Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՊԵՏՔ Է ՈՐ ԱՐԴԱՐԱՑՆԵՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

ՊԵՏՔ Է ՈՐ ԱՐԴԱՐԱՑՆԵՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
19.11.2010 | 00:00

Նոյեմբերի 19-ին Կիպրոսում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը (ավագ մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Դանիելյան) մեդալների խաղարկմանը կմասնակցի հինգ ծանրորդով: Նրանք են Երևանը ներկայացնող մինչև 56 կիլոգրամ քաշային Սմբատ Մարգարյանը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Հրանտ Տոնոյան), վանաձորցի Զորիկ Պողոսյանը (մարզիչ` Կարեն Պողոսյան), գյումրեցիներ Արթուր և Հայկ Հակոբյանները (երկուսին էլ մարզում է Արտակ Ներսիսյանը), բաղրամյանցի Կարապետ Բարսեղյանը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյան): Վերջինս Հայկ Հակոբյանի պես գերծանրքաշային է: Ինչ վերաբերում է Զորիկ Պողոսյանին ու Արթուր Հակոբյանին, նրանք ներկայացնելու են մինչև 69 և 105 կգ մրցումային քաշերը:
Եվրոպայի այս առաջնությունը մեր տղաներից երեքի` Արթուրի, Հայկի և Կարապետի համար նորամուտ է մեծ մրցաբեմ, և շատ բան կախված կլինի նրանց հոգեբանական պատրաստվածությունից: Անհամեմատ փորձառու է հավաքականի առաջատարը` Սմբատ Մարգարյանը, որը Եվրոպայի առաջնությունների տարբեր տարիների բազմակի հաղթող է, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2010 թ.), սակայն, ինչ խոսք, նրա նվաճումների զարդն ընթացիկ տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է, առաջնություն, որտեղ մեր տաղանդավոր մարզիկին ընդամենը մեկ կիլոգրամ չհերիքեց չեմպիոն հռչակվելու համար: Խոշոր մրցաշարերի փորձ ունի նաև Զորիկ Պողոսյանը. երիտասարդների աշխարհի այս տարվա առաջնությունում չորրորդ տեղ գրավելը քիչ բան չէ և ինքնին խոսում է մեր տղայի մեծ ներուժի մասին:
Ի տարբերություն իրենց կրտսեր հասակակիցների, մինչև 23 տարեկանների Հայաստանի ընտրանին (ավագ մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյան) առաջնություն է մեկնում լրիվ կազմով: Եվրոպական մրցաբեմում պայքարի կելնեն սամաղարցիներ Ռուբիկ Մամոյանն ու Վանիկ Ավետիսյանը (մինչև 62 և 69 կգ քաշային կարգեր, մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Ալիև): Նրանց մրցելույթը կընդմիջի մինչև 62 կգ Դավիթ Մուրադյանը (մարզիչ` Սամվել Մուրադյան): Հոկսեն Միրզոյանի սան, բաղրամյանցի Արայիկ Միրզոյանը հանդես կգա մինչև 77 կգ քաշային կարգում: Նրան կհաջորդեն մինչև 85 կգ քաշային կարգը ներկայացնող սևանցի Արամ Անդրիկյանը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Սարգսյան) և մինչև 94 կգ Նորայր Վարդանյանն ու Աղվան Մելիքյանը (նրանց մարզում են հանրապետության վաստակավոր մարզիչ Գալուստ Ազիզյանն ու Ալեքսան Կարապետյանը):
Մեր 23 տարեկանների հավաքականում բավականին մեծ է միջազգային հեղինակավոր մրցաշարերում իրենց հաստատած մարզիկների թիվը: Այսպես, Ռուբիկ Մամոյանն այս տարի Թայբեյում կայացած ուսանողական համաշխարհային խաղերի չեմպիոն է պոկում վարժությունում (հրում վարժությունում ստացած վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցումները), Վանիկ Ավետիսյանը Եվրոպայի անցած տարվա փոխչեմպիոնն է իր տարեկիցների մեջ, իսկ Աղվան Մելիքյանը` բրոնզե մեդալակիրը: Նախորդ տարիներին մրցանակային ելույթներ է ունեցել նաև Արայիկ Միրզոյանը:
Շատ ավելի ներկայանալի են Աղասի Աղասյանի ունեցած ձեռքբերումները. նա Եվրոպայի նախորդ տարվա չեմպիոնն է թե՛ 20, թե՛ 23 տարեկանների մեջ, ուսանողական համաշխարհային խաղերի այս տարվա չեմպիոնը:
Մարզական նվաճումների առումով համեստ ցուցանիշներ ունեն Դավիթ Մուրադյանն ու Նորայր Վարդանյանը, որոնք, սակայն, լավ մարզավիճակում են և պատրաստ են լուրջ պայքարի (ի դեպ, Նորայր Վարդանյանը մեր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է և առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո): Այնպես որ, որքան էլ մարզիչները զուսպ լինեն կանխատեսումների մեջ, միևնույն է, տղաների արդյունքները խոսուն են և տրամադրում են լավագույն արդյունքների:
Կանանց 20 և 23 տարեկանների ընտրանիներում յուրաքանչյուր մարզուհի արդեն իսկ իրեն հաստատած անուն է: Մինչև 20 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան բաղրամյանցի Ալլա Սամվելյանն ու գյումրեցի Քրիստինե Պետրոսյանը` ներկայացնելով մինչև 58 և 63 կգ քաշային կարգերը: Ավելորդ չենք համարում նշել, որ Քրիստինեն չափազանց հաջող ելույթ ունեցավ այս տարի Անթալիայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում` «Լոնդոն-2012»-ին ընդառաջ կանանց մեր ընտրանուն բերելով չափազանց թանկ վարկանիշային միավորներ: Գյումրեցի տասնութամյա տաղանդաշատ այս աղջնակը մեծ պոտենցիալի տեր է, և միանգամայն օրինական են նրանից ունեցած սպասելիքները` մեր անվանի Մելինե Դալուզյանի նախկին քաշային կարգում:
Մինչև 23 տարեկանների հավաքականը համալրված է հանրապետության վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սաներով` քասախցիներ Էլեն Գրիգորյանով ու Հռիփսիմե Խուրշուդյանով: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հավաստմամբ` ներկա փուլի համար աղջիկների պատրաստվածությունը բավարար է, և լավ մասնակցություն կարող ենք ակնկալել:
Դե ինչ, սպասենք ուրախալի լուրեր Կիպրոսից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ