Թանկագին տիարք, ձեր վարչական սխրանքը, անկասկած, «Սիրո և համերաշխության» հեղափոխության խումարաթողի առհավտչյան է։ Օրեր առաջ, ավելի ստույգ` հուլիսի 7-ին, զայրալից մի նյութ հրապարակեցի «Իրատեսում», բավականին հանդուգն վերնագրով. «Սիրո և համերաշխության» հեղափոխության վարչական խեղկատակությունը»։
Անծանոթ ընթերցողին տեղեկացնում եմ սիրով, որ ինձ զայրացրել, հունից հանել էր Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի և նույն շրջանի ոստիկանության համառ և հետևողական աճպարարությունը բարձրացրած խնդիրների շուրջ։ Նախ առաջարկել էի Շիրազի փողոցի ամենաբանուկ մասում, կանգառի հարևանությամբ մետաղյա կոնստրուկցիաների և մետաղի ջարդոնի ներկրմամբ և առևտրով զբաղվող բազայի գործունեությունը դադարեցնել, քանի որ բազայից արտավիժող աղմուկը խաթարում է բնակիչներիս անդորրը, իսկ բազայի նկարագիրն ամբողջացնող փայտաշեն արտաքնոցը պարզապես խայտառակություն է մայրաքաղաքի համար։ Բացի սա, նշյալ բազայի դիմացի մայթին մոտ երկու տարի առաջ, մթության քողի տակ մի խարխուլ մետաղյա կրպակ տեղադրվեց, ըստ էության, զավթվեց համայնքային սեփականությունը։ Այս խարխուլ կրպակը, ըստ պատկան կառույցների գրավոր տեղեկացման, 2019-ի Վ-1/12 որոշմամբ ենթարկվել էր վարչական տույժի։ Զուգահեռաբար բարձրաձայնել էի բազայից և կրպակից մի փոքր հեռու հիմնված զբոսայգու ջրազրկման մասին։ Մոտ 2 տարի շարունակ Աջափնյակ վարչական շրջանի նախկին (Գևորգ Բաբայան) և ներկա (Թելման Թադևոսյան) ղեկավարները պաշտոնական գրություններով և բավականին անվրդով վստահեցնում էին ինձ, որ` «...Շիրազի փողոցի 26 հասցեում` վերգետնյա անցման հարևանությամբ գտնվող բազայի գործունեության վերաբերյալ, որը խանգարում է բնակիչների անդորրը, Մաշտոցի ոստիկանություն գրություն է ուղարկվել` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»։
Նաև որ` «Ոռոգման ջրի հետ կապված` հայտնում ենք, որ 2019 թ. ոռոգման ջրի անբավարարության պատճառով վարչական շրջանի որոշ կանաչ տարածքներ, այդ թվում և Ձեր կողմից նշված զբոսայգին անբարար ոռոգվեց։ Այս տարի նախատեսում ենք բավարար քանակի ոռոգման ջուր, որը կլուծի բարձրացված խնդիրները»։ Նաև որ` «Բազայում տեղադրված փայտե արտաքնոցը տեղադրված է ժամանակավոր»։ Ինքս առաջարկել էի, որ բազան դադարեցնի գործունեությունը արտաքնոցի հետ միասին, որ համայնքային սեփականության տարածքը զավթած և 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկված կրպակը հեռացվի կանաչապատ գոտուց և հայտնաբերվի վարչական տույժի ենթարկված սուբյեկտը, վերջապես ոռոգվի և խնամվի զբոսայգին։ Տիար Հայկոն («Քաղաքապետ» Հայկ Մարության) և տիար Թելմանը (Աջափնյակի վարչական շրջանի «ղեկավար» Թելման Թադևոսյան) զանց առան բողոք-ահազանգերս, ի հայտ եկավ «Սիրո և համերաշխության» հեղափոխության վարչական խեղկատակությունը» հոդվածը, և ես, նաև բազմաբնակարան շենքերի շատ բնակիչներ կռահեցինք, որ մեր երկրում հեղափոխական անիշխանություն է։ Սակայն շաբաթը շրջանցեց ուրբաթին. սույն ամսի հուլիսի 13-ին, երկուշաբթի օրը բազան անհետացել էր, բազայի զբաղեցրած տարածքում կեսգիշերն անց եղևնիներ էին տնկել, պահպանվել էր միայն փայտաշեն արտաքնոցը, ըստ ամենայնի, զբոսաշրջային գրավչություն հաղորդելով եղևնիների պուրակին։
Միաժամանակ վարչական տույժի ենթարկված զավթիչ կրպակը անհետացել էր, ամենահաս շշուկների համաձայն հայտնաբերվել էր զավթիչ կրպակի ելուզակ տերը, որը ձերբակալվել և գտնվում է ԱԱԾ-ի նկուղ-զնդանում։
Իսկ զբոսայգին, իհարկե, ոռոգվում է օրը երեք անգամ, խնամված է և ուղղակի գերիչ տեսք ունի։ Ավա՜ղ... վաղ առավոտյան բացեցի աչքերս ու դյութիչ երազս հալվեց-մաշվեց իրականության գաղջ մթնոլորտում։
Եվ ապա ես սրտանց առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին, քաղաքապետ Մարությանին և վարչական շրջանի ղեկավար Թադևոսյանին, նաև ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությանն ու մայրաքաղաքի ավագանուն ժամանել Աջափնյակ և ողջ կազմով շարվել վերգետնյա անցումի աջ և ձախ մասում, այնուհետև գազով լցված մեկական փուչիկ բաց թողնել օդ և ի լուր աշխարհի հանրահռչակել, որ «Նոր Հայաստանում» սկսվել է մի նոր, վերազարթոնքային պատմափուլ` մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի անվան փողոցում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱն