ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ԵՎ ԼՈՆԴՈՆԻՑ

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ԵՎ ԼՈՆԴՈՆԻՑ
04.06.2010 | 00:00

Ներկա աշխարհաքաղաքական կառուցվածքում Վրաստանի տեղն ու դերը մեծապես պայմանավորված են այն ճշգրտումներով, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների կովկասյան քաղաքականության մեջ։ Այդ խնդրի հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս նրանց դիրքորոշումներում շատ զուգադիպություններ կան, թեև դրանք կիրառելի կարելի է համարել միայն մերձավոր ապագայի համար, և շատ տարբերություններ կան, ուշադրության առնելով ապագայի միջնաժամկետ շրջանը։ Տվյալ պարագայում սխալ կլիներ պնդել, թե ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարածաշրջանային քաղաքականության նպատակներն ու ձևերը զուգադիպում են կամ սկսել են զուգադիպել։ ՈՒժի երկու համաշխարհային կենտրոններն ունեն տարբեր նպատակային խնդիրներ ու շահեր, և ենթադրել, թե նրանց նպատակները նույնն են, սխալ կլիներ։ Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այս տարածաշրջանում միայն երկու պետություն գործողությունների ինչ-ինչ հնարավորություններ ունի, միայն նրանք կարող են որոշակի նախաձեռնություններով հանդես գալ և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը` ելնելով իրենց պատկերացումներից։ Ո՛չ Եվրոպան, ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան ի վիճակի չեն տարածաշրջանի վրա որևէ էական ազդեցություն գործելու, միջպետական պայմանագրային դաշինքներ կազմելու կամ էլ հասնելու ամբողջ տարածաշրջանի վրա տարածվող ռազմավարական համաձայնությունների։
Ներկայումս Եվրոպայում փոքրիշատե բավարարված են նրանով, որ ԱՄՆ-ն այնքան էլ մեծ ակտիվություն հանդես չի բերում Կովկասում, ինչը եվրոպացիներին թույլ է տալիս ցույց չտալ իրենց պասիվությունը և լուրջ շահերի բացակայությունը։ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների միջև գոյություն ունեն խիստ պաշտոնական համաձայնություններ Կովկասի առնչությամբ և, առաջատար փորձագետների խոստովանությամբ, նախընթաց տարիներին արևմտյան ընկերակցությունում Կովկասի վերաբերյալ կուտակված զգալի քաղաքական նյութը, փաստորեն, անգործության է մատնվել։ Բայց անգամ այդ հետևությունները չեն կարող որոշիչ համարվել Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների քաղաքականությունը քննության առնելիս։ 2000-ականներին եվրոպական, այդ թվում` բրիտանական քաղաքական շրջանակները ջանում են վարել շատ թե քիչ ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ուստի ամերիկացիների ու եվրոպացիների միջև որոշակի մրցակցություն է ձևավորվել Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի առնչությամբ, որի շրջանակներում Կովկասը դիտարկվում է որպես ոչ թե ամենակարևոր, այլ առավել խնդրահարույց շրջան։ Եվրոպացիները, փաստորեն, այդպես էլ չեն կարողանում որևէ առարկայական նախաձեռնություն հանդես բերել Կովկասի առնչությամբ և պարզել են, որ իրենք Կովկասում քաղաքական ներկայություն կարող են ունենալ միայն Ռուսաստանի հետ համագործակցելով, նրան եվրոպական քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներում ներգրավելով։ Դա ներկայացվեց վրաց-ռուսական հակամարտության ժամանակ և դրանից հետո Նիկոլա Սարկոզիի ցուցաբերած ակտիվ քաղաքական կեցվածքով, երբ Եվրոպան ու Ռուսաստանը կարողացան, փաստորեն, առաջին անգամ ԱՄՆ-ին մասամբ դուրս մղել «կովկասյան գործընթացից»։ Եվրոպացիները կցանկանային սառեցնել կովկասյան թեման, այն հանել միջազգային հրատապ բանավեճի ցանկից, դրանով նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունն Արևելյան Եվրոպայում և այդ թեման արծարծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, երբ Եվրոպան կկարողանար ինքն անարգել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Եվրոպայի առաջատար պետություններից ոչ մեկը պատրաստ չէր և այժմ էլ պատրաստ չէ լրջորեն քննարկելու կովկասյան թեման, եվրոպական կազմակերպությունների համակարգն անկարողություն է դրսևորում այդ հարցում։ Անգամ այնպիսի ներդաշնակ ծրագիր, ինչպիսին «Արևելյան գործընկերությունն» է, պարունակում է եվրոպական տիպիկ աշխարհաքաղաքական մինիմալիզմ։ Եթե եվրոպացիներն ընդունակ լինեն անգամ նոր հավակնություններ ձեռք բերելու Կովկասի ու Արևելյան Եվրոպայի այլ տարածաշրջանների հանդեպ, ապա միայն այն դեպքում, եթե Ֆրանսիան ու Գերմանիան որոշեն տարածել իրենց (և ամենևին էլ` ո՛չ Եվրոպայի) ազդեցությունը Եվրոպայի արևելքի վրա։ Մեծ Բրիտանիան զգալիորեն կորցրել է հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ` ելնելով աշխարհատնտեսական նկատառումներից. պարզապես գլխավոր առաջադրանքները կատարված են։ Կովկասը դեռևս մնում է Մեծ Բրիտանիայի տեսադաշտում, բայց արդեն ընդհանուր աշխարհաքաղաքական նկատառումներով։ Մեծ Բրիտանիայի քաղաքականության շարժառիթները որոշ չափով կանխորոշել են նաև Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը։
ԱՄՆ-ի կովկասյան քաղաքականությունը ներկայումս պայմանավորված է այդ պետության համընդգրկուն առաջնային շահերով, և շահագրգռության այդ շրջանակում Կովկասը տեղ չունի։ Միշտ էլ լուրջ կասկածներ են եղել, որ Կովկասը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության «ինքնաբավ» նպատակը չէ, դեռ Ջորջ Բուշի կառավարման օրոք տեղի ունեցավ Կովկասի նշանակության որոշ արժեզրկում։ Հիմա ԱՄՆ-ը Կովկասին վերապահում է նախկին գործառույթները, որոնք երկուսն են. ռազմական տարանցում, նավթի, գազի արդյունահանում ու փոխադրում։ Մնացած բոլոր խնդիրներն առանձնապես կարևորություն չեն ներկայացնում։ Որոշակի փուլերում ԱՄՆ-ը փորձել է Կովկասի պետությունները դուրս բերել անվտանգություն սպառողի դերից և վերածել անվտանգություն ապահովողի։ Բայց դա չի հաջողվել, տարածաշրջանի երկրները, ընդ որում, բոլորը, խնդրել են իրենց մեծ նշանակություն չտալ, և այդ երկրները որպես ավելի լայն ռազմավարությունների ծավալման «հրապարակ» դիտարկելն անհնար է եղել։ Դրան զուգընթաց, քանի որ ԱՄՆ-ը սկսել է այլ տեսանկյունից դիտարկել կասպյան նավթի նշանակությունը, և անհարկի քաղաքականացված Բաքու-Ջեյհան նավթամուղը դադարել է ԱՄՆ-ի «օպերացիոն» համակարգի տարր լինելուց, իսկ ռազմական տարանցումն այլ երթուղիներ է գտել, ուստի Կովկասի այդ նախկին գործառույթները կորցրել են իրենց նշանակությունը։ Այն հարցը, թե ի՞նչ իրավիճակում` կայունացմա՞ն, թե՞ առճակատման սաստկացման, կարող է Կովկասի դերն աճել, առայժմ խելքը գլխին պատասխան չունի։ Կովկասի դերի թուլացումն առայժմ կրում է ոչ թե աշխարհաքաղաքական, այլ, ավելի շուտ, իրավիճակային բնույթ, բայց այդ իրավիճակը կարող է ձեռք բերել նաև շարունակական բնույթ, ինչպես եղել է նախկին կայսրությունների օրոք` տասնամյակներ ի վեր։ Եվ հենց այդ հիմնարար հանգամանքն էլ դարձել է տարածաշրջանի պետությունների ներկա վիճակի ներքին ու արտաքին պատճառը։
Եթե դիտարկելու լինենք Վրաստանի ներկա վիճակը, ապա այն հեռու է նախանձելի լինելուց, և երկիրը, ձեռքը մեկնած, փորձում է հասկանալ, թե ինչ է լսելու Վաշինգտոնից. ձևական հաճոյախոսություննե՞ր, թե՞ ԱՄՆ-ի իրական քաղաքականությունից բխող անսեթևեթ խոսք։ Ադրբեջանը, հնարավոր է, հասկացել է, որ ԱՄՆ-ը գտել է առիթը` անտեսելու իր դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ և հնարավորություն է ընձեռում ինքնուրույն պարզելու հարաբերությունները Հայաստանի հետ` պատերազմը բացառելու պայմանով։ Աբխազիային և Հարավային Օսիային հնարավորություն է տրվում ամրապնդելու իրենց պետականությունը` ուժի բոլոր համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոնների կողմից Վրաստանի շահերի իրական անտեսման պայմաններում։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց հերթին չեն գիտակցում այն առավելությունները, որ ստացել են ԱՄՆ-ի քաղաքականության շնորհիվ և շարունակում են զբաղվել մանր «բզբզոցով», փոխանակ ընդունելու այն մարտահրավերը, որը կոչվում է Թուրքիայի նկրտումների զսպման ամերիկյան ռազմավարություն։ Անտարակույս, կարելի կլինի արձանագրել, որ տվյալ պայմաններում Հայաստանը նկատելիորեն շահած է դուրս գալիս, և, շնորհիվ ԱՄՆ-ի, ձեռք է բերում ավելի ծանրակշիռ դեր տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների զսպման որոշ գործառույթ։ Բայց խնդիրն այժմ ոչ թե արտաքին գործոններն են, այլ բուն Հայաստանի քաղաքականությունը, որն առաջնորդվում է միանգամայն այլ տրամաբանությամբ։ Ադրբեջանին սպասում է «նավթի տակառի» իր գործառույթը շարունակելու և հաջողությամբ ավարտելու հեռանկարը` արևմտյան ընկերակցության ամեն կարգի շողոմությունների ուղեկցությամբ, բայց դրանով էլ նավթաերազանքի պատմությունը կավարտվի։
Ներկայումս Արևմուտքի ու Ռուսաստանի փորձագիտական ընկերակցությունը, բառացիորեն մազոխիստական եղանակով, հետևում է «վրացական փորձի» տխուր հետևանքներին` ոչ մի շանս չթողնելով բուն Վրաստանին և, առավել ևս, Սաակաշվիլուն։ Եթե անգամ եղել են որոշ, թեկուզ և «լուսանցքային», արտաքին գործոններ, որոնք Սաակաշվիլուն կարող էին դրդել ռազմական գործողությունների, ոչ ոք, անգամ այդ քաղաքականության հակառակորդները, չեն փորձում մեղքը բարդել որևէ մեկի վրա, բացի Սաակաշվիլուց։ Վրաստանի ներկա նախագահը կա՛մ դիտմամբ, կա՛մ թյուրիմացաբար Վաշինգտոնի տարբեր, ոչինչ չնշանակող խոսքերն ընկալում է որպես կարևոր, սկզբունքային բան և փորձում է ընթանալ շատ պետությունների ճանապարհով, որոնք ժամանակին եղել են ԱՄՆ-ի պահանջարկ վայելող դաշնակիցը, իսկ հետո, ոչ իրենց մեղքով, դադարել են այդպիսին լինելուց։ Ատոմային գագաթաժողովի առթիվ Սաակաշվիլու Վաշինգտոն կատարած այցը ցուցադրեց «ռազմավարական համագործակցություն» ասվածի ամբողջ անհեթեթությունը։ Վրաստանը շարունակում է սպառազինություն և ֆինանսական օգնություն ստանալ Վաշինգտոնից, բայց դա, ինչպես ասում են, տեղի է ունենում «անցումային փուլի» շրջանակներում, հաշվի առնելով այն, թե ապագայում ով է լինելու վրացական իշխանության ղեկի մոտ։ Ամերիկյան փորձագետներն ասում են, թե Արևմուտքի ոչ մի մայրաքաղաքում չեն պատկերացնում նախագահական ժամկետը լրանալուց հետո կրկին պաշտոնավարելու Սաակաշվիլու հնարավորությունը, նրա գործունեության ներկա փուլը լիովին համապատասխանում է Կովկասում ԱՄՆ-ի հետապնդած խնդիրներին, ավելի ճիշտ` խնդիրների բացակայությանը։ ԱՄՆ-ն ունի որոշակի արտաքին քաղաքական առաջնահերթություններ` Աֆղանստանն ու Չինաստանը, մոլորակի այլ կետեր, և մտադիր չէ դես ու դեն խփվել ու տարանցիկ պետությունների պատճառով ավելացնել գլխացավանքների շարքը։ Սաակաշվիլին ճիշտ է գնահատել իրավիճակը Վաշինգտոնում և որոշել, որ Վրաստանը կամ, ավելի ճիշտ, ինքը լոբբինգի, այսինքն` բարեխոսության, կարիք ունի։ Հարց է ծագում. ինչո՞ւ է երկրի շահերի օգտին բարեխոսման կարիք առաջացել, երբ այն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում է։ Եվ առհասարակ, ի՞նչ կարող է տալ բարեխոսությունը տվյալ պարագայում, եթե Վրաստանի շահերն ու պահանջները շատ լավ հասկանալի են, հայտնի են և ուսումնասիրվել են ԱՄՆ-ի նպատակների ու խնդիրների հայեցակետից։ Վրաստանը չունի ազատության ոչ մի աստիճան, քաղաքական ուժերի և քաղաքական խնդիրների սահմանման հնարավորություն։ Վրաստանի վիճակը չափազանց որոշակի է ու փոխպայմանավորված, փոխել ԱՄՆ-ի վերաբերմունքը Վրաստանի հանդեպ` կնշանակեր փոփոխություն մտցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարության ու առաջնահերթությունների մեջ։ Մնում է միայն գիտակցել, որ Վրաստանում լոբբինգը ոչ այլ ինչ է, եթե ոչ փողերի լվացման եղանակ։ Դա էլ է հայտնի եղանակ համաշխարհային քաղաքական ու տնտեսական լոբբինգում։
Դրա հետ մեկտեղ, բացի աշխարհաքաղաքական ընդհանուր առաջնայնություններից, որոնցով պայմանավորված է աշխարհում Կովկասի ու Վրաստանի դերի ճշգրտումը, կան մի շարք հանգամանքներ, որոնք թեև խճճել են իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, իրենց կարևոր տեղն ունեն տարածաշրջանային զարգացումներում։ Ամերիկացիներին ոչ այնքան, բայց ընդհանուր առմամբ ձեռք է տալիս Վրաստանի նախագահի պոստում Սաակաշվիլու ներկայությունը, ինչը բացառում է անակնկալներն արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով։ Ձեռնտու է երկրի ներսում ոչ կայուն, բայց համեմատաբար կառավարելի իրավիճակը, ինչպես նաև երկրի կառավարելիությունը դրսից։ Ներկա իրավիճակն ԱՄՆ-ին ազատում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստյան որևէ պատասխանատվությունից և դրանով իսկ փակում բանավեճը գոնե ժամանակավորապես, բացառում է անկայուն իրավիճակը նավթամուղների ու գազամուղների ուղեգծերում, քանի որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել տնտեսական ու ռազմական հաղորդակցության ուղիների ոլորտում և ինքն էլ շահագրգռված չէ ԱՄՆ-ի համար այդ կարևոր ուղիներին վնաս հասցնելու հարցում։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանավիճային փուլ մտան, երբ առաջ եկան կրիտիկական թվով գործոններ, որոնք թույլ են տալիս, ելնելով մի շարք խնդիրներից, ռուս-ամերիկյան դաշինքի ձևավորման հույսեր փայփայել։ Ամերիկացիները խիստ կասկածանքով են վերաբերվում ռուս-չինական դաշինքի զարգացման հեռանկարին և հույս ունեն Ռուսաստանին մասնակից դարձնել իրենց ռազմավարական պլաններին։ Ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ը պատրաստ է վճարելու Ռուսաստանին, պատրաստ է զիջումներ անելու, որոնք ոչինչ չարժեն նրա համար, էական ոչինչ չեն պարունակում Օբամայի վարչակազմի համար։ Ամերիկացիները կարծում են նաև, որ Ռուսաստանի հասցեին իսլամական պետությունների հարձակումներն ավարտված չեն, ավելին, դրանք նոր-նոր են ծավալվում, և Ռուսաստանն օգնության կարիք կունենա անվտանգության շատ խնդիրներում։ ԱՄՆ-ը հետևում է, թե ինչպես է Ռուսաստանը մտնում քաղաքական ու աշխարհատնտեսական «դաշտ» և շատ հարմարավետ է զգում իրեն, ինչը չի կարող չանհանգստացնել ամերիկացիներին։ Ընդ որում, խնդիրներ են առաջանում Ռուսաստանի ազգային շահերի իմաստավորման առումով, բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ն ունի հսկայական քարոզչական ու հետախուզական հնարավորություններ` ազգային անվտանգության ոլորտում ընտրության ու կողմնորոշման նպատակով ռուս հասարակությանն ու վերնախավին ուղղորդելու համար։ Անվտանգության խնդիրների և դրանց լուծման առաջնայնությունների իմաստավորման համար Ռուսաստանին ուղղորդելու խնդիրը մնում է ամերիկյան քաղաքականության պահուստում։ Ոչ մի պետություն ի վիճակի չէ լուծելու նման խնդիր, բացի ԱՄՆ-ից։ Անգամ եթե տվյալ հեռանկարն իրացվի մասամբ, թեկուզ և միջազգային քաղաքականության մի քանի ուղղություններով, ապա Կովկասի ճակատագիրը կանխորոշված կլինի։ Դա կնշանակի, որ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իր նվազագույն, բայց պարտադիր դիրքերի պահպանման դեպքում Ռուսաստանը Կովկասում կմնա որպես գերիշխող ուժ։ Այս կապակցությամբ, վաղ թե ուշ Վաշինգտոնին պետք կլինի մշակել նոր քաղաքականություն, նոր մոտեցումներ մի շարք տարածաշրջանների հանդեպ, որոնք կարևոր «գոտիներ» են Եվրասիայում։ Այժմ, ի տարբերություն Կովկասի, Կենտրոնական Ասիան գուցե և ավելի կարևոր է շատ ավելի տևական հեռանկարի համար։ Բայց այս հանգամանքը ևս ճշգրտման կենթարկվի, ելնելով Չինաստանի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններից։ Հետաքրքիր է, որ այն նպատակները, որոնք առաջ կարևոր էին ԱՄՆ-ի համար` Ռուսաստանին զսպելու առումով, պահպանելով իրենց բովանդակությունը, դարձել են Չինաստանին զսպելու նպատակ, ինչպես, օրինակ, ածխաջրածինների կենտրոնասիական պաշարների հարցը։
Քաղաքականության պատմության մեջ հաճախ է պատահում, որ տևական բանավեճերից հետո ընդունվում է մի տարբերակ, որը վաղուց արդեն սովորական բան է, ոչ այնքան քննարկվող, սակայն որոշ ժամանակ անց այն ավելի ընդունելի է դառնում, քանի որ փոխզիջողական է։ Վրաստանի առնչությամբ որևէ առարկայական բանավեճ չկա, այն, ինչ տեղի է ունենում, անվերջանալի շատախոսություն է` Ռուսաստանին քննադատելու կամ ճնշելու առիթով, ինչն արդեն քչերին է հուզում։ ՈՒստի կարելի է ակնկալել, որ կգա ժամանակը և տարածաշրջանային խաղի երկու հիմնական մասնակիցները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, կհանգեն մեկ եզրակացության, որին կհամաձայնեն Վրաստանում, առնվազն, այն վրացական շրջանակները, որոնք պատկանում են քաղաքական և հասարակական առումով ակտիվ դասին։ Խոսքը, այս կամ այն ձևով, Վրաստանի չեզոքության մասին է։ Վրաստանը կստանա անվտանգության երաշխիքներ` իր ներկա փաստական սահմաններում։ Գործնականում Թբիլիսիի իրատեսների համար սա այսօր արդեն ընդունելի է դարձել։ Որոշ դիմադրություն, անշուշտ, կարող է լինել, բայց դա էլ հաղթահարելի է։ Պե՞տք էր, արդյոք, պատմական բեկման կամ է՛լ ավելի աննախանձելի փուլում գտնվող վրաց ժողովրդին ինքնահաստատման ներքին պայքարի այդ երկարամյա վազքը, եթե արդյունքում Վրաստանին սպասում էր չեզոք երկրի հարմար ապագա` հարևանների հետ խնդիրներից զերծ, իր ներկա քիչ թե շատ բնական սահմաններում պարփակված։ Իսկ եթե Վրաստանն իրացնի նաև իր «ազգային փաթեթի» երկրորդ նախագիծը, որ հուշել են դրսից, այսինքն` դաշնայնացումը, ապա իսկական անհոգ կյանքն ապահովված է։
Իրական խնդիրն այն է, որ Վաշինգտոնը կարիք ունի ինչ-որ նոր բանի, որը մինչ այս գործնական կիրառություն չի ունեցել, համենայն դեպս` Կովկասում։ Նախ, ամերիկացի փորձագետների խոստովանությամբ, Կովկասը մնացել է առանց հովանավորի, և Վաշինգտոնն առայժմ դժվարանում է հովանավոր «գտնել»։ Պետական դեպարտամենտի տարբեր պաշտոնատար անձինք ընդունակ չեն հանդես գալու այդ դերում, նավթային ընկերությունները նույնպես կորցրել են հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ և հանդես չեն գալիս որպես տարածաշրջանի հովանավոր։ Երկրորդ խնդիրը «տեղերից բխող նախաձեռնություններին» անցնելն է, այսինքն, Կովկասի երկրների շահագրգիռ խմբավորումներն ու պաշտոնական կառույցները պետք է իրենց մեջ պատրաստակամություն գտնեն ինքնուրույն մշակելու և առաջարկելու նախագծեր` սեփական լուծումներով։ Հավանաբար, դա ամենահարմար բանն է, որ կարող է առաջարկել Վաշինգտոնը, և հնարավոր է, որ բարյացակամ և ավելի նախընտրելի պայմաններում կհայտնվեն նրանք, ովքեր կառաջարկեն ավելի արդյունավետ և տարածաշրջանային խաղի համար ընդունելի լուծումներ։ Այս երկու հանգամանքներն էլ հենց այն նորն են, որ բնորոշում են ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում։ Ամենայն հավանականությամբ, Վրաստանը չի դառնա այդ առաջարկությունների նախաձեռնողը։ Այս պայմաններում Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները` ինչ-ինչ առաջարկություններ ներկայացնելու որպես իր սեփականը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ