիմ հանելու, սակայն անհանգստանալ պետք չէ: Դրա ժամանակն էլ կգա: Կարևորն այն է, որ լենինյան գիծը ճիշտ է բռնվել, ու Էն «գերմանացին» ոնց որ թե իսկապես ջիգյարով է կպել գործին: Ժողովրդական բառով եմ ասում, որովհետև այդ որակման մեջ, այդուհանդերձ, տղամարդկային բան կա: Հա, հա, մեզ էդ գերմանական հետևողականությունը պետք է` դնել խնդիր ու նպատակասլաց գնալ հանգուցալուծման:
Ի՞նչ է, այդպիսի դրսևորման խաղ չէ՞ր հաջորդ օրվանը:
Դրեցինք ու սվաղեցինք, և ի՞նչ կապ ունի այստեղ հայ-կանադական դարավոր բարեկամությունը (տեսնես քանի՞ տարվա պատմություն ունի):
Պիզելի Մարկոսիս ցավը տանեմ: Տեսա՞ք ինչ արեց: Կներեք: Մի պահ շփոթվեցի: ՈՒզում էի ասել` տեսա՞ք ինչ ասաց: Դուխով կանգնեց ու չորով դրեց. «Չհասկացա: Էդ օվկիանոսի էն կողմից էկել հայերին ե՞ք հաթաթա տալիս… Հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայերի՞ն… Էս մարդկա՞նց, որ Արաբստան ու Հնդստան են ահ ու դողի մեջ պահել` Չին-Մաչինն էլ վրադիր, էլ չեմ ասում Հռոմ ու Պարսկաստան: Թե՞ մտածում եք հայերն օվկիանոսի էն կողմից մեջքներին կանգնող տղա չունեն»:
Ժողովուրդ ջան, ի՞նչ է, էս մասին չգիտեի՞ք:
Դե, ուրեմն, ասեմ` իմացեք: Այ, էս աստիճան ջղայնացրել էին մեր Մարկոսին, ու քանի որ ինքը օբյեկտիվ տղա է, ճիշտ է, կանադացիների ճակատին չէր մեխել աշխարհագրությունից ու պատմությունից կլոր «2»-ի գիտելիք ունենալու փաստը, փոխարենը վերցրել ու երկու խփած գնդակով անուղղակի էր ասել ասելիքը:
«Կանադա-Հայաստան» խաղում էս խոսակցությունն իրականում է «գնացել», բայց որ դրան ուրիշ աստառ չտրվի, տղաները փաստը կոծկեցին երրորդ գոլը խփելով, իբր թե հանդիպման ժամանակ ուրիշ բազար չի եղել, պարզապես ֆուտբոլ ենք խաղացել: Ընկերական: Ընդ որում, զուտ «մաքուրով»:
Իսկ եթե կատակը թողնենք մի կողմ, պիտի խոստովանենք, որ տղաներն իսկապես լավ խաղացին, տարվա այս սեզոնի ու հատկապես առաջին հանդիպման համար բավականին լավ: Կամք էլ կար, ջանք էլ կար, նպատակաուղղվածություն էլ կար: Մի խոսքով` լավ էր:
Սակայն ամենից շատ ինձ ուրախացրեց տղաների հավաքականությունը, իրար հետ շփվելու անմիջականությունը, իրար սիրով վերաբերվել կարողանալը:
Անկեղծ ասած, խաղից առաջ մտածում էի` Արազ Օզբիլիսը ո՞նց է ընդունվել թիմում, հասցրե՞լ է մերվել տղաներին: Բնական անհանգստություն է: Մարդկային: Բայց որ չտեսա՜, թե թիմը, ունենալով հաստիքային իրացնող, տասնմեկմետրանոցն իրացնելն ինչպես վստահեց նրան, սիրտս փառավորվեց: Իսկ որ Արազս էլ գոլը խփելուց հետո համբուրեց մարզազգեստի զինանշանը, ներող կլինեք թուլությանս համար, աչքերս լցվեցին: Եթե այդ պահին մոտս լիներ, գրկելու էի ու ասեի. «Բա ո՜նց, տղա ջան, երկի՛ր ենք, ԵՐԿԻ՜Ր: Հասկացա՞ր, ինչ քաղցրություն է հայրենիք ներկայացնելը»:
Լավ: Այսքանով բավարարվենք մեր թիմի մասին խոսելուց, դառնանք մյուս խաղերին, իսկ որ ավելի ստույգ լինենք` դրանցից մի քանիսին:
Դրամատիկ ընթացք ունեցավ Անգլիա-Հոլանդիա հանդիպումը: Ֆաբիո Կապելոյի հրաժարականից հետո առանց գլխավոր մարզչի մնացած Անգլիայի հավաքականն իր մեջ կամային ուժ գտավ ու կարողացավ հավասարեցնել հաշիվը` 2:2, սակայն հավելյալ ժամանակում Ռոբենը կրկին առաջ մղեց իր թիմին:
Սեփական հարկի տակ գերմանական ընտրանին հերթական անգամ չկարողացավ կոտրել ֆրանսիացիների դիմադրությունն ու պարտվեց 1:2 հաշվով:
Անհաջողության մատնվեց նաև Իտալիայի հավաքականը. մրցակցի նկատմամբ, նրա իսկ դաշտում ԱՄՆ-ի ընտրանին հաղթանակ տոնեց նվազագույն 1:0 հաշվով:
Հյուրընկալվելիս Արգենտինան գերազանցեց Շվեյցարիայի ընտրանուն` 3:1. երեք գոլերի հեղինակն էլ Լիոնել Մեսին է, ով ազգային հավաքականի կազմում առաջին անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել նաև Սոլդադոն (ի դեպ, նա ձեռքից բաց է թողել նաև չորրորդ գոլը խփելու ռեալ հնարավորությունը` չկարողանալով իրացնել տասնմեկմետրանոցը): Վենեսուելայի ընտրանու նկատմամբ Իսպանիան իր առավելությունը հաստատեց հինգ գնդակի տարբերությամբ` սեփական դարպասը պահելով «կողպած»:
Գրանդ հավաքականներից հանդիպումը հաղթանակով ավարտեց նաև Բրազիլիայի ընտրանին` 2:1 հաշվով առավելության հասնելով Բոսնիայի հավաքականի նկատմամբ:
Համաշխարհային ֆուտբոլի առաջատար հավաքականներից երկուսը` ՈՒրուգվայի ու Պորտուգալիայի ընտրանիները, հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին Ռումինիայի (1:1) ու Լեհաստանի (0:0) հավաքականների հետ:
Կայացած մյուս հանդիպումներից առանձնացնենք նաև Ռուսաստանի ընտրանու հաղթանակը Դանիայի (2:0), Սլովակիայինը` Թուրքիայի (2:1), Շվեդիայինը` Հորվաթիայի (3։1), Լեհաստանի պես Եվրոպայի առաջնությունը իր հարկի տակ ընդունող ՈՒկրաինայինը` Իսրայելի (3:2) նկատմամբ:
Մեր հարևան երկրներից սեփական հարկի տակ պարտություն կրեց Ադրբեջանի հավաքականը` 0:2 հաշվով զիջելով Պաղեստինի ընտրանուն:
Թերևս, բավարարվենք այսքանով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ