«Լիլը» շարունակում է եղանակ ստեղծել
22.12.2020 | 01:57
Սկուդետեում եղած հետաքրքրությունը ոնց որ թե անցնում է և Ֆրանսիո կողմերը։ Նկատի ունենք այն, որ աղյուսակի վերնամասում այստեղ էլ նոր դեմքեր ենք տեսնում։ Իհարկե, հատկապես Ֆրանսիայի առնչությամբ դժվար է ասել, թե այդ նոր դեմքերը որքանով տևական կլինեն, սակայն բոլոր դեպքերում երևույթն ինքնին հետաքրքիր է, որովհետև որտեղ ինտրիգ չիք, այնտեղ լճացում է ու քարացածություն։ Ի միջի այլոց, նման մի փոքրիկ «ապստամբություն» էլ կարծես ուզում էր նշմարվել և Գերմանիայում, սակայն «Բավարիան» հասցրեց շատ վճռական կանխել։ Ի դեպ՝ «ապստամբածի» հետ տետատետ պայքարում։
ԻՍՊԱՆԻԱ
Նախորդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը ցավոտներից էր, սակայն ոչ թևաթափ անողներից, ինչը «Աթլետիկոն» շտապեց ապացուցել «Էլչեի» հետ դիմակայությունում։ Հասկանալի է, որ հյուրերը «Ռեալից» որակապես անհամեմատ թույլ թիմ են, սակայն Սիմոնեի սաների ձեռք գցած երեք միավորը ոսկե մեդալների համար պայքարում կարող է չափազանց էական գործոն լինել։
«Աթլետիկոյի» այս հաղթանակին հաղթանակով դիմադարձեց նորից չեմպիոնական վազք վերադարձած «արքայականը», որը դրսում 3։1 հաշվով պարտության մատնելով «Էյբարին»,՝ տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակն ու միավորներով՝ 29, կրկին հավասարվեց մադրիդյան մյուս գրանդ ակումբին։ Սակայն եկեք բոլոր դեպքերում չմոռանանք, որ այս 29 միավորի կողքին «Աթլետիկոն» ունի պակաս անցկացրած երկու հանդիպում։
Թեպետ դեռևս նկատելի դանդաղ (ի միջի այլոց, նաև մրցակիցների թույլտվությամբ) սակայն արդեն կայունորեն սկսում է տեղատվություն ապրել «Ռեալ Սոսիեդադը»։ «Բարսելոնից» հետո նրան նեղացրած երկրորդ թիմը եղավ «Լևանտեն»՝ դարձյալ պարտություն 1։2 հաշվով։ Սանսեբաստացիներին երրորդ հորիզոնականից մոտակա ժամանակում կարող է տեղաշարժի պարտադրել լոկ «Վիլիառեալը», որն ունեցած 25 միավորով նրանցից մեկ նիշի հեռավորության վրա է ու պակաս անցկացրած խաղ ունի։ Ինչ վերաբերում է տուրի՝ «Օսասունայի» հետ ունեցած հանդիպմանը, «Վիլիառեալի» համար այն հաղթական էր՝ 3։1։ Նկատենք, որ սրանով թիմը կոտրեց վերջին չորս հանդիպումներում ունեցած ոչ-ոքիների շարանը։
Իր անկայուն մրցելույթներով ֆուտբոլասերին արդեն դադարել է զարմացնելուց «Բարսելոնը»։ Տուրի մրցակիցն է եղել ընթացիկում առանձնապես ոչնչով աչքի չընկնող «Վալենսիան»՝ Կատալոնիայի մայրաքաղաքից տուն վերադառնալով միավոր վաստակած՝ 2։2։ Այս խաղում արձանագրելով դարպասի հերթական գրավում՝ Մեսին կրկնեց լեգենդար Պելեի այն նվաճումը, որը վերաբերում է մի թիմի կազմում խփած գոլերի ռեկորդային քանակին՝ 643։ Պելեի համար այդպիսի թիմ էր բրազիլական «Սանթոսը», Մեսիի համար բնականաբար այդպիսին դարձավ կատալոնյան թիմը։
Լավագույն վեցյակը եզրափակում է տնային խաղում «Բետիսին» 2։0 հաշվով պարտության մատնած «Գրանադան»։
ՖՐԱՆՍԻԱ
Տուրի թիվ մեկ հանդիպումը «Լիլի» ու «Պարի Սեն Ժերմենի» միջև էր, որտեղ հյուրերը պիտի որ փորձեին տանտերերից հետ նվաճել կորցրած առաջատարությունը։ Մայրաքաղաքցիներին դա անել չի հաջողվել, արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Նման արդյունքը հատկապես ձեռնտու է եղել «Լիոնի» համար, որն արտագնայում «Նիցցայի» հետ ունեցել է գոլառատ հանդիպում ու խաղը շահել է 4։1 հաշվով։ Արդյունքում լիոնցիները միավորներով՝ 33, հավասարվել են «Լիլին», դիվիզիոնում հաստատել երկիշխանություն։ ՊՍԺ-ն նրանցից հետ է մեկ միավորով։
Շարունակել է չորրորդ հորինականում մնալ «Մարսելը», որը սեփական հարկի տակ անկարող է եղել կոտրելու «Ռեյմսի» դիմադրությունը՝ 1։1։ Նախորդ տուրում «Ռենից» կրած պարտությունից հետո սա Մարսելի» համար միավորի կորստով ուղեկցված երկրորդ անընդմեջ հանդիպումն էր։ Ճիշտ է՝ պակաս անցկացրած երկու խաղի հաշվարկով այս խաղից հետո էլ հարավցիները շարունակում են մնալ առաջնության պոտենցիալ լիդեր, սակայն վերջին երկու խաղում չորս միավոր կորցնելն այնքան էլ հուսատու բաների մասին չի վկայում։
Միավորներով՝ 28, «Մարսելին» հավասարվել է երրորդ անընդմեջ հաղթանակը տոնած «Ռենը»։ Արտագնայում այն մրցել է «Լորիանի» հետ՝ 3։0։
Չմոռանանք հիշել և Միշել Դեր-Զաքարյանի «Մոնպելիեին»։ Տուրում այն հյուրընկալվել է «Բրեստին», վաստակել միավոր։ Հանդիպումում արձանագրվել է դարպասների երկուական գրավում։
ԱՆԳԼԻԱ
Նախորդ տուրում «Տոտենհեմին» հաղթելուց ու պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարությունը ստանձելուց հետո արտագնայում գոլառատ հանդիպում է ունեցել «Լիվերպուլը»՝ «Կրիստալ Պալասին» յոթ անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից ու տանտերերին թույլ չտալով որևէ այլ բանով աչքի ընկնել։ Դուբլով առանձնացել են Ֆիրմինոն ու Սալահը։
«Լիվերպուլից» պարտություն կրած «Տոտենհեմն» ակնհայտորեն չէր հասցրել հոգեբանորեն վերականգնվել, ինչից օգտվել է հյուր ժամանած «Լեստերը»՝ 2։0։ Այս պարտությունը Մոուրինիոյի սաներին իջեցրեց աղյուսակի հինգերորդ հորիզոնական, իսկ ահա երկրորդ հորիզոնականն իրենցով արեցին անգլիական «աղվեսները», որոնք 27 միավոր ունեն ու չորս միավորով են հետ առաջատարից։
Նորից հաղթական մրցելույթների գրաֆիկի է անցել «Էվերտոնը»՝ տոնելով երրորդ անընդմեջը։ Այս անգամ նրա առջև ծնկողն «Արսենալն» էր՝ 2։1։ Նշենք, որ վերջինս վերջին հինգ խաղից չորսը տանուլ է տվել։ Թիմի ճգնաժամն ակնհայտ է։ Ինչ վերաբերում է «Էվերտոնին», 26 միավորով չորրորդ տեղում է։
Հաղթական հանդիպումներ են ունեցել մանչեստրյան գրանդները։ Հյուրընկալելիս «Մանչեստր Յունայթեդը» 6։2 հաշվով ջախջախել է «Լիդսին», հյուրընկալվելիս հաջողակ է եղել Խոսեպ Գվարդիոլայի թիմը։ Մրցակիցը «Սաուտհեմպտոնն» է եղել։ Այստեղ արձանագրվել է դարպասի ընդամենը մեկ գրավում։ Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 26 միավորով դիրքավորվել է երրորդ հորիզոնականում՝ ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղով, որը հաղթական ավարտի հասցնելու դեպքում նրան կարող է դուրս բերել մաքուր երկրորդ տեղ։ «Սիթին» առայժմ յոթերորդն է, սակայն «Էվերտոնի», «Տոտենհեմի» ու «Սաուտհեմպտոնի» համեմատ պակաս անցկացրած մեկ խաղով։ Այստեղ էլ եթե ակտիվում եղածն ունենա հաղթական ելք, «քաղաքաբնակներն» էլ լավագույն վեցյակի մաս կկազմեն։
ԳԵՐՄԱՆԻԱ
Իսկապես ողբերգական ավարտ է ունեցել «Բայեր»-«Բավարիա» դիմակայությունը, որտեղ ողջ խաղի ընթացքում միանգամայն հավասար հնարավորություններով պայքար է ծավալվել։ Հենց այս ոգով էլ հանդիպումն իր տրամաբանական ավարտին է մոտենալիս եղել, երբ Լևանդովսկին խփել է մրցակցության իր երկրորդ գոլը։ Մրցավարը չի էլ թողել կենտրոնից խաղարկված գնդակին երկրորդ մեկը կպչի, անմիջապես ազդարարել է հանդիպման ավարտը։ 2։1 հաշվով հաղթանակից ու մեկ տուրի ընդմիջումից հետո մյունխենցիները 30 միավորով հետ են բերել միանձնյա առաջատարությունը։ «Բայերը» նահանջել է երկրորդ հորիզոնական։ Վերջինիս շրջանցելու հնարավորություն է ունեցել Լայպցիգը», սակայն տնային խաղում անկարող է եղել աղյուսակի նկուղային հարկերում գտնվող «Քյոլնից» մեկ միավորից ավելին պոկելու՝ 0։0, ու հավասարվել է լևերկուզենցիներին։ Երկուսն էլ ունեն 28 միավոր։
Բավականին տարօրինակ ընթացք է ունեցել «ՈՒնիոն Բեռլին»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունը, որտեղ վերջինս գրեթե ամեն ինչով գերազանցել է տանտերերին, սակայն ի հաշիվ նրա, որ վերջիններս փայլուն են իրացրել մրցակցի դարպասի մոտ նշանակված երկու տուգանայինն էլ, վերջնահաշվում հաղթել են՝ 2։1։ Այս հաղթանակից հետո 21 միավոր ունեցող «ՈՒնիոն Բեռլինն» ընդամենը մեկ նիշի հեռավորության վրա է աղյուսակի հինգերորդ տեղում հայտնված դորտմունդցիներից։ Բանն այն է, որ նրանց այնտեղ է մղել «Վոլֆսբուրգը», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Շտուտգարտի» նկատմամբ։
ԻՏԱԼԻԱ
Նույն 2։1 հաշվով հաղթանակներ են տարել սկուդետեի այս պահի դրությամբ առաջին երկու թիմերը՝ «Միլանն» ու «Ինտերը»։ Առաջինը հյուրընկալվելիս պարտության է մատնել «Սասուոլոյին», երկրորդը սեփական հարկի տակ գերազանցել է «Սպեցիային»։ «Միլանն» ունի 31, «Ինտերը»՝ 30 միավոր։
Միլանյան զույգին աղյուսակում հաջորդում է երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը», որը «Պարմայի» հետ արտագնա խաղում հաջողության է հասել 4։0 հաշվով։ Երկու գոլ է հեղինակել Քրիշտիանու Ռոնալդուն, երկուսն էլ խաղային դրությունից։ Այնպես որ, պորտուգալացին միայն 11-մետրանոցների հաշվին չի ավելացնում գոլերի քանակը։
Միավորներով «ծեր սինյորային» կարող էր հավասարվել «Ռոման», սակայն հյուրընկալելիս իտալական «գայլերին» ծանր պարտության է մատնել մրցակցին հանդիպման առաջին կեսը 0։1 հաշվով զիջած «Ատալանտան»։ Նկատենք, որ Ջեկոյին գոլային փոխանցում արած ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է։
Ասել, թե Բերգամոն ներկայացնող տղաները ընդմիջմանը հանդերձարանում ինչի կաթ են խմել, որոշակիորեն դժվար է, բայց որ երկրորդ խաղակեսում չորս անգամ ստորացրել են «Ռոմային», անդարձ իրողություն է։ Սակայն այս պարտությունը ոչնչով չսպառնաց Հենրիխ Մխիթարյանենց թիմի դիրքերին, քանի որ նրանից մեկ միավորի հեռավորությամբ գտնվող «Նապոլին» ծանր այց է ունեցել Հռոմ՝ տեղի «Լացիոյին» տանուլ տալով 0։2 հաշվով։
Լավագույն վեցյակը 23 միավորով եզրափակում է «Սասուոլոն»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ