73 տարեկան հասակում դեկտեմբերի 23-ին մահկանացուն կնքեց լեգենդար «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների երևելիներից մեկը։ Հեռացավ ֆուտբոլիստ, ով խաղադաշտում իրավամբ պրոֆեսորի համբավ ուներ խաղ «կարդալու», գնդակի հետ «դու»-ով «զրուցելու» իր ունակությամբ, ֆուտբոլիստ, ում հայացքը ոչ թե գնդակին էր, այլ գրոհը զարգացնելու հնարավոր ուղղություների, հեռանկարի կառուցման վրա։ Դա խենթացնող հատկանիշ էր, համաշխարհային ֆուտբոլում բացառիկ վարպետներին տրված աստվածային շնորհ։
Մեծ, հիրավի մեծ ֆուտբոլիստ էր Արկադի Անդրեասյանը, ով, դժվար չէ երևակայել, թե համաշխարհային ինչ ճանաչման աստղ կլիներ, եթե լիներ մեկ այլ, ավելի ֆուտբոլային երկրի ներկայացուցիչ։
Լեգենդար ֆուտբոլիստն «Արարատի» կազմում նվաճել է ԽՍՀՄ ֆուտբոլային տնտեսության հնարավոր բոլոր բարձր կոչումներն ո տիտղոսները՝ դառնալով երկրի չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Իր անհատականությամբ պայմանավորված բոլոր բարդություններով հանդերձ Արկադի Անդրեասյանն «Արարատ» ֆուտբոլային ակումբի նվիրյալն էր և անգամ այն տարիներին երկրում փայլատակող Կիևի «Դինամո» տեղափոխվելու առաջարկը չընդունեց, թեպետ ուկրաինական ակումբն ավելի վաղ կարող էր նրա առջև բացել ԽՍՀՄ հավաքականի դռները։
Լեգենդ էր, հիրավի լեգենդ էր Արկադի Անդրեասյանն այս բառի ամենախիստ պահանջներով։ Հազար ափսոս է նրա կորուստը, ֆուտբոլի սիրահարի համար անդառնալի ու անփարատիչ։ Միակ սփոփանքն այն է, որ գոնե նրա մասնակցությամբ պահպանված են տեսագրություններ, ու սերունդները գոնե այդ ճանապարհով հաղորդակից կլինեն ֆուտբոլի մեծ վարպետի մեծությանը։ «Իրատեսի» խմբագրակազմն իր վշտակցությունն է հայտնում ֆուտբոլային ողջ հանրությանը, մեծ վարպետի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ