ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՄ ՉԻ ԼԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ»

«ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՄ ՉԻ ԼԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ»
02.11.2010 | 00:00

Մարզասերներն ուշադրությամբ հետևում էին օրերս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը: Ինչպես հայտնի է, այդ ստուգատեսում մեր երկիրը ներկայացնող «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը համապատասխանաբար զբաղեցրել էին 11-րդ և 3-րդ տեղերը: Գնահատականները տարբեր են: Մրցավայրում կատարված անդրկուլիսյան ուշագրավ իրադարձությունների, մերոնց մրցելույթների մասին խնդրեցինք պատմել «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ:
-Մրցավայրը մեր երկրի ներկայացուցիչների համար հաճելի հիշողությունների հետ էր կապված: Հինգ տարի առաջ Պլովդիվում Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել էին առաջին տեղը: Այն ժամանակ յուրաքանչյուր հավաքականի կազմում երկու խաղացող էր, բայց այժմ բոլոր խոշորամասշտաբ թիմային ստուգատեսներում կանանց թիմերը մրցում են չորս խաղատախտակների վրա: Ինչևէ, Հայաստանի շախմատիստուհիներն ուրախացան, երբ կազմակերպիչները չկարողացան նախապես պլանավորածը կատարել և մասնակիցներին տեղավորել հինգաստղանի «Նով օթել» հյուրանոցում: Խաղերն այդ հյուրանոցի դահլիճում էին կայանում: Պատճառն այն էր, որ հյուրանոցը զբաղեցրել էին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Մեր մարզուհիները սիրով իջևանեցին «Մարիցա» հյուրանոցում, որտեղ եղել էին 2005-ին: Նրանք մտածում էին, որ բախտը կրկին իրենց կուղեկցի, և ժամանակը ցույց տվեց, որ կանխազգացողությունները չէին խաբում: Ինչ վերաբերում է «Նով օթելը» պաշարած զինվորականներին, ապա Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը ստուգատեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց, որ ուրախ են, շախմատիստների անվտանգությունն այդպիսի իրավիճակում լիարժեք ապահովված է, քանի որ ՆԱՏՕ-ն է պաշտպանում նրանց: Եվ, ի նշան բարեկամական վերաբերմունքի, ամեն զինվորականի Իլյումժինովը մեկ շախմատ նվիրեց: Իսկ կատարված քայլի խորհրդանշական իմաստն այն էր, որ ամբողջ աշխարհում դադարեն հակամարտությունները, պատերազմների մասին այլևս չմտածեն և պայքարեն միայն շախմատի խաղատախտակների վրա:
-Հայաստանի ներկայացուցիչներին որևէ բան չի՞ խանգարել:
-Մինչ մրցաշարի մեկնարկը մեր պատվիրակությունն արտակարգ իրավիճակում էր հայտնվել: Բանն այն է, որ Հայաստանի հավաքական հրավիրված Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալին ուշանում էր, և եթե չհասցներ մինչև ստուգատեսի մեկնարկը հասնել մրցավայր, ապա Հայաստանի կանանց հավաքականին պարտություն կգրանցվեր, քանի որ պահեստային խաղացող չունեինք: Դրոնավալին Լոնդոն էր հասել մի փոքր ուշացումով, երբ արդեն մեկնել էր Բուլղարիա թռչող ինքնաթիռը: Միայն բանակցությունների, ունեցած անձնական կապերի միջոցով հնարավոր դարձավ, որ Հարիկան, նախ, ինքնաթիռով հասնի Բուխարեստ, ապա` մրցավայր: Եվ նա ներկայացավ միայն մրցումներից մի քանի ժամ առաջ: Լևոն Արոնյանին էլ հայտնել էին, որ Գերմանիայից Բուլղարիա մեկնելու համար նրան մուտքի վիզա անհրաժեշտ չէ, սակայն պարզվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ: Իսկ խնդիրը շուտափույթ լուծել էր պետք ոչ աշխատանքային` շաբաթ օրը: Թվում էր, թե անհնարին է որևէ բան անելը, սակայն Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցները, բացառության կարգով, ներկայացել էին աշխատավայր և կարգավորել խնդիրը, հակառակ պարագայում Արոնյանը կարող էր Պլովդիվ հասնել միայն 4-րդ տուրում:
-Համաձա՞յն եք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս անգամ անհաջող հանդես եկավ:
-Ամեն բան հարաբերական է: Ի դեպ, եթե մերոնք վերջին տուրում հաղթեին մրցակցին, ապա հնարավոր էր, որ նրանք նույնիսկ երկրորդ մրցանակակիր դառնային: Սակայն սպորտում ամեն բան հնարավոր է: Ի դեպ, մեր շախմատիստները վերջին շրջանում ակնառու հաջողություններ են ունեցել, ուժեղագույնն են ճանաչվել երկու օլիմպիադաներում, և, թերևս, դա է պատճառը, որ մարզասերների համար սովորական են դարձել հաղթանակները, և նրանք յուրաքանչյուր նոր մեկնարկից նույն բանն են սպասում: Բայց երբ հակառակորդները հզոր են, դա անելն այնքան էլ հեշտ չէ: Մեր թիմում կար միասնականություն, համախմբվածություն: Ընդ որում, մեր ընտրանին այս անգամ մրցավայր էր ներկայացել առանց դրսից անվանի շախմատիստներ հրավիրելու, այսինքն, ապավինել էինք միայն մեր ուժերին: Այս առումով «Միկան» առաջնությունում բացառություն էր: Բոլոր խաղացողները մինչև վերջ պայքարում էին, և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մրցամարտերը վերջինն էին ավարտվում: Սակայն այս անգամ մեդալ նվաճել չհաջողվեց, քանի որ կային նաև արժանի հակառակորդներ: Ընդ որում, ադրբեջանական «Սոկարը», որի վարկանիշը շատ բարձր` 2737 էր, նույնպես առանց մեդալի մնաց: Այդ թիմի կեսն արտասահմանից հրավիրված անվանի գրոսմայստերներ էին: Ի դեպ, աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովն ադրբեջանական թիմում հանդես էր գալիս որպես 6-րդ շախմատիստ: Ինչ վերաբերում է «Միկայի» խաղացողներին, ապա Եվրոպայի ակումբային առաջնությանը նախորդած շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն անցկացվել էր Խանտի Մանսիյսկում, պարզվել էր, որ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը լավ մարզավիճակում չեն: Պլովդիվում նրանք առանց սայթաքումների խաղացին, սակայն շատ միավորներ բերել թիմին չկարողացան: Իսկ Արման Փաշիկյանը փոփոխակի հաջողություններով հանդես եկավ: Թերևս, նրան խանգարեց հոգնածությունը, զգացվեց ֆիզիկական դիմացկունության պակասը: Այդ է պատճառը, որ սպասելի արդյունքը չարձանագրվեց: Այդուհանդերձ, մեր թիմի 5 շախմատիստներ բարելավեցին իրենց վարկանիշները: Իսկ ամենից տպավորիչը խաղաց Արոնյանը` 6 հնարավորից` 4,5 միավոր: Առաջին խաղատախտակի առջև հանդես եկողների պայքարում Արոնյանը գրավեց առաջին տեղը, և հայկական շախմատի տարեգրության մեջ առաջին անգամ վարկանիշով անցավ 2800-ի սահմանը: Իսկ Զավեն Անդրիասյանը 6-րդ խաղացողների մրցավեճում գրավեց 3-րդ տեղը: Այնպես որ, պետք է գոհ լինել մեր շախմատիստների մրցելույթներից:
-Այս անգամ իրար հետ չմրցեցին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Դա լա՞վ էր, թե՞ վատ:
-Չգիտեմ, թե որ կողմի համար էր վատ, բայց մերոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել շախմատի վերջին օլիմպիադայում կրած պարտության համար: Ի դեպ, մեծ մասը վստահ էր, որ «Միկան» և «Սոկարը» կխաղան իրար հետ, սակայն այդպիսի բան չեղավ։
-Իսկ ի՞նչ կասեք մեր շախմատիստուհիների մասին:
-Նրանք գերազանց խաղացին: Իսկ անհատական պայքարում թիմի անդամներից մրցանակակիր չդարձավ միայն առաջին խաղատախտակի առաջ հանդես եկող Էլինա Դանիելյանը: Նա տուժեց այն բանի համար, որ, թիմի շահերից ելնելով, հաճախակի ստիպված էր սրել պայքարը, իսկ համարձակ քայլերը, միայն հաղթելու համար խաղալը ոչ միշտ էին ցանկալի արդյունքի հանգեցնում: Ի դեպ, 2006-ին, երբ «Միկան» դարձել էր Եվրոպայի չեմպիոն, մեծ դեր էին ունեցել թիմում ընդգրկված վրացուհիներ Մայա Չիբուրդանիձեն և Նինո Խուրցիձեն: Սակայն այս անգամ թիմում խաղում էր միայն մեկ լեգեոնական` Դրոնավալին: Անհատական պայքարում երեք խաղատախտակների վրա մերոնք բարձր տեղերում հայտնվեցին: Լիլիթ Գալոյանն առաջինն էր 4-րդ խաղատախտակների առջև հանդես եկողների պայքարում, Դրոնավալին և Լիլիթ Մկրտչյան էլ 2-րդ և 3-րդ խաղատախտակների վրա երկրորդն էին:
-Մրցանակակիրների համար դրամական խրախուսանք սահմանվա՞ծ էր:
-Շախմատում դա ընդունված է, և այս ստուգատեսն էլ այդ առումով բացառություն չէր, թեև պարգևները մեծ չէին: Մասնավորապես, «Միկայի» կանանց հավաքականին, որպես բրոնզե մեդալակրի, հանձնվեց 1800 եվրո, իսկ տղամարդկանց պայքարում հաղթած ռուսական «Էկոնոմիստը» խոշոր գումար ստացավ` 10 հազար եվրո: Արոնյանն էլ, որպես ոսկե մեդալակիր, պարգևատրվեց 800 եվրոյով: Ընդ որում, մարզուհիների մրցաշարում առանձին խաղատախտակների վրա աչքի ընկնողներին ավելի փոքր չափերի պարգևներ բաժին հասան:
-Դժգոհության որևէ առիթ չկա՞ր:
-Կազմակերպիչների հրամցրած գրեթե բոլոր կերակրատեսակները հավի մսով էին, օրվա մեջ մեկ անգամ խաղացողները փորձում էին սնվել որևէ ռեստորանում:
-Առաջնության օրերին որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվե՞ց:
-Շախմատի Եվրոպայի միության ներկայացուցիչներն ուշագրավ առաջարկ արեցին, որպեսզի խաղան Հարավային Կովկասի և բալկանյան երկրների հավաքականները: Ի դեպ, երբ այդ մասին Արոնյանից տեսակետ հարցրին, նա ասաց, որ դեմ չի լինի գլխավորելու Հարավային Կովկասի հավաքականը: Իսկ այս առաջարկի նպատակն այն է, որ հակամարտության մեջ գտնվող երկրների շախմատիստները միասնական հավաքականներում ընդգրկվեն: Ինչպես հայտնի է, այդ առումով խնդիրներ կան հարավկովկասյան և բալկանյան երկրներում:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ