Անսպասելի վերադարձ, փայլուն հաղթանակ
10.07.2020 | 01:31
Անցած օրերի կատարյալ զարդը «Միլան»-«Յուվենտուս» դիմակայությունն էր՝ չգրված օրենքի ուժ ունեցող իր այն հաստատումով, որ 2։0-ն ֆուտբոլում ամենավտանգավոր հաշիվն է. ոչ այն է՝ քեզ կրած հաշվես, ոչ այն է՝ թուլանաս ու խաղը վերջնարդյունք գլորես։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը նշանավորվեց երրորդից չորրորդ հորիզոնական «Լեստեր»-«Չելսի» տեղափոխությունով։ Ընդ որում, «Լեստերինը» նահանջ էր, լոնդոնցիներինը՝ վերընթաց։ «Ազնվականները» հաջողակ եղան «Կրիստալ Պալասի» հետ արտագնա պայքարում՝ 3։2, իսկ ահա «Լեստերը», որ նույնպես հյուրի կարգավիճակ ուներ, միավոր կորցրեց «Արսենալի» հետ մրցակցությունում։ Նկատենք, որ հյուրերը հանդիպման հաշիվը հավասարեցրել են այն բանից հետո, երբ զինագործները մնացել են 10 ֆուտբոլիստով։ Միջանկյալ ասենք, որ երկրորդ տարին անընդմեջ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» կազմում խփում է +20 գնդակ։ Վերջին ֆուտբոլիստը, որ զինագործների կազմում նման արդյունք է գրանցել, եղել է Թիերի Անրին։ «Չելսին» ունի 60, «Լեստերը»՝ 59 միավոր։ Այս երկու թիմի համեմատականն անելիս ավելորդ չհամարենք նկատել, որ կորոնավիրուսի պատճառով հարկադիր դադարից հետո շատ ավելի արդյունավետ են հանդես գալիս «ազնվականները»։ Նրանք հաղթել են հինգ խաղից չորսում ու միայն մեկում են պարտվել, մինչդեռ լեստերցիներն ունեն մեկական հաղթանակ ու պարտություն, երեք ոչ-ոքի։
Դառնանք մյուս խաղերին։ «Նյուքասլին» հյուրընկալած «Մանչեստր Սիթին» առանձնակի խնդիրներ չունեցավ ու, հինգ գնդակ «բարձած», հյուրերին ճանապարհեց տուն՝ «Չելսիից» միավորների պոկվածությունը հասցնելով 9-ի։ Մրցաշարային աղյուսակում սա դեռևս դեյուրե արծաթե մեդալ չէ, սակայն ով կասկածում է լինելիքին, պարզապես այս աշխարհից չէ։
Ինքնին հասկանալի պատճառներով «Բրայտոնի» հետ արտագնա մրցակցությունում պիտի խնդիր չունենար երկրի նորընծա չեմպիոնը, ինչը և հաստատեց խաղը՝ 3։1։ Միջանկյալ նշենք, որ «Լիվերպուլն» այս առաջնությունում թերևս ոչ պակաս մոտիվացիա ունի՝ ի դեմս մրցաշրջանը 100 միավոր վաստակած ավարտելու։ Դրա համար նրան մնացած չորս խաղում անհրաժեշտ է վաստակել ութ միավոր։
Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու իր հավակնությունների մասին տուրում ազդարարեց «Շեֆիլդը»՝ հավելյալ ժամանակում հաղթանակ կորզելով նույնպիսի հավակնություններ ունեցող «Վուլվերհեմպտոնից», որը մնաց 52 միավորով, իսկ այն ընդամենը մեկ նիշով է գերազանցում «Շեֆիլդի» ունեցածը։
Երեկ ուշ երեկոյան կայացած «Աստոն Վիլա»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը վկայելու էր, թե որքանով է լուրջ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու մանչեստրյան ակումբի տրամադրվածությունը։ Ճիշտ է, անգամ հաղթանակը նրան տեղ չէր ապահովելու բաղձալի քառյակում, սակայն «Լեստերից» հետ մնալը կհասցներ մեկ միավորի, իսկ առաջնության ավարտին մնացած չորս հանդիպման պարագայում այդ տարբերությունը վերացնելը միանգամայն լուծելիք խնդիր է։
ԻՏԱԼԻԱ
Եթե մեզ առանձնապես շատ բաներով չպարտավորեցնենք, «Միլան»-«Յուվենտուս» հանդիպման առնվազն առաջին խաղակեսը գոնե «ծեր սինյորայի» համար փոքր-ինչ արագ տեմպով անցկացվող մարզում էր հիշեցնում։ Պայթյունը եղավ երկրորդ կեսին։ Երկրի գործող չեմպիոնը վեց րոպեի ընթացքում երկու անգամ երեխայի պես քթից բռնած ֆռռացրեց «Միլանի» պաշտպանությունը։ Գոլերը հեղինակեցին Ռաբիոն ու Ռոնալդուն։
Խաղը սկզբունքորեն կարելի էր ավարտված համարել, սակայն րոպեներ անց տուգանայինում գնդակը պատահաբար դիպավ Բոնուչիի ձեռքին, ու Իբրահիմովիչը շանսը ձեռքից բաց չթողեց։ Չորս րոպե անց Կեսին հաշիվը հավասարեցրեց։ Թուրինցիները գնդակը կարգին չէին էլ հասցրել խաղակենտրոն, Լեաուն տանտերերին մղեց առաջ։ Եվս 13 րոպե, ու արդեն ցնծում էր Ռեբիչը՝ մարզասերին թույլ տալով երևակայել՝ եթե գրողի տարած կորոնավիրուսը չլիներ, «Միլանի» որևէ ֆոտբոլիստի վրա հագուստի ծվեն կմնա՞ր, թե տղաները ստիպված կլինեին մորեմերկ ավարտել խաղը։ 0։2 պարտությունից հետո այսպիսի վերադարձ խա՞ղ... Ֆանտաստիկա էր։
Իհարկե, այստեղ «կլասներս» չենք գցի ու այդքան պարզամիտ չենք լինի՝ երևակայության գիրկն ընկելով, եթե «Լացիոն» «Լեչեի» դեմ խաղում պարտություն չկրեր (գրանցվել է 1։2 արդյունք), քանզի նման մտայնությամբ շարունակելու դեպքում հռոմեացիները ոչ թե արդեն երկրորդ հորիզոնականը կորցնելու տագնապով պիտի ապրեն (վերջին հինգ խաղում երրորդ, վերջին երկու խաղում անընդմեջ երկրորդ պարտությունն են կրում), այլ պիտի մտածեին առաջին տեղի համար պայքարելու մասին, ինչն արդեն անիրականանալի երազանքների շարքից է, որքան էլ, թե տեսականում, թե գործնականում նման տարբերակը չի բացառվում։ Սակայն չբացառվելը դեռևս չի նշանակում իրականություն դառնալ։
Վերջին խաղերը փայլուն անցկացնող «Ատալանտան» անզիջում եղավ հյուր ժամանած «Սամպդորիայի» նկատմամբ՝ պարտության մատնելով 2։0 հաշվով։ Այս հաղթանակը թիմին հնարավորություն տվեց ժամանակավորապես չորրորդ հորիզոնական մղելու «Ինտերին», որի մրցակիցը «Վերոնան» էր։ Այդ խաղը կայացել է երեկ երեկոյան։ Նշենք, որ Անտոնիո Կոնտեի սաներին կորցրած հորիզոնականը կարող է հետ բերել միայն հաղթանակը։ Այդ դեպքում հնարավոր 67 միավորով նա միջանկյալ դիրք կգրավեր համապատասխանաբար 68 ու 66 ունեցող «Ռոմայի» ու «Ատալանտայի» միջև։
Շատ կարևոր հաղթանակ տոնեց «Պարմային» հյուրընկալած «Ռոման»՝ 2։1։ Կրկին դարպասի գրավումով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը։ Իտալական «գայլերի» այս հաղթանակը կարևորում ենք նկատի ունենալով այն հանգամանքը, որ նմանատիպ հաշվով հաղթանակ է տոնել և «Ջենովային» հյուր գնացած «Նապոլին»։ Թե՛ «Ռոման», թե՛ «Նապոլին» ունեն 51-ական միավոր, պարզապես լրացուցիչ գործակիցներն են հօգուտ Մխիթարյանի թիմակիցների։
ԻՍՊԱՆԻԱ
Նախորդ տուրում «Էյբարի» նկատմամբ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով տոնած հաղթանակը «Սևիլիայի» համար ոչ միայն հուսալիորեն երաշխավորում է Չեմպիոնների լիգայի խմբայինում հանդես գալու հնարավորությունը, այլև որոշակիորեն լավ հեռանկարներ է պահում բրոնզե մեդալների համար պայքարում։ Դրա համար նախադրյալներն ավելի քան բարվոք դարձրեց «Աթլետիկոն», որն արտագնայում ոչ-ոքի՝ 1։1, խաղաց «Սելտայի» հետ։ Եթե երեկ ուշ երեկոյան լա լիգայի հերթական տուրի հանդիպումում անդալուզցիները հաջողակ գտնվեին «Աթլետիկի» հետ խաղում, միավորներով կհավասարվեին մադրիդցիներին, իսկ սա կնշանակեր կրքերի մի այլ կարգի շիկացում։
Ոչ պակաս հետաքրքրության էր Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցության իրավունքի համար պայքարող «Խետաֆեի» ու «Վիլիառեալի» մրցակցությունը։ Վիլիառեալցիները, որ նախորդ տուրում առանձնապես գլուխ չէին դրել «Բարսելոնի» հետ ու զիջել էին 1։4 խոշոր հաշվով, իրենց հաշվարկներում, փաստորեն, առավել հեռահար էին եղել՝ կարևորագույն նշանակության այս խաղի համար ուժեր խնայելով։ Հանդիպմանը գրանցվել է դարպասի չորս գրավում, սկսողն ու վերջացնողը եղել են տանտիրոջ կարգավիճակում հանդես եկող «Խետաֆեի» ֆուտբոլիստները՝ վերջնահաշվի համար արձանագրելով 1։3 հաշիվը։ 57 միավոր ունեցող «Վիլիառեալն» արդեն չորս միավորի հեռավորության վրա է «Խետաֆեից»։
Չի կարելի ասել, թե անսպասելիորեն սուր ստացվեց «Բարսելոն»-«Էսպանիոլ» դիմակայությունը, քանզի հյուրերի համար սա լա լիգայում մնալու վերջին հույսի խաղ էր, իսկ «Բարսելոնը» կռիվ է տալիս չեմպիոնության համար։ Հանդիպման ելքը որոշել է Լուիս Սուարեսի խփած միակ գոլը։ Կատալոնցիներն ընդհուպ մոտեցան «Ռեալին», սակայն երեկ «Ալավեսին» հյուրընկալած «արքայականը» հազիվ թե դիմանար միավորների տարբերությունը նորից չորսի հասցնելու գայթակղությանը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ