ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՊԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԱՊԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
24.09.2010 | 00:00

2010 թ. օգոստոսին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթաժողովը ցույց տվեց առկա խնդիրներ լուծելու և նոր լուծումներ մշակելու նրա անընդունակությունը:
Հետխորհրդային տարածքը կարիք ուներ քաղաքական կազմակերպության, ինչը և դարձավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, Եվրասիական տնտեսական և մաքսային միության ստեղծման գործոն։ Դրա հետ մեկտեղ փորձ էր արվում իրագործել ՎՈՒԱՄ-ի գաղափարը` որպես եվրասիական քաղաքական և պաշտպանական կառույցների այլընտրանք։ Ոչ միայն Ռուսաստանն ու նրա գործընկերները, այլև ուժի արևմտյան կենտրոնները հասկանում էին, որ անհրաժեշտ է արագորեն կազմակերպական կառույցներ ստեղծել Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ Հետկոմունիստական տարածքի պետություններից ոչ մեկն ընդունակ չէր ինքնաբավ գործելու տնտեսության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Շատ շուտով այդ տարածքը բաժանվեց պետությունների երկու տարբեր դաշինքների` ատլանտամետի և եվրասիամետի։ Ընդ որում, եվրասիամետ դաշինքի պետություններից ոչ մեկը, ներառյալ Ռուսաստանն ու Բելառուսը, Արևմուտքից հեռու չէին քաշվում, չէին փորձում քաղաքական բանավեճի, առավել ևս` առճակատման մեջ մտնել եվրասիական և ատլանտյան կառույցների հետ։ Ընդհակառակը, Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական գործընկեր դարձած պետությունները բավականին ակտիվորեն համագործակցում են Արևմուտքի հետ, հաճույքով օգտվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների առավելություններից, ԱՄՆ-ի և Եվրամիության օգնությունից ու աջակցությունից։ Այդ պետություններից մի քանիսը, նախ և առաջ Ղազախստանն ու Հայաստանը, որոնք ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի հետևողական գործընկերներն են, հարաճուն ընդգրկմամբ համագործակցում են ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ` պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Նախկին խորհրդային տարածքում պաշտպանական և տնտեսական կառույցները ստեղծվել են ոչ ի հակակշիռ Արևմուտքի։ Արևմուտքը պատշաճ նախաձեռնություններ չի առաջարկել անգամ Արևելյան Եվրոպայի պետություններին, որոնք արդեն անդամակցել են ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, էլ չենք խոսում Եվրասիայի երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների մասին։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի պետությունների պաշտպանական համագործակցության ձևաչափը շատ սահմանափակ է, առայժմ հանգում է ՆԱՏՕ-ի ծրագրերին` և՛ ավիաբազաների, և՛ հետևման բազաների գործառությանը։ Ընդհանուր առմամբ, այդ պետությունների պաշտպանական գործառույթներն ու խնդիրները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմավարական շահերի հունում հանգեցվում են «պահպանական» հարցերին, այսինքն` էներգետիկ հաղորդուղիների պաշտպանությանը, ռազմական տարանցման ապահովմանը։ Իհարկե, այս ամենն այնքան էլ քիչ չէ, բայց երկրներում մեծանում է այն բանի ըմբռնումը, որ տվյալ գործառույթները կոչված են ապահովելու որոշակի օբյեկտների ու խնդիրների, բայց ամենևին ոչ տարածաշրջանի երկրների անվտանգությունը։ Անկախ այն բանից, թե ուր են կողմնորոշված այդ պետությունները` ՆԱՏՕ, թե ռուսամետ ռազմաքաղաքական դաշինք, նրանք բոլորը հիմնարար սպառնալիքներ են զգում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Առաջավոր և Արևելյան Ասիայի խոշոր պետությունների` Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի և Չինաստանի կողմից։ Համապարփակ առումով, օբյեկտիվորեն մի հսկայական լուսանցքային, բուֆերային գոտի է ձևավորվել եվրատլանտյան դաշինքի և Ասիայի միջև, ուր գերիշխում են այդ խոշոր պետությունները։ ԱՄՆ-ն ակտիվորեն և բավականաչափ խոր ներթափանցել է Եվրասիա` այստեղ ստեղծելով իր բազավորման համակարգը, բայց տարածաշրջանի պետությունների մեծ մասը նախընտրում է, համագործակցելով Արևմուտքի հետ, ռազմական դաշինքի մեջ գտնվել Ռուսաստանի հետ։
Ռուսաստանը քննարկում և աշխատում է իրապես ձևակերպել սեփական ռազմավարական շահերի գոտում իր առավել ազդեցության պայմանները, որի մեջ «մտնում են» նախկին խորհրդային հանրապետությունները, երևի կներառվեն նաև բալթյան երկրները։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե երկրի արտաքին քաղաքականության մեջ առաջնային նշանակություն ունեն նախկին խորհրդային հանրապետությունները։ Դրա պատճառն ամենևին էլ «զուտ» պատվախնդրությունը չէ, այլ անվտանգության նկատառումներն ու տնտեսական նպատակահարմարությունը։ Ռուսաստանը, ոգևորված վերջին տարիներին էներգապաշարների բարձր գներով, փորձում էր իր ազդեցությունը հաստատել այնպիսի հեռավոր տարածաշրջաններում, ինչպիսիք են Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և այլն։ Բայց դա անհնարին եղավ ոչ միայն հուսալի տնտեսական և տեխնիկատեխնոլոգիական հիմքի բացակայության, այլև հարևան երկրներում ու տարածաշրջաններում ամուր դիրքեր չունենալու պատճառով։ Նման դիրքեր չկան ոչ միայն անմիջականորեն այդ երկրներում, այլև առանձին տարածաշրջաններում, նախ և առաջ Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի շրջաններում։ Չլուծված է մնում Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական հարցը` ազդեցությունն ու ռազմաքաղաքական ներկայությունն ՈՒկրաինայում։
Երկար ժամանակ, պատշաճորեն չընդունվելով «եվրոպական մեծ ակումբ», և ԱՄՆ-ի հետ սուր առճակատման ու, փաստորեն, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բացակայության պայմաններում, Ռուսաստանը, չցանկանալով սկզբունքային զիջումներ կատարել Արևմուտքին, ավելի ճիշտ` Եվրոպական ընկերակցությանը, ձգտում էր այդ բացերը լրացնել Ասիայի առաջատար պետությունների հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատմամբ։ Սակայն վերջիններս չափազանց շատ բան էին պահանջում Ռուսաստանից, մասնավորապես Արևմուտքի հետ քաղաքականության կառուցման գործում իրենց հետ համերաշխվելու իմաստով, ինչը բնավ ձեռնտու չէր Ռուսաստանին։ Ռուսաստանի ժամանակակից քաղաքական, տնտեսական ու մշակութային վերնախավն իր երկիրը համարում է Եվրոպական ընկերակցության ու քաղաքակրթության մաս, ձգտում է դավանել լիբերալ-ժողովրդավարական արժեքներ։ Մեծ հաշվով, հերթով չստացվեցին հարաբերությունները ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի հետ, որից ելնելով էլ Ռուսաստանն ընտրեց առավել պատվաբեր քաղաքական ուղի և ցույց տվեց, ավելի ճիշտ, ակնարկներ անելով զիջումների պատրաստակամության վերաբերյալ, նախընտրեց վերադառնալ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ավանդական հուն։ Եվրոպական պետությունների գերակշիռ մասը, հետևելով Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության տրամաբանությանը, առանց որևէ առանձնակի առարկության, պատրաստակամություն հայտնեց արագացնելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունն ամենևին էլ չեն հրաժարվել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ավանդական ուղղություններից, բայց հիմա նախընտրում են այդ մոտեցումներն օգտագործել երկխոսության ձևով։ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններում ռազմավարական նշանակություն ունեն հետևյալ ուղղությունները. ՌՀՍ-1-ի վերաբերյալ պայմանավորվածությունների վերջնական կնքումը, ԵՍԶՈՒՊ-ի վերաբերյալ պայմանավորվածության որոշակիացումը, ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտու, կազմի ու գործառույթների պարզումը, Իրանի միջուկային ծրագրի և այս կապակցությամբ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի զարգացման խնդիրը, եվրոպական էներգետիկ խարտիայի վերաբերյալ միջազգային պայմանավորվածությունները, կամ գոնե շրջանակներն ու բովանդակությունը, Ռուսաստանի կողմից Եվրոպային բնական գազի մատակարարման կանոնները, Եվրոպայի անվտանգության նոր ուրվագծի ձևավորումը ԵԱՀԿ ճգնաժամի պայմաններում։ Խնդիրները ծայրաստիճան բարդ են, միաժամանակ նաև` հակասական, ինչը, հնարավոր է, Ռուսաստանին թույլ կտա խուսավարել ուժի միջազգային առաջատար կենտրոնների` ԱՄՆ-ի, Եվրամիության և Չինաստանի միջև, քանի որ առանց վերջինիս անհնար է պատկերացնել համաշխարհային քաղաքականության ծավալումը։
Այս խնդիրների հաջող լուծման համար Ռուսաստանին պետք են հուսալի հարաբերություններ Եվրասիայում, նախ` Չինաստանի հետ, որոնք ձևավորվում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում և դրանցից դուրս։ Ներկա չին-ռուսական դաշինքը շատ պատկառազդու, բայց ոչ լիարժեք ձևավորված ուժ է, որը և՛ ամերիկացիները, և՛ եվրոպացիները հակված են համարելու արտաքին մարտահրավերներից խույս տալու փորձ, սակայն Ռուսաստանի ու Չինաստանի համար ավանդական ալիքաձև, ոչ այնքան հաստատուն հարաբերությունների արտացոլում։ Ամերիկացիները ՇՀԿ-ն համարում են ավելի շուտ վերացական, քան իրական դաշինք, թեև այն ունի զարգացման ավելի ու ավելի մեծ հնարավորություն։ Ամերիկա-հնդկական դաշինքի արագ կազմավորման պայմաններում, որն առաջին հերթին դիմակայում է չինական ճնշմանը, Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստ են ավելի եռանդագին զարգացնելու հարաբերությունները, ներառյալ պաշտպանական համագործակցությունը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, թե ԱՄՆ-ը և Չինաստանը որքան փոխկապակցված են, և այդ հանգամանքին զուգընթաց Աֆղանստանի խնդիրը կարող է փոխզիջումների առանցքային ասպարեզ դառնալ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև։ Միաժամանակ, առայժմ ԱՊՀ շրջանակներից դուրս ոչ մի դաշինք կամ գործընկերություն չի կարող արտաքին քաղաքականության իրականացման գործում հուսալի պատվար դառնալ Ռուսաստանի համար։

ՀԱՊԿ-ի կազմավորումը տեղի է ունեցել և շարունակվում է քաղաքական և աշխարհաքաղաքական բնական շրջանակներում, երբ իրական և լուրջ արտաքին սպառնալիքներ ունեցող պետությունները նախընտրել են պարտավորեցնող հարաբերությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ, քան երկար ժամանակ գտնվել մեծ անորոշության վիճակում, սպասելով քիչ հավանական անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՈՒկրաինայի և Վրաստանի օրինակը, որոնք, ընտրելով առճակատման ուղին, հայտնվեցին խիստ խոցելի վիճակում, ՀԱՊԿ-ի անդամ պետություններին էլ ավելի համոզեց, որ իրենց անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ընթանալ ավելի իրատեսական ուղիով։ ՀԱՊԿ-ն առայժմ շարունակում է մնալ որպես անվտանգության միակ պաշտպանական համակարգը Եվրասիայում, ու դեռևս ոչ մի այլընտրանք չկա։ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը չունեն անվտանգության մեկ այլ իրական «բևեռ»` չինական ու թուրքական սպառնալիքի դեմ հանդիման։ Բելառուսը գտնվում է ավելի նպաստավոր վիճակում, առաջնորդվում է անվտանգության համակարգի կառուցման այլ տրամաբանությամբ և սխեմայով, բայց այդ երկիրն էլ է սպառնալիքներ զգում, ճիշտ է, միանգամայն այլ բնույթի, Արևմուտքի կողմից, ինչպես թվում է բելառուսական վերնախավին։
Դրան զուգընթաց, ՀԱՊԿ-ն այնպիսի պետությունների դաշինք է, որոնք միմյանցից խիստ տարբերվում են մշակութային-պատմական պատկանելությամբ, պետական հաստատությունների ու գաղափարական առաջնայնությունների ձևավորման բնույթով ու միտումներով, արտաքին ու ներքին սպառնալիքների ընկալումով, միմյանց միջև և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններով։ Արևմտյան փորձագետները միանգամայն արդարացիորեն նշում են ՀԱՊԿ-ի հայեցակարգային անավարտությունն ու անլիարժեքությունը որպես քաղաքական կամ ռազմաքաղաքական դաշինքի։ Մինչև հիմա լիովին հասկանալի չեն ՀԱՊԿ-ի կազմավորման սկզբունքները, այդ թվում հիմնական` փոխօգնության սկզբունքը, և թե կոնկրետ ինչ պայմաններում այն կկիրառվի։ ՀԱՊԿ-ի անդամ մի շարք պետություններ բավականին ակտիվորեն զենք են մատակարարում, փաստորեն, դաշինքի անդամներից մեկի հետ պատերազմի մեջ գտնվող պետություններին։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Ադրբեջանին, որը սպառազինություններ է ստանում ՀԱՊԿ-ի որոշ երկրներից։ Ռուսաստանն ու Հայաստանը, այդ թեմայով բանախոսության պայմաններում, ձգտում են համակարգել և «խմբագրել» այս հարցերը։ ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում բավականին քննադատաբար են հետևում այդ եվրասիական ռազմական դաշինքի կազմավորմանը և հույս ունեն, որ այն դեռևս ձևավորման փուլում է, և նրա կազմավորման աշխատանքը չի ավարտվի։ Այնուամենայնիվ, այդ հույսերն ավելի ու ավելի են նվազում, և առաջատար քաղաքագետների ու փորձագետների նյարդայնությունը, հատկապես ԱՄՆ-ում, ավելի նկատելի է դառնում։ Վերջերս այդ թեմայով հանդես եկավ Բրուքինգի ինստիտուտի ղեկավար Մադլեն Օլբրայթը, որը նշում է, որ ՀԱՊԿ-ն առաջվա նման չունի ավարտուն դոկտրին ու հայեցակարգ` ներառելով ոչ միայն հակասական ռազմավարական մոտեցումներ, այլև իր կազմում ունենալով հակասական նպատակներ հետապնդող պետություններ։ Ըստ երևույթին, ՀԱՊԿ-ի արագ վերանալու մասին տևական մտորումներից հետո, ինչը պետք է տեղի ունենար ԱՊՀ-ի նմանությամբ, ԱՄՆ-ում բանավեճ սկսվեց ՀԱՊԿ-ը կազմալուծելու կամ առնվազն այն իրական հեռանկարից զուրկ ձևական միավորման վերածելու մեթոդների ու մոտեցումների ընտրության առթիվ։ Կասկածներ չի հարուցում այն, որ արդեն պայքար է ծավալվել ՈՒզբեկստանի վրա ներգործելու համար, նպատակ ունենալով թույլ չտալ, որ նա «վերադառնա» ՀԱՊԿ։ Կասկածելի, համենայն դեպս, ոչ այնքան մեծ հաջողությունները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման գործում և ԱՄՆ-ի քաղաքականության եվրասիական ուղղությունում տեղի ունեցած մյուս ձախողումները հանգեցրել են ՀԱՊԿ-ի հանդեպ քաղաքականության կոշտացմանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենի վերջերս ունեցած ելույթում նշված է, որ Ատլանտյան ընկերակցությունը ծայրաստիճան դժգոհ ու անհանգիստ է այն գործողությունների մասշտաբների ու բնույթի առթիվ, որ 2009 թ. աշնանը Բելառուսում անցկացրին Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը։ Քննադատությունն ահագնանում է և կարող է վերաբերել նաև Հայաստանի ու ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնասիական պետությունների պաշտպանունակության ուժեղացմանը։ Այդ փորձերը, իհարկե, կընդլայնվեն, ինչը կարող է հանգեցնել հարաբերությունների կտրուկ սրմանը տվյալ տարածաշրջանների շրջանակներում, ինչին կարող են ներգրավվել ոչ միայն Ռուսաստանն ու Բելառուսը, այլև Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Դա կարող է հակամարտային նոր պայմաններ ստեղծել այդ երկու տարածաշրջանների շրջանակներում, և արդեն առկա հակամարտությունները կարող են օրախնդիր լուծում պահանջել։ Այս վտանգավոր միտումը կպահանջի ներգրավել նոր քաղաքական ու ռազմական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ուժերի հավասարակշռության հնարավոր խախտումը հաղթահարելու, առկա պաշտպանական հաշվեկշռի խախտումները հաղթահարելու համար։ ՈՒստի Եվրասիայում անվտանգության ապահովման կարևոր խնդիրներից մեկը նոր պայմանավորվածություններն են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև` ՀԱՊԿ-ի զարգացման ձևաչափի կապակցությամբ։
Բայց քաղաքական ջանքերի հետ մեկտեղ, որոնք կոչված են հաղթահարելու ՀԱՊԿ-ի զարգացման հետ կապված առճակատումային հանգամանքները, հարկավոր է լուծել նաև այն հարցերը, որոնք դարձել են մասնակից պետությունների միջև փոխվստահության ու հարաբերությունների զարգացման սահմանափակիչներ։ Ընդ որում, պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է բացառել առավել կարևոր խափանումներն ու սկզբունքային սխալները։ Եվրասիայի տարածքում, ռազմավարական բնույթի հակասությունների պատճառով, չի կարող կազմավորվել ռազմական կամ ռազմաքաղաքական դաշինք, եթե այն տարածական առումով ներառում է նախկին խորհրդային տարածքի ամբողջ կամ գերակշիռ մասը։ Խորհրդային տարածքը ձևավորվել է ռուսական կայսրության ընդլայնման որոշակի պատմական ու քաղաքական պայմաններում, ու թեև այդ տարածությունը կազմակերպված էր ոչ պատահաբար, այլ շատ օրինաչափությունների բերումով, Եվրասիայում հաստատվել են նոր իրողություններ։ ՀԱՊԿ-ի համակարգաստեղծ պետությունը, այսինքն` Ռուսաստանը, պետք է այն հետևությանը հանգի, որ նախկին խորհրդային տարածքի տարբեր պետությունների հետ հարաբերություններում զուգակշռության նման քաղաքականության վարումը բավական վնասակար է ու անհնարին։ ՀԱՊԿ-ի «կենտրոնական» պետության քաղաքականությունը կառուցվում է զուգակշռության սկզբունքով։ Ռուսաստանը պետք է ունենա գործընկերային բնույթի սերտ, պայմանավորված հարաբերություններ պետությունների մի մասի հետ, որպեսզի ազդեցություն ունենա այդ պետությունների վրա։ «Ավստրո-Հունգարիայի» սկզբունքը միանգամայն կիրառելի է նաև եվրասիական տարածությունում։ Անգամ Խորհրդային Միությունն ի վիճակի չէր վարելու զուգակշիռների քաղաքականություն, որպես բազմակիրառելի մեթոդ, էլ չենք խոսում արդեն Ռուսաստանի մասին։ Ռուսական վերնախավի շատ ներկայացուցիչներ հասկանում են դա, բայց ժամանակակից ռուսական վերնախավի զգալի մասը չափազանց տնտեսականացել է և աշխատում է կիրառել «փորձված, պահպանողական» մոտեցումներ, որոնք դատապարտված են անհաջողության։ Այդուամենայնիվ, Ռուսաստանը ցույց է տվել զուգակշիռ քաղաքականություն վարելու իր ձգտումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների օրինակով։ Ռուսաստանը Հայաստանին թողնելով միայն խոստումներ սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, մտադիր է Ադրբեջանին մատակարարել Ս-300 ԶՀՀ, ձգտելով այդ զինատեսակը ներկայացնել որպես «պաշտպանական», Հայաստանի համար սպառնալիք չներկայացնող, ինչն ընկալվել է որպես բացահայտ ծաղր իր դաշնակցի հասցեին։ Դրան զուգընթաց ՀԱՊԿ-ը չկարողացավ անգամ համարժեք լուծումներ մշակել Ղրղզստանի իրադարձությունների առնչությամբ։ Հարկ է նշել, որ իր առավել հուսալի դաշնակցի` Հայաստանի հանդեպ Ռուսաստանի այն վերաբերմունքը, որ ռուսները նախընտրում են անվանել քաղաքականություն, անկասկած, կհանգեցնի նրան, որ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրները, հնարավոր է նաև այլ երկրներ, ընկալեն որպես իր դաշնակիցների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի «դասական մոդել»։ Հայ-ռուսական հարաբերությունների ձախողումը օրինակ կդառնա այլ երկրների համար, որոնք ընդգրկված են Ռուսաստանի հետ գործընկերային ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ։
ՀԱՊԿ-ը հետապնդում է նույն խնդիրները, որ առկա են արդի աշխարհի բոլոր դաշինքներում։ Դաշինքների մասնակիցները չեն ձգտում գործընկերների հետ կիսել դժվարություններն ու հակամարտությունները։ Նախկին խորհրդային տարածքը ռազմական դաշինքի հաջող գործունեության համար չափազանց կտրտված է, քաղաքակրթորեն խիստ մասնատված։ ՀԱՊԿ-ն ունի նույն դժվարությունները, ինչ և ՆԱՏՕ-ն, որը ենթակա է պառակտման ու վերահաս ճգնաժամի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ