38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իսրայելի բանակն արդեն կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում

Իսրայելի բանակն արդեն կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում
18.04.2024 | 19:38

Ինչպես երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց РБК– ն, իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը պարզել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում:

Ըստ պարբերականի, Իսրայելի պատասխանի տարբերակներից են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը, անօդաչու թռչող սարքերին կամ բալիստիկ հրթիռներին հարվածելը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ պատժամիջոցները և կիբերհարձակումները: Պատասխանի ամսաթիվը դեռ որոշված չէ: ՑԱՀԱԼ- ը որոշել է, թե ինչպես կպատասխանի Իրանի հարվածին, սակայն ամսաթվի հարցում այնտեղ դեռ չեն կողմնորոշվել, գրել է «The Jerusalem Post»՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ իսրայելական թերթի հրապարակման, այս որոշումը ցույց է տալիս պատասխան հարված հասցնելու ղեկավարության վճռականությունը, չնայած Իսրայելը ձգտում է մեղմել հարձակումը, որպեսզի խուսափի դիմակայությունը տարածաշրջանային պատերազմի վերաճելուց:
Նկատենք, որ այս վերջին մասը, հավանաբար, կեղծիք է, որովհետև եթե Իսրայելն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածեց, որոնք մեր հարևան ու բարեկամ երկրի համար գրեթե սրբության սրբոց են, եթե հարվածն ուղղեց նույնիսկ Իրանի ԱԹՍ- ներին կամ բալիստիկ հրթիռներին, ապա դրան հաջորդելու է Իսրայելին Իրանի՝ նախորդից հզոր պատասխանը, և հակամարտությունը վերածվելու է լայնամասշտաբ պատերազմի: Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, ավելի վաղ զգուշացրել է, որ Թեհրանը Իսրայելի հարձակման դեպքում մի քանի վայրկյանում հակահարված կհասցնի:
Պատերազմից հնարավոր կլինի խուսափել միայն, եթե Իսրայելի պատասխանը սահմանափակվի ԻՀՊԿ- ի դեմ պատժամիջոցների կիրառմամբ կամ առավելագույնը՝ կիբերհարձակմամբ:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարության համաձայն, ապրիլի 13-ի, լույս 14- ի գիշերն Իսրայելի ուղղությամբ արձակվել են ավելի քան 500 ԱԹՍ և հրթիռ (Իրանից արձակվածներից բացի, դրանց թվում են նաև Իրաքից, Եմենից, Սիրիայից, ինչպես նաև Լիբանանից «Հըզբոլահ»-ի ջոկատների կողմից արձակվածները)։
«The Jerusalem Post»- ի տեղեկացմամբ, Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին 136-րդ գումարտակի «arrow» ՀՕՊ մարտկոց կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը վարում է «թիկունքի քաղաքականություն», որպեսզի «գոնե այս Զատկի շաբաթ թույլ տա քաղաքացիներին ապրել գրեթե ինչպես միշտ», քանի որ «մենք լիովին վստահում ենք ձեզ և ձեր պատրաստականությանը» (այսինքն՝ վստահ ենք, որ Զատկի շաբաթից հետո էլ կարող եք արդյունավետ հարված հասցնել Իրանին, և մի քանի օրվա տարբերությունը ոչինչ չի փոխի): «The Jerusalem Post»-ը հնարավոր է համարել, որ Հալևիի խոսքերը կարող են շեղող մանևր լինել՝ Թեհրանի «զգոնությունը բթացնելու» համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ երկիրն Իրանի հարձակմանը կպատասխանի «խելքով, այլ ոչ թե ինտուիտիվ»:
«Նրանք պետք է սթրեսի վիճակում գտնվեն ճիշտ այնպես, ինչպես նրանք ստիպեցին մեզ զգալ սթրեսը»,- ասել է նա (այսինքն՝ թող դեռ մի անորոշ ժամանակ ապրեն հարվածի սպասումով ու վախով):
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ:
«Մենք իսկապես ելնում ենք նրանից, որ ոչ մի դեպքում չի կարելի իրավիճակը հրահրել հետագա էսկալացիայի համար,- երեկ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:- Եվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը սկսի աշխատել»:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքն այս պահին դժվարացել է որոշ երկրների դիրքորոշման պատճառով, որոնք «հնարավորություն չեն տալիս օգտագործել նրա ռեսուրսային բազան»:
Զախարովան հիշեցրել է, որ վերջերս Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը հարձակում էր այն օբյեկտի վրա, որը «Վիենայի կոնվենցիաներով բոլոր անձեռնմխելիություններն ունի»:
«Անվտանգության խորհուրդը պարտավոր էր դատապարտել դա,- շարունակել է նա:- Այստեղ կարելի էր աշխատել ընդհանուր արդյունքի համար, բայց հենց դա չէր ուզում Արևմուտքը»։
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վաղուց առաջ էր մղում «եզակի հայտարարություններն» այն մասին, թե իբր կան ՄԱԿ-ի ԱԽ-ի կատարման համար ոչ պարտադիր բանաձևեր: Ըստ Զախարովայի, ԱՄՆ- ի քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի կոլապսի, որը տարածաշրջանը դեռ չի ապրել նորագույն պատմության ընթացքում;
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում եղել են պատերազմներ, և ոչ մեկը, «Բայց այնպիսին, որ հիմա է, նման մասշտաբային պայթյունավտանգ իրավիճակ, հաշվի առնելով այն, որ փորձն արդեն կա, և հետևանքներն էլ ակնհայտ են, նման բան դեռ չի եղել»:
Այսօրվա ճեպազրույցում Իրան-Իսրայել հակամարտությանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա հավաստմամբ, Իսրայելի և Իրանի հարաբերություններում առկա իրավիճակը «դժվար թե կարելի է անուղղակի հակամարտություն անվանել»։ Ըստ մամուլի քարտուղարի, Ռուսաստանը «կառուցողական աշխատանքային շփումներ» է պահպանում երկու կողմերի հետ և շուտափույթ դեէսկալացիայի կոչ է անում:
«Մենք չէինք ցանկանա նույնիսկ խոսել հակամարտության ծավալման մասին,- ասել է Պեսկովը:- Դա չի բխում ոչ Իսրայելի, ոչ Իրանի, ոչ էլ ողջ տարածաշրջանի շահերից»։
Ըստ վերջին տեղեկությունների , ԻՀՊԿ ավագ սպաների մի մասը լքել է Սիրիան՝ սպասելով Իսրայելի պատասխան հարձակմանը: Իրանի կառավարությունը պատրաստվում է Թեհրանի վերջին հարձակմանն Իսրայելի հնարավոր պատասխանին: Լիբանանյան շիա «Հըզբոլահ» խմբավորումը, որը համարվում է տարածաշրջանում Իրանի գլխավոր դաշնակիցներից մեկը, նույնպես կրճատել է իր սպաների ներկայությունը Սիրիայում: Այս մասին գրել է «The Wall Street Journal»- ը (WSJ)՝ հղում անելով սիրիական հատուկ ծառայություններին:
Պարբերականի տվյալների համաձայն՝ Թեհրանը մտավախություն ունի, որ Իսրայելը կարող է պատասխան հարված հասցնել իրանցի զինվորականներին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին: Իսրայելի հարվածի սպասումով Կարմիր ծովում իրանական առևտրային նավերը սկսել են շրջել երկրի ռազմական նավատորմի նավերի ուղեկցությամբ։ WSJ-ի աղբյուրները պնդում են, որ Սիրիայում կմնան միջին օղակի սպաներ, սակայն նրանք անվտանգության նկատառումներից ելնելով, կտեղափոխվեն:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ