Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը:
Բաքվին զենքի վաճառքն արգելելու հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որ նաև հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, վկայություններ, որ՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։
Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ ապացույցները մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, որոնք գուցե պահվում են պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով:
Նախօրեին մի խումբ իսրայելացի գիտնականներ բաց նամակ են հղել Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: