ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԻՐ, ԱՅԼև ՏԵՍԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ

ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԻՐ, ԱՅԼև ՏԵՍԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ
01.04.2011 | 00:00

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում Եվրոպայի իրենց «բաժին» առաջնությունն ավարտեցին ազատոճային ըմբիշները: Յոթ քաշային կարգերում խաղարկված 21 մեդալից մեր ըմբիշներին բաժին հասավ միայն մեկը, այն էլ շնորհիվ լեգեոնական Մուսա Մուրթազալիևի: Ինչպես ասում են, այնքան էլ ճոխ չէ: Ինչ վերաբերում է թիմային հաշվարկով մասնակցությանը` 4։2։1 համամասնությամբ եվրոպական ոսկին իրար մեջ բաժանեցին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հավաքականները: Այստեղ հարկ է խոստովանել, որ Ռուսաստանի ընտրանին առաջնությանը մասնակցում էր բավականին թարմացած կազմով, գրեթե առանց առաջին համարների. նրանց ուժեղագույնները իրենց դեռ կհասցնեն դրսևորել աշխարհի առաջնությունում և արդեն իսկ աչքի տակ ունեն լոնդոնյան օլիմպիադան, որին, ի դեմս մեր ազատոճայինների, մենք անհույս լավատեսությամբ ենք նայում: Գոնե` պատրաստվածության այս փուլում:
Դառնալով լեգեոնական հասկացությանը` դրա մեջ պարսավելի ոչինչ չկա, և լայն առումով անտեղի է վերն արված մեր շեշտադրման մեջ հետին մտքերի փնտրտուքը: Համաշխարհային սպորտը վաղուց է անցել «սպասարկման» այս մակարդակին, և բազմաթիվ տերություններ են օգտվում այդ հնարավորությունից` իրենց դրոշով ու հիմնով երևալու, «ներկայանալի» դառնալու, ասել է` աշխարհին իրենց գոյությունը ևս մեկ անգամ հիշեցնելու համար (խոսքը, բնականաբար, չի վերաբերում տնտեսապես ու քաղաքականապես կայացած երկրներին, որոնց անվանումն արդեն իսկ բրենդ է` ապրանքանիշ, հանուրի կողմից քարտեզի վրա անվրեպ մատնանշելի տարածք)։ Խնդիրն այլ հարթության մեջ է: Իսկ եթե մեզ նման երկիրը լեգեոնականի ծառայությունից պիտի օգտվի առանց հեռահար նպատակի, չփորձելով ունեցած մարդկային ռեսուրսը ձգել, վեր բարձրացնել, նրա մակարդակին հասցնել ու մի բան էլ ավելի, ապա քայլը բանի պետք չէ, որովհետև մենք ոչ միայն երկիր, այլև տեսակ ներկայացնելու խնդիր ունենք: Հուսանք, որ մեր ազատոճայինների խնդրով զբաղվողներն այս գերնպատակն են ընտրել որպես թիրախ, ոչ թե տարեվերջյան գունավոր հաշվետվությամբ մեկ անգամ ևս դեմք փրկելը: Ինչ վերաբերում է Մուսա Մուրթազալիևին, փառք ու պատիվ նրան, որ կարողացավ վեր խոյացնել մեր եռագույնը: Ինչ խոսք, ցանկալի կլիներ, եթե նրան հաջողվեր կոտրել և ռուսաստանցի Դենիս Ցարգուշի դիմադրությունն ու կուրծքը զարդարել ոսկե մեդալով, մեզ էլ ուրախացներ հայոց հիմնը լսելու սիրտշոյումով, բայց, դե, ունեցանք այն, ինչ ունեցանք, և վեր բարձրացած դրոշի համար էլ շնորհակալ ենք նրան:
Դառնանք մեր հավաքականը ներկայացրած մյուս տղաներին:
Մինչև 96 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Ենոքյանին հաղթած Խեթագ Գազյումովը (Ադրբեջանը ներկայացրած ըմբիշը դարձավ չեմպիոն) մեր մարզիկին հնարավորություն տվեց պայքարը շարունակելու գոնե բրոնզե մեդալի համար, սակայն Էդգարը չկարողացավ օգտվել պատեհությունից: Մրցումների առաջին օրը ոչնչով չառանձնացավ նաև Հայաստանի ընտրանու երրորդ պատվիրակը` Աշոտ Տերտերյանը (մինչև 60 կգ քաշային կարգ), որն առաջին իսկ գոտեմարտում պարտվելով մրցակցին` «լուծեց» առաջնությանը մասնակցելու իր հարցը: Քաշային այս կարգում ուժեղագույնը ռուսաստանցի Օպան Սատն էր:
Մրցաշարի երկրորդ օրը բավականին մեծ էին մեր հավակնությունները, սակայն դրանք այդպես էլ մնացին բարի ցանկություն: Չարդարացրին հույսերը ո՛չ Միհրան Ջաբուրյանը (մինչև 55 կգ քաշային կարգ), ո՛չ Ժիրայր Հովհաննիսյանը (մինչև 66 կգ քաշային կարգ), ո՛չ Հաբեթնակ Կուրղինյանը (մինչև 84 կգ քաշային կարգ), ո՛չ էլ գերծանրքաշային Ռուսլան Բասիևը: Այսպիսով, կարող ենք ասել, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու անվան տակ Հայաստանի ազատոճայինների տուրիստական շրջագայությունն ավարտվեց: Արդյունքն այնքան տխուր է, որ ձեռքս չի էլ գնում տուրիստական բառն առնել չակերտների մեջ:
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին դորտմունդյան մրցագորգ դուրս կգան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, իսկ հաջորդ երկու օրերին նրանց կփոխարինեն հունահռոմեականները: Հայաստանի ընտրանին ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում: Մինչև 60, 66, 84, 96 կգ քաշային կարգերը կներկայացնեն Վահան Ջուհարյանը, Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը, Արթուր Ալեքսանյանը: Ամենաթեթև և ամենածանր քաշային կարգերում մրցագորգ կելնեն իրենց մրցելույթները գերազանցապես մեդալներով ավարտելուն վարժված Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը, իսկ մինչև 74 կգ քաշային կարգում մեր հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նաև հոգեբանական առումով իր համար ծանր ընտրություն պիտի կատարի, քանի որ հայտավորված են և՛ Արսենը, և՛ Արամը: Ի դեպ, երկուսն էլ` Ջուլֆալակյան, երկուսն էլ` նրա որդիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ