Այն, ինչ պրեմիեր լիգայում «Մանչեստր Յունայթեդը» չկարողացավ անել «Սաուտհեմպտոնի» հետ մրցավեճում՝ մրցաշարային աղյուսակում իր համար ապահովել քիչ թե շատ շահեկան վիճակ, սկուդետեում արեց «Ինտերը»։ Ինչ վերաբերում է նրան, թե որ թիմն է լինելու Իսպանիայի առաջնության ապագա չեմպիոնը, հարցը գրեթե հարյուր տոկոսի հավանականությամբ լուծված է, մնում է խնդրի, փաստորեն, ձևական կողմը։ Սակայն եվրոպական ֆուտբոլի այս առաջնությունը (ընդհանրական նկատի ունենք բոլորին) միայն չեմպիոնության համար պայքարով չէ, որ հետաքրքիր է։ Մրցանակային տեղերի համար այնպիսի խելահեղ պայքար է գնում, որ դժվար է անգամ երևակայելը։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 35-րդը եզրափակվեց «Մանչեստր Յունայթեդ»-«Սաուտհեմպտոն» դիմակայությամբ, որը կարող էր խոշոր շարժերի առիթ հանդիսանալ մրցաշարային աղյուսակում։ Ի պատասխան իր դարպասի նկատմամբ մրցակցի ոտնձգության, մանչեստրյան ակումբը արձագանքել էր երկու ստուգիչ «կրակոցով» ու, սկսած դիմակայության 23-րդ րոպեից ընդառաջ էր գնում 61 միավորն արձանագրված փաստ ունենալուն, որը միաժամանակ նշանակում էր երրորդ հորիզոնական՝ միանգամայն փայլուն դիրք թե՛ առաջնության բրոնզի համար պայքարն ավելի վստահ դիրքերից շարունակելու, թե՛ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին ուղիղ ճանապարհով մասնակցելու հնարավորությունը ձեռք գցելու համար։
Ամեն ինչ գնում էր նման հանգուցալուծման, սակայն պարզվեց, որ հյուր ժամանած «սրբերը» մինչև ավարտական աղոթքը չեն ասում, օրը, բանն ու գործն ավարտված չեն համարում։ Հավելյալ ժամանակը տանտերերի համար եղավ ճակատագրական։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը նշանակեց, որ «կարմիր սատանաները» շարունակում են մնալ հինգերորդ հորիզոնականում, թեպետ միավորներով՝ 59, արդեն հավասար են «Լեստերին»։
Անգլիական բարձրագույնի 36-րդ տուրը մեկնարկեց «Չելսի»-«Նորվիչ» դիմակայությամբ։ Դեռ քանի տուր առաջ պրեմիեր լիգային հրաժեշտ տված հյուրերը «ազնվականների» համար ծանր մրցակից եղան՝ ընդամենը մեկ անգամ թույլ տալով գրավել իրենց դարպասը։ Սակայն այստեղ կարևորը ոչ այնքան խփած գոլերի քանակն էր, որքան Լեմպարդի սաների ձեռք բերած երեք միավորը, որը թիմի համար շարունակեց ամրագրած պահել երրորդ հորիզոնականը՝ 63 միավոր, իսկ սա նշանակում է, որ անգամ հաղթական հանդիպում ունենալու դեպքում «Լեստերն» ու «Մանչեստր Սիթին» կշարունակեն «ազնվականներից» հետ մնալ մեկ միավորով։
Առաջին վեցյակը կազմած թիմերից տուրի շրջանակներում մրցավեճը շարունակեցին «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Առաջինի համար «Բոռնմուտի» հետ մրցակցությունը դեյուրե լինելու էր փոխչեմպիոնի կարգավիճակում, թեպետ այդ փոխչեմպիոնությունը երկրի վերջին երկու տարիների անփոփոխ չեմպիոնի համար առանձնապես ուրախալի նվաճում չէ։ Սակայն այս խաղը, որ տանտերերի համար զրոյական նշանակության էր ու ոչնչով չպարտավորեցնող, կարող էր բովանդակային այլ նշանակություն ձեռք բերել պրեմիեր լիգայում մնալու համար հուսահատ ջանքեր գործադրող հյուրերի համար։ «Քաղաքաբնակներն» այդ «պրախոդը» կտայի՞ն հյուրերին, թե՞ կշարունակեին վերջին խաղերի հանգույն զվարճանալ խոշոր հաշվով հաղթանակով, սա էր խնդիրը։ Ոչ առաջինը եղավ, ոչ երկրորդը։ Եղավ ընդամենը համեստ 2։1 հաշվով հաղթանակ, Գվարդիոլայի սաները միավորների թիվը հասցրին 75-ի, իսկ «Բոռնմուտի» համար բարձրագույն լիգայում մնալը դարձավ ավելի անհասանելի բան։
Մեկնաբանության առումով նույնպիսի վիճակ էր և «Արսենալ»-«Լիվերպուլ» դիմակայությունում։ Կոնկրետ լիվերպուլցիների պարագայում այս խաղը գալիս էր ասելու՝ արդյո՞ք Կլոպի սաները իրենց լիակատար բավարարությունը գտել են՝ արդեն իսկ չեմպիոն դառնալով, թե՞ ևս մեկ ռեկորդ գահընկեց անելու փորձ կանեն՝ մրցաշարն ավարտելով 33 հաղթանակով. հիշեցնենք, որ նախորդ երկուսում չեմպիոն հռչակված «Մանչեստր Սիթին» 32-ական հաղթանակ է տոնել։
Նկատենք, որ այս մրցավեճին թերևս պակաս մոտիվացված էր «Արսենալը», որն առաջնության միջոցով եվրոպական խաղարկությունների մասնակցության աղոտ հեռանկար ունի, ուստի խնդրի լուծման համար երկրի գավաթի խաղարկության հետ է ավելի շատ հույս կապում, բայց վերցրեց ու երկրի նորընծա չեմպիոնին պատժեց 2։1 հաշվով։
Տուրի մյուս հանդիպումներն այսօր են։ Առաջին վեցյակից «Լեստերը» չափազանց սկզբունքային հանդիպում էր ունենալու «Շեֆիլդի» հետ, որ հեռուն տանող պակաս հետաքրքրություններ չունի այս առաջնությունում («Լեստերի» առումով արդեն խոսել ենք)։ Ի դեմս «Կրիստալ Պալասի», պիտի որ «Լեստերի» համեմատ առավել դյուրին խաղ ունենար «Մանչեստր Յունայթեդը», թեպետ պրեմիեր լիգան մեկ անգամ չի հավաստել, որ հաճախ հարվածը գալիս է հենց այնտեղից, որտեղից ամենաքիչն է սպասվում։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի 32-րդ տուրն ավարտվեց «Ինտեր»-«Թուրին» մրցավեճով։ Հաղթանակը միլանցիներին ոչ միայն կվերադարձներ աղյուսակում կորցրած երբեմնի դիրքը, այլև միավորներով կհավասարեցներ «Լացիոյին»՝ լրացուցիչ գործակիցների հաշվարկով հռոմեացիների՛ն մղելով երրորդ հորիզոնական։
Այս դիմակայությունում էլ Անտոնիո Կոնտեի սաները երկրպագուների նյարդերի հետ խաղալուց անմասն չմնացին։ Բարեբախտաբար իրավիճակն արագ շտկվեց ու այնքան անհրաժեշտ երեք միավորը թիմը վերջապես վաստակեց։ Կամային հաղթանակը (3։1) «Ինտերին» հանեց երկրորդ հորիզոնական, քանզի լրացուցիչ գործակիցները հօգուտ միլանյան թիմի են։
Առաջնության 33-րդ տուրը մեկնարկեց «Ատալանտա»-«Բրեշիա» դիմակայությամբ։ Սկուդետեում մնալու վերջին օրերն անցկացնող հյուրերը պարզապես ընկան տանտերերի հարվածի տակ։ 6։2-ն ամեն ինչի մասին է խոսում՝ մեկնաբանությունը վերածելով անհամ պարտականության, որից էլ արդեն մենք ենք հրաժարվում։
Այս հաղթանակով Բերգամոն ներկայացնող թիմը դուրս եկավ երկրորդ հորիզոնական։ Մրցումային հաջորդ օրը շարունակված հանդիպումներում առաջին վեցյակը կազմածների առումով արձանագրվեցին հետևյալ արդյունքները՝ «Սասուլոն» տանը ապշեցուցիչ հանդիպում ունեցավ «Յուվենտուսի» հետ (3:3), «Լացիոն» ու «Նապոլին» արտագնայում ոչ ոքի խաղացին «ՈՒդինեզեի» (0։0) ու «Բոլոնիայի» (1։1) հետ։ «Լացիոն» 69 միավորով հաջորդեց 70-ն ունեցող «Ատալանտային»։ Առաջ անցնելով ասենք, որ երկուսին էլ կարող է իր հետևում թողնել այսօր ուշ երեկոյան ՍՊԱԼ-ի հետ մրցած, 68 միավոր ունեցող «Ինտերը»։ Բնականաբար՝ հաղթանակի դեպքում։ 53 միավորով վեցերորդ հորիզոնականում է «Նապոլին»։
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 36-րդ տուրն ավարտվեց «Գրանադա»-«Ռեալ» դիմակայությամբ։ Իհարկե, նյարդերի ցնցումները, հոգեբանական լարումները նաև նկատի ունենալով կարող էինք որոշակի հույսեր փայփայել, որ առաջնության վերսկսումից հետո փայլուն մեկնարկած «արքայականը» կարող է այս դիմակայությունում խնդիրներ ունենալ ու որոշակիորեն բարդացնել չեմպիոնության համար պայքարը, սակայն «սերուցքայինները» շատ ավելի գործնական եղան։ Հանդիպման արդեն 16-րդ րոպեին նրանք առջևում էին 2։0 հաշվով։ Հետագան, իհարկե, շատ ավելի նյարդային ստացվեց, որովհետև սկզբունքորեն կորցնելու ոչինչ չունեցող տանտերերը լրջորեն մտան պայքարի մեջ, ու պակաս թև տվողը հանդիպման 50-րդ րոպեին հյուրերի դարպասը խոցելը չեղավ։ Ով նայել է այս խաղը, հաստատ կվկայի, որ «Ռեալն» առնվազն մեկ-երկու անգամ մոտ էր գնդակ բաց թողնելուն ու միավոր կորցնելուն, սակայն ճակատագիրն այդ երեկո առանձնապես բարեհամբույր էր հյուրերի նկատմամբ, իսկ սա նշանակում է, որ առաջնության ավարտին մնացած վերջին երկու խաղում «արքայականին» անհրաժեշտ է ընդամենը երկու միավոր, որ հռչակվի երկրի չեմպիոն։
Իսպանականի նախավերջին տուրի մեկնարկը տրվեց երեկ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ