ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
30.07.2010 | 00:00

Բազմաթիվ գրքերում ու կինոնկարներում տաղանդավոր մարմնավորում ստացած խորհրդային հետախույզների ռոմանտիկ ու հերոսական կերպարով դաստիարակված սերնդի համար այս օրերին թափ առած «լրտեսական կարուսելը» թե՛ անհավանական է թվում, թե՛ մտացածին, թե՛ ամոթալի։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում. փուլ է գալիս հերթական քարոզչական ու հնարովի առասպելն աշխարհի լավագույն հետախուզության մասի՞ն։ Բայց չէ՞ որ ակնառու հետախուզական գործողություններ են իրականացվել թե՛ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, թե՛ միջուկային զենքի գաղտնիքներին առնչվող (Ռոզենբերգ ամուսինները միջուկային գաղտնիքներ էին վաճառել Խորհրդային Միությանը, և երկուսին էլ էլեկտրական աթոռին նստեցրին), թե՛ սառը պատերազմի անհանգիստ ժամանակներում։
Եղել են հռչակավոր և, իրոք, հերոսական անուններ` Կուզնեցով, Զորգե, Աբել, մեր հայրենակիցների ոչ քիչ անուններ` «աներևույթ ճակատի մարտիկներ»։ Իսկ հիմա՞ ինչ է։ Համաշխարհային տիրապետության հավակնող երկրի, և, որ մեզ համար ավելի կարևոր է, մեր «միակ պաշտպանի» կարևորագույն կառույցներից մեկի լիակատար անկում ու քայքայո՞ւմ։ Ահա արդեն փոխանակել են լրտեսներին, և Պուտինն էլ նրանց հետ հայրենասիրական երգեր է երգել, բոլոր հոռետեսները վերջնականապես համոզվել են, որ դա հերթական «սուտ հավարը» չէ, ոչ էլ «իմպերիալիստների նենգ ոտնձգություն»։ Իսկ հարցեր շատ կան։ Սա կարծես քիչ էր, մի նոր «լրտեսական աղմուկ» էլ է բարձրացել։
Երկրից բարձրտեխնոլոգիական զենք դուրս տանելու փորձի կասկածանքով Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Տեխասի նահանգի բնակչուհի Աննա Ֆերմանովան։ Ինչպես նախորդ պատմության մեջ, այստեղ էլ շատ անբացատրելի ու տարօրինակ բաներ կան։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության փաստաթղթերից երևում է, որ 24-ամյա Աննան ամերիկյան իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել է դեռ մարտին. Նյու Յորքի օդանավակայանում ուղեբեռի զննման ժամանակ աղջկա մոտ հայտնաբերվել և առգրավվել են բարձրտեխնոլոգիական նշանառու սարքեր, այդ թվում` նոր մշակում` գիշերային օպտիկական նշանոց։ Աղջկա հայտարարության համաձայն` սարքերը ձեռք է բերել ինտերնետի միջոցով և դրանք Մոսկվա էր տանելու ամուսնու համար, որը որսի սիրահար է։ Բոլոր սարքերը կտրականապես արգելված է դուրս բերել երկրից և վաճառել, իսկ դրանք ինտերնետով գնելու բացատրությունը և որպես «նվեր» տանելու հիմնավորումն առնվազն տարօրինակ են։ Սովորական մարդկանց համար անհասկանալի պատճառներով Ֆերմանովային բաց էին թողել, և նա թռել էր Մոսկվա։ Բայց ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո նրան ձերբակալել էին։ Եվ այստեղ նորից, ինչպես «տասնմեկ լրտեսների» գործում, նկատվում է հակատրամաբանական մի բան, որն առաջին հայացքից ակնհայտ է անգամ դետեկտիվների պարզ սիրահարների համար։ Ինչո՞ւ Աննային անմիջապես չէին ձերբակալել։ Ինչո՞ւ օդանավակայանում «ձախողվելուց» հետո նա վերադարձավ ԱՄՆ։ ՈՒրեմն կա՛մ նա հանգամանքների անմեղ զոհ է, կա՛մ էլ այս ամենն այլ պատճառներ է ունեցել և արդարացրել ռիսկը։ Շատ տարօրինակ են թվում նաև մամուլ թափանցած նրա կենսագրության փաստերը. լինելով ընդամենը դիմահարդար, նա կանոնավոր կերպով Մոսկվա է մեկնել անգլերեն դասավանդելու։ Ի՞նչ է, Ռուսաստանում ավելի որակյալ դասատու չկա՞ր։ Ծիծաղելի են թվում ռուսների այն հայտարարությունները, թե «երկրորդ Աննան» (հիշեցնենք` մինչ այդ ձերբակալվել էր Աննա Չապմանը) չի կարող ռուսական լրտես լինել, և նա Ռուսաստանի հետ կապված չէ. «Ծնվել է Լատվիայում և ԱՄՆ-ի քաղաքացի է»։ Բա ո՞ւր մնաց նրա «դասատու» լինելը և այն, որ նա կանոնավորապես այցելում է Ռուսաստան։ Ո՞Ւր մնաց նրա առեղծվածային «որսորդ ամուսինը» (Ֆերմանովայի ամուսնու քաղաքացիությունն ու զբաղմունքի տեսակը չեն նշվում), որի համար նախատեսված էին այդ «նվերները»։ Այսինքն, մենք վերստին վկա ենք դառնում Ռուսաստանի հետ կապված շատ տարօրինակ լրտեսական մի պատմության, որը, ինչպես նախորդը, բավականին շինծու է թվում։ Բայց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը նախորդ «անլեգալ լրտեսների» հետ երգեց ռուսական հատուկ ծառայությունների ոչ պաշտոնական հիմնը` «Ինչից է սկսվում հայրենիքը», անցած-գնացած օրերի կարոտով հայտարարեց, որ իրենց լավ աշխատանք ու «փայլուն» ապագա է սպասում, բոլոր կասկածները ցրվեցին։ Աննա Ֆերմանովան էլ, միգուցե, շուտով նման պատվի արժանանա։
Բայց այսօր այս մասին չէ, որ ուզում եմ պատմել։ Եթե թերթելու լինենք ինտերնետի բաց աղբյուրներն ու լրատվամիջոցները միայն, ապա ի հայտ կգա մի շատ տարօրինակ ու վտանգավոր օրինաչափություն։ Միայն վերջին մեկ-երկու ամսում, բացի ԱՄՆ-ից (այնտեղ «տասնմեկի» աղմուկ հանած ձերբակալության և վերջինի միջև եղել են էլի մի քանի, պակաս աղմկոտ ձերբակալություններ), ռուսական գործակալներ են բացահայտվել Վրաստանում, Չեխիայում, Էստոնիայում... Ի՞նչ է սա։ Հակահետախույզները զանգվածային կարգով սկսել են փայլե՞լ, թե՞, իրոք, ինչպես Պուտինն ասաց, «դավաճաններն» են մեղավոր, որոնք, հատուկ ծառայությունների օրենքով, «արժանի պատիժ կկրեն»։ (Ռուսական լրատվամիջոցների վարկածների համաձայն, ԱՄՆ-ի գործակալական ցանցի բացահայտման գործում «դավաճաններ» կարող են լինել կա՛մ ոմն ռուս բիզնեսմեն, Դմիտրի Մեդվեդևի համակուրսեցի, կա՛մ Կիպրոս ճողոպրած և առայժմ ոչ մի տեղ չբացահայտված Ռոբերտ Մետսոսը` խմբի «գանձապահը»։) Չհավակնելով վերին ճշմարտության, փորձենք պարզություն մտցնել այդ հարցում։
Ինչպես հայտնի է, ժամանակին Բորիս Ելցինը հրահանգել էր լիովին դադարեցնել հետախուզական գործունեությունն ընդդեմ Արևմուտքի։ Իսկ հիմա, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շատ գործակալներ հենց այդ տարիներին են սկսել աշխատել ԱՄՆ-ում, տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվայի քաղաքացիական ու զինվորական հետախուզության ղեկավարները նրան ականջ չեն դրել և, ըստ էության, շարունակել են աշխատել, հնարավոր է, իրենց գործունեությունը թաքցնելով անգամ պետության ղեկավարից (գուցե հենց այս հանգամանքով է բացատրվում նրանց թույլ պատրաստությունը)։ ՊԱԿ-ի հետախուզության փոխգնդապետ Վլադիմիր Պուտինի Կրեմլ գալուց հետո ռուսական հատուկ ծառայությունները հրաման ստացան ուժեղացնելու Արևմուտքի դեմ ուղղված գործունեությունը։ Այս ակտիվությունը, իհարկե, բոլոր հակահետախույզներն են նկատել։ Ամերիկացիներն անգամ պնդում են, թե ԱՄՆ-ի տարածքում ռուսական հատուկ ծառայությունների ակտիվությունն այսօր ավելի մեծ է, քան սառը պատերազմի ամենալարված տարիներին։
Բացի սովորական դարձած «տեխնիկական լրտեսությունից», որը խորհրդային հետախույզների հիմնական, եթե ոչ միակ խնդիրն էր, զանգվածային կարգով երևան եկան «ազդեցության գործակալներ», որոնք ձգտում են ազդեցություն գործել փորձագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների, լրագրողների վրա, և որոնց պարտականությունն է արևմտյան հանրության շրջանում ու կառույցներում առաջ մղել ռուսական ամենատարբեր շահերը։ Ի դեպ, համընդգրկուն հաղորդուղիների ներկա ժամանակաշրջանում, մասնագետների հավաստիացումներով, տեղեկատվության մոտ 90 տոկոսը մատչելի է նաև առանց հատուկ ծառայությունների մասնակցության, սակայն մնացած 10 տոկոսը կարելի է ստանալ միայն հատուկ ծառայությունների միջոցով։ Ակնհայտ է, որ հետախույզի մասնագիտությունը դեռևս օրախնդիր է, պատվավոր և համարվում է ամենաբարձրակարգ մասնագիտություններից մեկը, որն առանձնահատուկ տվյալներ է պահանջում։ Իսկ լրտեսի բացահայտումը, վերադարձը երկիր ու նրա վերաինտեգրումը միշտ ուղեկցվել են «յուրայինների» գաղտնի հանդիսություններով, մասնավորապես, որպեսզի հեշտացվի հետախույզի մուտքը պաշտոնական հիերարխիա, որպեսզի բոլորն իմանան, որ նա հարգանքի է արժանի։ Դա տեղի է ունենում բոլոր երկրներում և բոլոր հետախուզություններում։ Սակայն հիմա մենք ականատես ենք լինում Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդու, ընդ որում` հատուկ ծառայությունների ավանդույթներին ամենից մոտ կանգնած մարդու մակարդակով անհասկանալի ու անբացատրելի «հրապարակայնության»։ Դա զարմացնում է անգամ Պուտինի հանդեպ բարեհաճ վետերաններին, «սա ինչ-որ նոր բան է», ասում են նրանք և հանգստացնում ռուսներին. «սա ցույց է տալիս արտաքին հետախուզության ծառայության դերի նկատմամբ հարգանքի նոր աստիճան»։ Սակայն անգամ նրանք չեն կարող բացատրել ու արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում։ Այսպես, սառը պատերազմի ժամանակների փառաբանված լրտես Միխայիլ Լյուբիմովը «հետաքրքիր աշխատանքի» և «փայլուն կյանքի» առիթով զգուշորեն նկատում է, որ «նրանցից մի քանիսը պարզապես շատ խիստ են վարկաբեկել իրենց», որ նրանք տեղ չունեն նախկին մասնագիտության մեջ, «դրա համար էլ նրանց աշխատանք կառաջարկեն պետական բանկերում կամ պետության կողմից վերահսկվող մասնավոր ընկերություններում»։ Շատ հետաքրքիր դիտողություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ ենթադրում են, որ լրտեսների գլխավոր նպատակն է եղել միայն «օվկիանոսի մյուս ափին ի հայտ բերել ռուսական վերնախավի, այդ թվում` ԱԴԾ-ի վերնախավի միլիոնները» (նշվում է, որ լրտեսներից առաջ դրանով զբաղվել է «ռուսական մաֆիան», մասնավորապես, այնպիսի անհատականություն, ինչպիսին հանգուցյալ Վյաչեսլավ Իվանկովն էր` «Յապոնչիկը»)։
Պուտինի գովեստի խոսքերը Չապմանի ու նրա գործընկերների հասցեին անակնկալ էին նաև ՊԱԿ-ի նախկին գնդապետ Օլեգ Նեչիպորենկոյի համար, որին բացահայտեցին 1971-ին` մեղադրելով Մեքսիկայում ձախ արմատականներին աջակցելու մեջ։ Նեչիպորենկոյի ասելով, այն հետախույզները, որոնց հետ աշխատել է, շատ ավելի խոշոր տրամաչափի մարդիկ էին, քան բացահայտված գործակալները, իսկ նրանց թույլ տված սխալները, որոնց վրա նրանց բռնեց ՀԴԲ-ն, պարզապես նվաստացուցիչ են։ Թերևս, ամենահայտնի օրինակը եղավ այն, որ Չապմանը բջջային հեռախոսը գրանցել էր ուրիշի ռուսական անունով և «Կեղծ փողոց, 99» հասցեով, իսկ հետո դրամարկղային անդորրագիրը նետել էր փողոցի աղբարկղ, որտեղից էլ այն հանել էին ՀԴԲ-ի գործակալները։ Խիստ զարմանալի է նաև լրտեսների հակումը ինտերնետի սոցիալական ցանցերի նկատմամբ, վետերաններն անգամ դառը կատակում են, թե այդ ցանցում անձնական էջի առկայությունը կամ անձնական լուսանկարների տեղադրումը դարձել է «նույնպիսի պարտադիր պայման, ինչպիսին առաջ ԽՄԿԿ-ին անդամությունն էր»։ Հապա նրանց «ռուսական առոգանությունը»` ոչ ռուսական անունների պարագայում (Խրուշչովի թոռնուհին գրում է, որ հենց այդ փաստն է իրեն ծայրաստիճան զարմացրել ու զգոնացրել անլեգալներից մեկի հետ շփվելիս)։
Գնահատականներում է՛լ ավելի կտրական է ԳՀՎ-ի նախկին հետախույզ Վիկտոր Սուվորովը, որը ավելի քան 30 տարի ապրում է Մեծ Բրիտանիայում, ամենաընթերցվող և ամենաճանաչված ռազմական պատմաբանն է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։ Նա հայտարարում է. «Բանն այն չէ, որ ռուս հետախույզներին մատնել է մի ինչ-որ «անկարգ տղա»։ Գլխավոր պատճառը Ռուսաստանի Դաշնությունում հետախուզական գործունեության լիակատար անկումն է։ Այդ արտաքին հետախուզությունը լրիվ փտել է։ Վայրենի սխալներ են թույլ տրվել։ Ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունեցել ԳՀՎ-ում։ Պատրաստվել են սովորական քողարկված հետախույզներ։ Ես էլ եմ քողարկված եղել։ Քողարկված հետախույզները մեծամասնություն են, բացի դրանից, կա վերնախավ, որն աշխատում է խոր գաղտնիության պայմաններում։ Դրանք, այսպես կոչված, «անլեգալ հետախույզներն» են։ Հստակ մի կանոն կա։ Անլեգալ հետախույզներն աշխատում են երկու-երեք հոգով։ Հենց որ նրանց թիվը հասնում է չորսի, խումբը բաժանվում է երկու մասի և աշխատում են այնպես անել, որ նրանց միջև կապը խզվի։ Իսկ այստեղ հանկարծ հայտնաբերվում է «անլեգալ» տասը մարդ, որոնք միմյանց ճանաչում են։ Սա պրոֆեսիոնալիզմի լիակատար բացակայություն է։ Այնուհետև անլեգալ հետախույզները չպետք է որևէ շփում ունենան երկրի պաշտոնական ներկայացուցչությունների հետ։ Ո՛չ դեսպանությունների, ո՛չ հյուպատոսությունների, ո՛չ էլ անգամ ազգային ավիաընկերությունների հետ անլեգալները շփումների մեջ չեն մտնում։ Իսկ այստեղ այս տղաները միմյանց ճանաչում են, դեսպանատուն են գնում, իրենց լուսանկարներն ինտերնետում են տեղադրում։ «Այդ տղաներն այնտեղ պարզապես անելիք չունեին, նրանք լուրեր ու բամբասանքներ էին հավաքում, բայց չէ՞ որ այդ բոլոր բամբասանքները կարելի էր հավաքել նաև Մոսկվայում, տանը նստած և ինտերնետում աշխատելով»։ Այնուհետև Սուվորովը եզրափակում է. «Միանգամայն ակնհայտ է, որ նրանք ոչ մի պատրաստություն չեն անցել, որ նրանք ինչ-որ պաշտոնյաների երեխաներ են, որոնց արտասահման են ուղարկել գաղտնի, քողարկված։ Իսկ քողարկումը հետևյալն է. դուք հաջողակ բիզնեսմեններ կլինեք։ Իսկ փողը որտեղի՞ց։ Ռուսաստանի բյուջեից կամ «Գազպրոմ»-ից, ահա այդպես էլ նրանք այնտեղ տասը տարի նստած են եղել... Դա վայրենություն է։ Դա լիակատար հրեշավոր անկում է։ Դրանք խեղկատակներ են, ծաղրածուներ, մարդիկ, որոնք ոչ մի տեղ և երբեք ուսում չեն առել, դա պետության լիակատար կործանում է»։
Վերջերս ռուսական լրատվամիջոցներում հաղորդումներ են երևում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայությունը նորից միանալու է Անվտանգության դաշնային ծառայությանը` գլխավոր վարչության իրավունքներով։ Սա կշտկի՞ իրավիճակը։ Դժվար է ասել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ