ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ` ԱՆԹԱԼԻԱ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ` ԱՆԹԱԼԻԱ
13.04.2010 | 00:00


Ծանրամարտի Եվրոպայի առաջնություններում տղամարդկանց և կանանց մեր ընտրանիները վերջին տարիներին հաստատագրված սովորույթի ուժով գերազանց մրցելույթ են ունենում` ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով իրենց բազմահազար երկրպագուներին: Հուրախություն մեզ, չառանձնացավ և այս առաջնությունը, որից վերադարձանք 7 ոսկե, 9 արծաթե և 4 բրոնզե մեդալ նվաճած: Մեր մարզիկներից առաջինը հանդես եկած Սմբատ Մարգարյանի փայլուն ելույթի մասին արդեն գրել ենք, հարկադրված ենք մյուսների մասին խոսել մեկ ընդհանրական նյութի մեջ, թեպետ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է առանձին, ամբողջական էջի:
Առաջնությունից դեռ մեկ ամիս առաջ համարձակվել էինք կանխագուշակել, որ մինչև 77 կգ կշռող մեր մարզիկները մրցակից չեն ունենա, և Տիգրան Գևորգի Մարտիրոսյան-Առաքել Միրզոյան մրցակցությունում է որոշվելու Եվրոպայի չեմպիոնը: Ցավոք, Առաքելը մեզ անհայտ պատճառներով չմասնակցեց առաջնությանը, ինչի հետևանքով մրցակիցները հնարավորություն ստացան ճաշակելու արծաթը նվաճելու հաճույքը: Ասածիս մեջ գլուխգովանություն չկա, պարզապես այսպիսին է եվրոպական ծանրամարտի այսօրվա իրականությունը վերը հիշատակված քաշային կարգում, և մեզ համար մրցակցային հետաքրքրություն է ներկայացնում միայն աշխարհի առաջնությունը, հանդիպումը Ասիան ներկայացնող մարզիկների և, ի մասնավորի, չին Քսյաոյունի հետ, որի հետ, հիշեցնում եմ, հարցեր կան պարզելու:
Հաջորդ «քննություն» հանձնողը Մելինե Դալուզյանն էր, և մեծ անհանգստություն կար նրա առնչությամբ: Բանն այն է, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում մեր աղջիկը համեստ ելույթ ունեցավ: Ծանրամարտի սիրահարներին քաջ հայտնի է, որ դա Մելինեի առաջին ելույթն էր տևական հիվանդությունից հետո, և 6-րդ հորիզոնականում հանգրվանելն այն ժամանակ ըմբռնումով ընկալվեց: Ճիշտ է, այս անգամ էլ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» կար. մարզուհին քաշը փոխել ու հանդես էր գալիս իր համար նոր` 69 կգ քաշային կարգում: Առաջ անցնելով ասենք` մեր աղջիկը գերազանց հանդես եկավ, և նրա երեք արծաթե մեդալներն էլ ոսկուն հավասար արժեք ունեն: Կամային բացառիկ որակներ ունեցող այս գյումրեցին, չեմ կարծում, որ աշխարհի մեր առաջին կին չեմպիոնուհուց` Նազիկ Ավդալյանից պակաս պատվախնդիր կլինի, և նրա անունն էլ մոտ ապագայում կտեսնենք աշխարհի չեմպիոնների ցուցակում (Մելինեն Եվրոպայի չեմպիոն արդեն եղել է): Իսկ հրում վարժությունում 145 կգ կշռող ծանրաձողի վրա նրա գրոհին չանդրադառնալը պարզապես անհնար է. այդ ո՞վ փորձառու Օքսանա Սլիվենկոյի աչքերի մեջ չտեսավ ոչ միայն հիշյալ ձևում, այլև երկամարտում ոսկե մեդալը կորցնելու վախը: Իսկ եթե ասենք, որ ամբողջ 25 կիլոգրամով մեր աղջիկը գերազանցեց աշխարհի անցած առաջնության իր արդյունքը, կարծում ենք, ընթերցողն ավելորդ մանրամասներ մեզնից այլևս չի ակնկալի:
Նույն օրը երեկոյան մեզ էր սպասում մինչև 85 կգ կշռող ծանրորդների մրցամարտը, որտեղ ունեինք երկու մասնակից` աշխարհի նախորդ առաջնությունում ընդհանրապես լավ, իսկ հրում վարժությունում իրեն պարզապես փայլուն դրսևորած Գևորգ Պողոսյանն ու պեկինյան օլիմպիադայում ստացած վնասվածքից հետո առաջին անգամ մրցաբեմ ելած, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը: Ցավոք, մեր մարզիկներն առաջին վարժությունում բավարարվեցին պատվիրած սկզբնական քաշը բարձրացնելով և իրենցից առաջ թողեցին բելառուս Նովիկովին ու թուրք Իզեթին: Ճիշտ է, Արան, այնուամենայնիվ, փոքրիկ բրոնզ ապահովեց հավաքականի համար, սակայն ո՞վ չգիտեր, որ մենք դրա համար չէինք ծանր տեղներս թեթևացրել, հասել Մինսկ: Բարեբախտաբար, հրում վարժությունում ամեն ինչ արագ իր տեղն ընկավ, և մեր մարզիկները փոքր ոսկու և արծաթի հետ ապահովեցին նաև նույն հարգի մեծ մեդալները: Իհարկե, անչափ ուրախալի է, որ Գ. Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, սակայն շատ ավելի արժեքավոր է այն, որ մարզիկը հավաստեց անչափ կարևոր մի իրողություն` ի դեմս իրեն մեր ընտրանին ունի կամային բարձր հատկանիշներով աչքի ընկնող, պայքարից չխուսափող, հուսալի մարզիկ: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանին, քչերը գիտեն, որ նման ծանր վնասվածքից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս սպորտին: ՈՒրեմն, իմանանք այն, ինչ չի բարձրաձայնվել այսքան ժամանակ ու ճիշտ գնահատենք նրա ելույթը` արժանին մատուցելով այս հրաշալի մարզիկին: Պատվախնդիր գյումրեցու այս ելույթից հետո ես ավելի քան համոզված եմ, որ նա դեռ ունենալու է իր ոսկե ելույթը ու բնավ էլ դատապարտված չէ երկրորդը լինելու «արծաթե» պատվին:
Անշուշտ, շատ բարձր պիտի գնահատել մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթը, որը մեր հավաքականի մեդալների պաշարն ավելացրեց երեք բրոնզով: Իհարկե, այս օրերին միայն ոսկու և արծաթի սովորած մարզասերներին քասախցի գեղեցկուհու ելույթը կարող է համեստ թվալ, սակայն դա իրականում այդպես չէ: Նախ` այդ բրոնզն այսօր է բրոնզ և ոչ հեռավոր ապագայում կարող է ու փոխվելու է ավելի բարձր հարգ ունեցող մեդալով, մանավանդ որ, մեր այս մարզուհին նույնպես Եվրոպայի չեմպիոնուհի լինելու քաղցրությունն արդեն ճաշակել է: Իսկ մեր լավատեսությունն ավելի քան լուրջ հիմքեր ունի: Եկեք չմոռանանք, որ անցած տարվա աշխարհի առաջնության իր արդյունքը մեր աղջիկը գերազանցել է, իսկ սա նշանակում է, որ նա շարժվում է վերընթաց: Եվ հետո Նադեժդա Եվտյուխինա-Նատալյա Զաբոլոտնայա զորեղ ռուս երկյակի հետ մրցակցությունում Հռիփսիմեն ոչ միայն «ատամ» ցույց տվեց, այլև աշխարհի ռեկորդի համը փորձեց ճաշակել։ Ճիշտ է, քաշն այս անգամ չհաղթահարվեց, բայց որ այն ծնկի է գալու մեր աղջկա հզոր կամքի առաջ, եկեք չկասկածենք: Մենք ունենք ուժեղ մարզուհի, որը եթե առաջընթաց քայլ կատարի պոկում վարժությունում, կդառնա մրցակիցների ահն ու սարսափը (հետաքրքրվողների համար նշենք, որ բարձրացրած 273 կիլոգրամով Հռիփսիմեն կարող էր հաջորդ քաշային կարգում նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնուհու տիտղոսը):
Մինչև 105 կգ քաշայինների մրցավեճում Պեկինի օլիմպիադայի չեմպիոն Անդրեյ Արամնևի, փոխչեմպիոն Դմիտրի Կլոկովի, Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Վլադիմիր Սմորչկովի հետ մրցակցությունում Արթուր Բաբայանից այս պահին մեդալ սպասելն այնքան էլ լուրջ չէր, սակայն համառ մրցակցություն ակնկալելու իրավունք ունեինք, որովհետև մեր մարզիկ-մարզիչներն անցել են նաև այս քաշը «հայկականացնելու» գործին, և, դատելով Արթուրի ելույթից, նկատելիորեն հաջողել են իրենց ձեռնարկում: Մենք ներկայացնենք պատկերը համեմատական, եզրակացությունն արեք ինքներդ. Եվրոպայի անցած առաջնությունում մեր մարզիկը հանգրվանեց 8-րդ հորիզոնականում (175+207), իսկ Մինսկում արդեն 5-րդն էր երկամարտի 394 կիլոգրամով (178+216): Այնպես որ, հայկական ծանրամարտում այսօր ոչ միայն ավանդույթներն են պահպանվում ու զարգացվում, այլև նոր ավանդույթների հիմք է դրվում։
Գերծանրքաշայինների մրցավեճում իրեն փայլուն դրսևորեց մեր 20-ամյա հսկան` Ռուբեն Ալեքսանյանը, որը մարզաձևի «գրանդներին»` Եվգենի Չիգիշևին ու Մաթիաս Շտայներին` Պեկինի օլիմպիադայի չեմպիոնին (ցավոք, Եվգենի Պիսարևը վնասվածքի պատճառով հանդես չեկավ, թեպետ հայտավորված էր), եկավ ասելու, որ քաշային այս կարգում փոխվում է երաժշտության պատվիրատուն։ Այդ են վկայում նրա նվաճած մեկ փոքր ոսկե (հրում) և մեկական փոքր ու մեծ արծաթե մեդալները (պոկում վարժություն և երկամարտ), ինչը փայլուն արդյունք է: Իհարկե, Ռուբենը կարող էր և մեծ ոսկուն արժանանալ, եթե սանձահարեր 246 կգ կշռող ծանրաձողը, որն այս անգամ քմահաճ աղջկա պես կամակոր գտնվեց, թեև դիմադրելու իր սեթևեթանքի մեջ այնքան էլ շատ չէր ուզում մերժած լինել մեր գեղեցկադեմ հսկային: Ասենք` անցած լինի, մանավանդ որ գիտենք` ուժեղի նկատմամբ ծանրաձողն առանձնահատուկ թուլություն ունի, իսկ մեր տղան, եթե ասենք` ուժեղ է, ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, որովհետև… շատ է ուժեղ:
Մինսկում մեր հավաքականների հաջողությունները պայմանավորված էին մի քանի գումարելիներով, սակայն այդ մասին մեր հաջորդ նյութում, թեպետ արժե նախապես շնորհակալ լինել հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանին ու Արտաշես Ներսիսյանին, մարզչական թիմի մյուս անդամներին: Չգիտեմ ով` ինչպես, ես գլուխ եմ խոնարհում նրանց առաջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ