ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ
30.07.2010 | 00:00

Երբ Ռ. Քոչարյանը վերջին անգամ փորձեց «թռչել Լուսին», դա նրա երրորդ թռիչքն էր դեպ այդ մոլորակ, ասել է` երբ ցանկացավ ներքաղաքական «փորոտիքի խառնշտորումով» քայլ անել և ստանալ վարչապետական աթոռ, շատ նեղ մի միջավայրում Սերժ Սարգսյանն ասաց. «Դա չի կարող լինել, որովհետև երբեք չի կարող լինել. նման պայմանավորվածություն չկա»:
Հարցնում եք` ո՞ւմ հետ: Ի՞նչ էական է: Չնայած ինքնին հասկանալի է նաև այդ աշխարհագրությունը: ա) Նույն Քոչարյանի հետ չկար «նման» պայմանավորվածություն: Չքննարկենք հարցը` ինչո՞ւ Քոչարյանն այդպես էլ երբևէ չբարձրաձայնեց իր բաղձալի ցանկությունը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ «մնացածների» մոտ: Այո, նա երբեք այդ մասին չխոստովանեց, այլ դիմեց շատ կոնկրետ, սակայն ցայս ոչինչ չարձանագրած քայլերի: Չբարձրաձայնելու պատճառներն էլ շատ էին. ահավոր հպարտ էր (չմոռանանք, որ դա ամենամեծ մեղքերից է, և Աստծո ամենասիրելի հրեշտակը հենց այդ մեղքի պատճառով ընկավ. ի դեպ, ինչ-որ պահի, երբ խոսվում էր նրա` Պնախարար դառնալու մասին, վերջինս իր ծուռ ժպիտով արձագանքել էր` Տիգրան Սարգսյանի կաբինետո՞ւմ): Ինչևէ:
բ) Գլոբալ կենտրոնների, առավել ստույգ` Հայաստանի և նրա «շուրջ» շահագրգիռ խաղացողների միջև նույնպես չկար «նման» պայմանավորվածություն: Դա էր պատճառը, որ Քոչարյանի երեք և դեռ սպասվելիք «պապիտկաները»` «դեպ Լուսին», պսակվեցին անհաջողությամբ:
Հիմա կհարցնեք` ամռան էս շոգին, երբ Քոչարյանը բավականին «կառուցողական» դիրքորոշման մեջ է և գոնե առերես չի զբաղվում քաղաքականությամբ, չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, ինչո՞ւ հանկարծ հիշեցինք նրան:
Պարզապես ուզում էինք ուրվագծել 2012-ի ընտրությունների քաղաքական քարտեզը: Իսկ այդ քարտեզը, գոնե այս պահին, ռելիեֆագրվելու է երեք խաղացողների` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քիմիական մատիտներով: Եվ անպայմանորեն` նաև ըստ պայմանավորվածությունների, ինչպես ցայս եղել է և դեռ կլինի, որ խաղը հիմնովին դուրս չգա լիարժեք վերահսկողությունից:
Իսկ ընդհանրապես, բավականին հետաքրքիր է դասավորվել պայմանավորվածությունների ինստիտուտի ճակատագիրը մեզանում: Թե ինչքան ուրույն պայմանավորվածությամբ 88-ից այս կողմ և հատկապես 90-ին տեղի ունեցավ թավշյա` հրապարակային, 98-ին (տասը տարվա սիմվոլը խնդրում ենք նկատեք. դա ցիկլ է, որով հայոց նոր պետականությունը ենթարկվում է տրանսֆորմացիաների) նույնպես թավշյա, բայց արդեն պալատական հեղաշրջում տեղի ունեցավ, իսկ 2008-ին արդեն, «թավշյա պայմանավորվածությամբ», արյուն հեղվեց մեզանում:
Հետաքրքիր է նաև, որ պայմանավորվածություններն աշխատել են բավականին ուրույն պարբերականությամբ և ամպլիտուդով: Կարեն Դեմիրճյանի հետ պայմանավորվածության մասին բոլորս գիտենք, այն հետևյալն էր. տասը տարի, քանի դեռ Տեր-Պետրոսյանն իշխանության է, ինքը «Հայէլեկտրոյից» դուրս չի գալու, չի զբաղվելու քաղաքականությամբ:
Ընդ որում, մի հետաքրքիր դրվագ էլ կա այս ամենում: Երբ Լևոնենք իշխանությունը հանձնում էին, պայմանավորվածություն կար Վանոյի (իմա` Լևոնի) և Վազգենի (իմա` Քոչարյանի) միջև` նախագահ կդառնա Գագիկ Հարությունյանը: Նրա հետ հանդիպել, խոսել էին: Բայց սա այն պայմանավորվածություններից էր, որ չաշխատեց. վերջին պահին Գագիկ Հարությունյանը հրաժարվեց (Վազգենն էր համոզել). այս ամենը ևս բոլորս լավ գիտենք, չարժե կրկին թարմացնել: Մի խոսքով, պայմանավորվածությունը պահած Կարեն Դեմիրճյանը վերադարձավ` նոր պայմանավորվածությամբ: Թե ինչ եղավ հետո, դա էլ բոլորս գիտենք:
Հաջորդական պայմանավորվածությունն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր, որ նա ևս տասը տարի չի խաղալու: Համենայն դեպս, այդպես ստացվեց: Ինքն ու Վազգենը մի շարք հարցերով էին պայմանավորվել. տղերքին ձեռ չեն տալիս (սա էր պատճառը, որ Քոչարյանն այդպես էլ չընդունեց «նախորդներին» քաղաքական-իրավաբանական հետևանքներով «ռեզոլյուցիայի» ենթարկելու բանաձևը, բավարարվեց նրանց բանավոր և վերջնական «սևացմամբ», ինչն անշուշտ Քոչարյանի սրտով չէր, բայց քանի որ պայմանավորվածությունը միայն ներքին չէր, դրսի շահագրգիռ խաղացողները ևս իրենց մատնակնիքն էին դրել այդ` «Ռիբենտրոպ-Մոլոտով» պակտի տակ, որը լրջորեն շարժվեց...
Ո՜չ, ո՛չ 41 թվին, այլ ուղիղ 99-ի հոկտեմբերի 27-ին, այնուհանդերձ, պայմանավորվածությունները հիմնականում պահվեցին): Պայմանավորվել էին, որ ՀՀՇ-ն չեն պառակտելու, չեն կիսելու, ինչպես հիմնարար կիսվեցին մնացած բոլոր կուսակցությունները` տիրվելու համար (չնայած «Արմատն» անջատվեց ՀՀՇ-ից): Ինչ վերաբերում է Վանոյի «շուրջ» պայմանավորվածությանը, ապա այսօր նույն «Արմատում» և ՀՀՇ-ում ամենատեղյակներն իսկ չգիտեն` ինչ էին, ի վերջո, պայմանավորվել նրա «շուրջ»: Այս առնչությամբ ևս հարցերը շատ են, բոլորը չէ, որ հիմա բարձրաձայնում ենք. ինչո՞ւ Վանոն ու Վազգենն ամենատուժածները դուրս եկան այս ամենից, ո՞վ «տվեց» Վանոյին, որքա՞ն էր նրա շուրջ պայմանավորվածության չափը, Վազգենը գնաց` դրա՞ համար Վանոն էլ գնաց, թե՞ էդպես էր պետք, կկանչի՞ Սերժը Վանոյին Հայաստան (ի դեպ, 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանը մտավ մեծ քաղաքականություն, լուրջ խոսակցություններ կային Սերժ Սարգսյանի միջավայրում, որ Սերժը ցանկանում է «վերադարձնել» Վանոյին` տարբեր նպատակներով. փաստն այն է, սակայն, որ առայսօր Վանոն «մանրամասն սիրվող» Հայաստան աշխարհի հետ հարաբերվում է «վիրտուալ» ձևով, նույնիսկ այլևս անչափ հետաքրքիր հոդվածները չկան, այլ «կոնյունկտուրային» նամակներ են` ուղղված ՀՀՇ-ին ու նրա չպառակտմանը): Ինչևէ:
Ասել, թե ինչ են պայմանավորվել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 2008-ին, փոքր-ինչ դժվար է, սակայն որ վարչապետ դառնալու հաշվով չեն պայմանավորվել, արդեն ասացինք: Դատելով Հովիկ Աբրահամյանի անհարկի ու մեծ, նաև մշտական աշխուժությունից, կարելի է կարծել, որ պայմանավորվել են (գոնե առերես), որ ինչպես Սերժն օգնեց` Քոչարյանը «երկու սրոկ նստի», այդպես էլ Քոչարյանը պետք է«թողնի», որ Սերժն այդքան «նստի» (դրա համար էլ Հովիկը մեկումեջ սոլո է պարում):
Հասանք 2012-ի խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ 2013-ին (չհաշված ֆորս-մաժորները) ինքնին ընտրություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունենալու ո՛չ միայն ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության բացակայության պատճառով, այլև խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ որոշած են լինելու նախագահականի ելքը: Ասել է` 2012-ի խորհրդարանական չընտրությունները խիստ առանցքային են լինելու երեք նախագահների համար էլ: Կա ևս մեկ կողմ այս մեծ խաղում: Դա ղարաբաղյան խնդիրն է: Այս «լուրջ» խաղացողի շուրջ է պտտվելու ամեն բան: Երեք նախագահների բոլոր հաշվարկներն էլ առնչվում են հենց այս «խաղացողին»: Այս «խաղացողի» լավն այն է, որ նա նախագահ չի ուզում դառնալ: Վարչապետ էլ: Իրենը ֆորս-մաժորն է, բայց մենք այսօր այդ «խաղը» չենք նայում:
Այսպիսով, բացի «Երբեք մի ասա` երբեք» դեպքից, պետք է արձանագրել, որ այլևս անհնար է թե՛ Քոչարյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի վերադարձը նախագահի «տեսքով»: Այդ իսկ պատճառով էլ հեռու գնալով կարող ենք մեզ թույլ տալ ասել, որ (կրկնում ենք` ֆորս-մաժորի «բացակությամբ» ենք նայում խնդիրը), ամենափայլուն խաղի դեպքում իսկ, երկու «էքսերն» ապագա պառլամենտում ներկայացված կլինեն ընդամենը հավուր պատշաճի և պարզապես «լավ տոնի» համար:
Ընդ որում, պատճառը ոչ այնքան Սերժ Սարգսյանի արդեն սկսած նախընտրական «քարոզչությունն ու նախապատրաստություններն» են, ի դեպ, ահավոր լայնամասշտաբ` «տելիկներ», կայքեր, քաղաքական ուժերի հանում-գումարումներ` ամենաֆանտաստիկ հավասարումներով... Դե, գնա ու գլուխ հանիր, թե հարգարժան հյուպատոս, դաշնակցական (մտածված չենք կիրառում «նախկին» բառը, որովհետև սույն պերսոնը, որպես «լավ հաշվետար», պետք էր եկել նույնիսկ ՀՀՇ-ի օրերին, նա Գերագույն խորհրդի մեկուճար ՀոՀիԴա (դա-դա-դա) պատգամավորն էր) Ռուբեն Հակոբյանը «ով է նա, ով է նա». այսօր բոլորս հարց ենք տալիս` ո՞ւմ կողմից է նա «ներդրված» «Ժառանգության» մեջ. ասում են` Քոչարյանի («ճշմարիտ` ճշմարի՞տ եք ասում»), մյուս կողմից էլ, գնա ու գլուխ հանիր` «յոթ երկրներին էլ ծանոթ» «Ժառանգությունը», եղբա՛յր, հիմա արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ:
Ասենք մեկ և վերջին անգամ. «Ժառանգության» ողջ հմայքը եղել և կա իր հենց այս` «անորսալի Ջո» բրենդի մեջ, երբ բոլորը գլուխ են պայթեցնում հասկանալու, թե «անգլիական լրտես» Զարուհին ինչեր է անում «Յուրոփներում», իմա` ԵԽԽՎ-ում, իսկ «ԿԳԲ»-ի հետ «կասկածյալ» «Մույսը» ինչեր է անում ՆԱՏՕ-ներում: Հա, ի դեպ, հարգարժան «ժառանգականները» ամեն Աստծո օր, ամեն ինձ տեսնելիս պահանջում են իրենց Վարդան Օսկանյանին. հիշենք` գրել էինք, որ չի բացառվում` կուսակցությունը «դրսի» և պարոն Քոչարյանի որոշմամբ ի պահ տրվի մեր վագրաթռիչ նախկին արտգործնախարարին. սևով սպիտակի վրա ևս մեկ անգամ բացատրում ենք մեզնից Օսկանյան «ուզող» մեր հարգարժան «ժառանգականներին»` բա Սերժ Սարգսյանը կթողնե՞ր, բա Սերժ Սարգսյանը որտե՞ղ էր, որ Վարդան Մինասիչը կարողանար «օկուպացնել» «Ժառանգությունը». այն «Ժառանգությունը», որի ներկայիս վարչության ղեկավարի նկատմամբ պարոն Ազատիչն այնքան «նյութեր» ունի, որ նման հարցերի վրա մաստեր-կլասներ սովորած սփյուռքն իսկ ափ ի բերան կմնա, և հետո` տես, թե ինչ կարգի գործունեությամբ է զբաղված հարգարժան ընդդիմադիր «Ժառանգությունը» պառլամենտում. նա բարձրացնում է այն բոլոր հարցերը, որոնք անչափ ձեռնտու են Սերժ Սարգսյանին. դա ԼՂ անկախության ճանաչման հարցն է, հայ-թուրքական արձանագրությունները ոչ ևս անելու և այդպես շարունակ:
Այս մեկ գիտաֆանտաստիկ-դիդակտիկ օրինակն էլ` ցուցանված «Ժառանգության» վրա, բավարար է հասկանալու, որ այլ ներքին խաղացողներ մեծ ամպլիտուդ չունեն ապագա խորհրդարանում «մասնակցական» ձայն ունենալու համար:
Ինչ վերաբերում է Քոչարյանի թիմ համարվող «մույսներին»` ԲՀԿ-ին (բայց, դե, ի՜նչ հետաքրքիր է ՆԱՏՕ-ի` սեպտեմբերին Հայաստանում սպասվելիք զորավարժությունների սցենարը. երկրաշարժ է տեղի ունենում Կոտայքի մարզում, ՆԱՏՕ-ի զորքերը գալիս են Կոտայք` Գյուլի «երեսը չտեսնել ուզող» Թուրքիայից, իրավիճակը փրկելու համար. տեսնես, ո՞ւմ մտքով է անցել հատկապես Կոտայքն ընտրել նման զորավարժությունների վայր. ժամանակ չունենք` զանգենք պարոն Ծառուկյանին, հետաքրքրվենք` ինչպե՞ս է վերաբերվում նա ՆԱՏՕ-ի այդ «երկրաշարժին»), հաջորդիվ` ՀոՀիԴա-ին, ապա սա արդեն առանձին խոսակցության թեմա է, պարզապես սկզբի համար ասենք, որ երկու քաղաքական ուժերն էլ չեն այրվում երկրորդ նախագահի խաղը պահելու կարոտից, նրանք լուծում են անչափ պրագմատիկ ու հասկանալի օրախնդիր հարց` հնարավորինս պահպանել իրենց քաղաքական կապիտալը, ոտնատեղը, բիզնեսը` իրենց հմայքներով հանդերձ:
Ինչքանո՞վ այդ հարցերում իշխանությունը կընդառաջի նրանց, ցույց կտա ժամանակը։ Սակայն էս գլխից ասենք` ո՛չ կթողնի ապրեն, ո՛չ էլ լրիվ կմեռցնի:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին և նրա կողմից ղեկավարվող քաղաքական ուժին, ապա մի քանի գործոններ հաստատապես նրա օգտին չեն աշխատի մինչև 2012-ը, և ՀԱԿ-ը ֆինիշ կհասնի կամ (կհասցվի) բավականին ռեսուրսաթափ: Ինքնին ՀՀՇ-ում տեղի ունեցողն արդեն դրա ազդանշանումն էր` անկախ ամեն ինչից: Երկրորդ լուրջ պատճառն էլ ակնհայտ դարձավ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, և ինչպես տեղեկացրեց ՀԱԿ-ի մեր նույն աղբյուրը` 2008-ին իրենք ունեին իշխանությունների (հասկանալի է, չէ՞, ո՛չ Սերժ Սարգսյանի) ստվերային աջակցությունը, իսկ ԲՀԿ-ն, որ արդեն Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գլուխ էր ջարդում, 2008-ի նախագահական ընտրություններին «աշխատում» էր այնքանով, որքանով...
Իսկ որ ամենաէականն է` Հայաստանյայց ընդդիմությունն այսօր չի վայելում գլոբալ խաղացողների, քաղաքական կենտրոնների աջակցությունը, որքան էլ ցավալի է, որքան էլ ամեն անգամ գնում է Մոսկվա, նստում այնտեղի օդանավակայանում ու սպասում, որ իր «Նվարդին» (իմա` արևմտյան արժեհամակարգին) դավաճանելու համար իրեն դյութի «օ՜ Շամիրամը». ասենք` պարոն Պուտինն ու նույնքան ֆանտաստիկ հնարավորությունների տեր պարոն Սեչինը:
Բանն այն է, որ գլոբալ խաղն ընդհանրապես է փոխվել, և այդ խաղում Հայաստանում «ատվիչա» է Սերժ Սարգսյանը։ Սա է պատճառը, որ, որպես այդպիսին, հանգամանալից ու լուրջ խաղ Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի մոտ չի ստացվում և դժվար էլ ստացվի։
Լավ է դա, թե ոչ, այս մասին արդեն արձակուրդներից հետո:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ