Չանելն անելուց լավ էր
07.07.2020 | 01:34
Չնայած վերնագիրը համարյա թե չարենցյան է ստացվել՝ բանաստեղծի ինտիմ կյանքում եղած չափազանց կոնկրետ դրվագի անուղղակի հիշատակումով, այդուհանդերձ, բոլոր դեպքերում մտքերովդ մեղսավոր բաներ չանցկացնեք։ Ասված ընդհանրականի մեջ մենք ընդամենը նկատի ունենք «Լիվերպուլի» պատվին «Մանչեստր Սիթիի» կազմած «չեմպիոնական միջանցքը», իսկ շատ ավելի ընդհանրապես ասած՝ մեր կռիվն ու վեճը կորոնավիրուս կոչված համաշխարհային այլանդակության հետ է, որ շատ-շատ բաներ է կյանքում փոխել՝ ստիպելով հարմարվել իրեն ու, քանի որ ձեռքներս առայժմ ճար չկա, իր թելադրած օրենքներով ենք շարժվում։ Իսկ թելադրանքներից մեկն էլ առաջնության տուրերի մասին մեկ ամբողջական տրամաբանության մեջ խոսելու հնարավորությունից զրկված լինելն էր, որն առանձնապես էական եղավ նախորդ տուրերի հանդիպումները ներկայացնելիս։ Փառք Աստծո, գոնե այս մեկը որոշակիորեն բացառություն եղավ, ինչը սակայն չենք կարող ներկայացնել առանց նախորդին անդրադարձ ունենալու։
ԱՆԳԼԻԱ
Նախորդ տուրից մնացածը «Մանչեստր Սիթի»-«Լիվերպուլ» առանցքային դիմակայությունն էր, որի մասին ամենատարբեր վարիացիաներով, փաստարկներով ու հնարավոր հիշատակումներով այնքան էինք խոսել, որ իր պատկերավորության մեջ համազոր էր կայանալիքն ամբողջությամբ մեկնաբանելուն։ Եվ այսուհանդերձ, երբ այն եղել-պրծել է, չի կարելի գոնե մի երկու խոսք չասել։ Չեմպիոնին հասանելիք մեծարման բոլոր անհրաժեշտ տարրերը «Մանչեստր Սիթին» պահպանեց՝ դրանով իսկ ևս մեկ անգամ հիշեցնելով իր մեծ ակումբ լինելը:
Այո, պահպանեց՝ բացի գլխավորից։ Թարսի պես էլ այդ գլխավորն էր ամենակարևորը։ Երկրի գործող չեմպիոնը նորընծա չեմպիոնին վերցրեց ու, ժողովրդական բառուբանով ասած, պարզապես քրքրեց։ Քրքրեց առանձնակի դաժանությամբ՝ ասես ցույց տալով, թե իրականում տանն ով է գլխավորը։ Հիմա թե այդ պարտության պատճառով որքան փրփրեց, ինչ շան լափ թափեց իր սաների գլխին Յուրգեն Կլոպը, Աստված գիտի, բայց որ 0։4 հաշվով պարտվելը կատարյալ խայտառակություն էր չեմպիոնական առաջին իսկ խաղում, անքննարկելի է։
Արդեն հաջորդ տուրում «Լիվերպուլն» անցյալից դասեր քաղած մտավ խաղադաշտ ու անելիքի ողջ կուժն ու կուլան փշրեց հյուր ժամանած «Աստոն Վիլայի» գլխին, որը, խոստովանենք, լավագույն ժամանակները չի ապրում, պրեմիեր լիգային հրաժեշտ տալու շեմին է կանգնած։ Հիշատակած կուժ ու կուլայի համար ասենք, որ հանդիպման հաշիվն էլ առանձնապես տպավորիչ չէր՝ 2։0, սակայն շատ ավելի էականը դաշտում լիվերպուլցի ֆուտբոլիստների հոդաբաշխ գործելն էր։
Հակառակ Կլոպի թիմի, իր հերթականում պարտություն կրեց «Սաուտհեմպտոնին» հյուր գնացած «Մանչեստր Սիթին»։ Հանդիպման հաշիվը տպավորիչ չէ՝ դարպասի ընդամենը մեկ գրավում է արձանագրվել, սակայն եկեք չմոռանանք, թե «սրբերը» ում դարպասն են «կուսազերծել»։ Այնպես որ, հաստատելով իր անկանխատեսելի լինելը, մեծ ֆուտբոլը դրա հետ մեկտեղ ցույց տվեց իր ողջ հմայքը, ինչի համար էլ կա ու շարունակում է լինել ամենասիրված մարզաձևն աշխարհում։
Պատշաճը մատուցելով «Լիվերպուլին» ու «Մանչեստր Սիթիին»՝ այդուհանդերձ չմոռանանք, որ առաջին հնգյակից 33-րդ տուրն առաջինը սկսել էին երրորդից հինգերորդ տեղերում հանգրվանած «Լեստերը», «Չելսին» «Մանչեստր Յունայթեդը»։
«Լեստեր»-«Կրիստալ Պալաս» մրցակցությունում տանտերերը հեշտությամբ են անցել վերջին խաղերում անհաջողություն անհաջողության հետևից արձանագրող հյուրերի արգելքը։ Դուբլով աչքի է ընկել Վարդին՝ 3։0։ Սա «Լեստերի» համար միավորների ավելի քան ակնկալված համալրում էր, մանավանդ որ նախորդ տուրում «Վեստ Հեմից» կրած դրամատիկ պարտությունից հետո «Չելսին» «ՈՒոթֆորդի» դեմ հաղթանակի ծարավով պիտի խաղադաշտ ելներ՝ փորձելով պահպանել երրորդ տեղի համար մրցակցությունում իր հիմնական մրցակցից մեկ միավորով հետ մնալու հեռավորությունը։ «Ազնվականները» լուծել են առաջադրված խնդիրը, այստեղ էլ է գրանցվել նույն 3։0 հաշիվը։
Տուրի հանդիպումը գերազանց է անցկացրել և «Մանչեստր Յունայթեդը»՝ սեփական հարկի տակ պահանջվածից ավելի խստապահանջ քննող դառնալով «Բոռնմուտի» համար՝ 5։2։ Նկատենք, որ առաջինը գոլ են բաց թողել տանտերերը։ «Կարմիր սատանաներն» ունեն 55 միավոր, ինչը երկուսով է պակաս «Չելսիի» ունեցածից։
ԻՍՊԱՆԻԱ
Հուլիսի 3-ին կայացած Մադրիդի «Ռեալ»-«Խետաֆե» դիմակայությունը, որով ավարտվեց 33-րդ տուրը, հուսաբեր չեղավ «Բարսելոնի» համար, քանզի «արքայականը» վաստակեց իր համար այնքան սկզբունքային նշանակության երեք միավորն ու կատալոնցիներից պոկվածությունը հասցրեց չորս նիշի (հանդիպման միակ գոլը խփվել է 11-մետրանոցից), ինչն իրավիճակ շտկելու տեսակետից առաջնության մնացած հինգ տուրի համար գրեթե անհաղթահարելի արգելք է դառնում։
Հաղթական մրցելույթների ավանդույթն «արքայականը» շարունակեց նաև Բիլբաոյում, տեղի «Աթլետիկի» հետ հերթական տուրի դիմակայությունում, որտեղ անհրաժեշտ երեք միավորի համար դարձյալ բավարար եղավ դարպասի մեկ գրավումն ու դարձյալ 11-մետրանոցի իրացումից։ Չէ, մենք ինչ-ինչ բաների ակնարկ չենք անում, մանավանդ որ VAR համակարգը հավաստում է նշանակված այդ տուգանայինների արդարացիությունը, բայց միակ 11-մետրանոցներով հաղթանակներն էլ առանձնապես հօգուտ մեծ ֆուտբոլի խոսող բան չեն։ Այստեղ միջանկյալ նկատենք, որ իր հերթին «Խետաֆեի» պարտությունը էապես մեծացրեց Եվրոպայի լիգայի խմբային փուլում ուղիղ ճանապարհով հայտնվելու «Ռեալ Սոսիեդադի» հնարավորություններն, ու անցնենք 34-րդի մյուս հանդիպումներին։
Հերթական տուրի սկիզբը դրվեց «Աթլետիկո»-«Մալյորկա» խաղով։ Աղյուսակի ներքնահարկերում գտնվող հյուրերը չկարողացան մեդալային հավակնություններ ունեցող մադրիդցիներին արժանի դիմադրություն ցույց տալ ու պարտվեցին 0։3 հաշվով։
«Վիլիառեալի» հետ արտագնայում գեղեցիկ խաղ անցկացրեց «Բարսելոնը»՝ այդ գեղեցկությունը շեշտադրելով դարպասի չորս գրավումով ու մեկ գոլ բաց թողնելով։ Հարկավ դժվար թե այն կատալոնցիներին օգնի չեմպիոնական պայքարում, սակայն մխիթարվենք «հույսը վերջինն է մեռնում» բանաձևումով ու անցնենք առաջ։
«Վիլիառեալի» այս պարտությունը կարող էր աղյուսակային հինգերորդ հորիզոնականը կորցնելու առումով դառնալ ճակատագրական, սակայն «Խետաֆեն» արտագնայում չկարողացավ կոտրել «Օսասունայի» դիմադրությունը և հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 53 միավորով «Խետաֆեն» մեկ նիշով հետ է մնում «Վիլիառեալից», որի կրած պարտությունը չորրորդ հորիզոնականում մնալու համար «Սևիլիային» (57 միավոր) կարող էր շատ ավելի բարենպաստ պայմաններ ապահովել սեփական հարկի տակ «Էյբարին» հաղթելու դեպքում։ Այդ, ինչպես նաև «Լևանտե»-«Ռեալ Սոսիեդադ» դիմակայությունները կայացել են երեկ ուշ երեկոյան։
ԻՏԱԼԻԱ
Նախորդ տուրի տեսությունն ամբողջության մեջ ներկայացնելու հնարավորությունից զրկած «Ատալանտա»-«Նապոլի», «Ռոմա»-«ՈՒդինեզե» առճակատումները սկուդետեի առաջին վեցյակում փոփոխություններ չբերեցին՝ «Յուվենտուս»-«Լացիո»-«Ինտեր»-«Ատալանտա» քառյակի համար՝ պահելով իրարից չորս միավորով հետ մնալու աստիճանայնությունը։
Հերթականի մրցումային առաջին օրն ուժերը չափեցին «Յուվենտուսն» ու «Թուրինը», «Լացիոն» ու «Միլանը»։ Թուրինյան դերբիում ամեն խաղակեսում երկու գոլ հեղինակած «ծեր սինյորան» հեշտությամբ լուծեց իր օրախնդիրը՝ 4։1, շարունակեց մնալ միանձնա առաջատարի դիրքում։ Այն ունի արդեն 75 միավոր։
Փոխարենը տհաճ զարգացումներ եղան «Լացիոյի» համար, այն էլ՝ սեփական մարզադաշտում։ Եվրոպական խաղարկությունների մասնակցության հնարավորություն ընձեռող առաջին վեցյակը տեսադաշտում պահող «Միլանն» առաջին խաղակեսում երկու գոլ հեղինակեց ու ըստ էության կոտրեց խաղի մեջքը։ Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով, ինչը նշանակեց, որ չեմպիոնության համար պայքարում հռոմեացիների հետ մնալը «Յուվենտուսից» հավասարվեց յոթ միավորի՝ փաստացի մահվան դատապարտելով ինտրիգը, ինչը, սակայն, կարող էր բովանդակային մի այլ կարգի լարվածություն հաղորդել արծաթե մեդալների համար մղվող պայքարին, քանի որ «Ինտեր»-«Բոլոնիա» մրցակցությունում տանտերերի հաղթանակը «Լացիոյից» հետ մնալը կհասցներ նվազագույնի։ Սակայն Անտոնիո Կոնտեի սաները չափազանց տխուր անակնկալ մատուցեցին սեփական երկրպագուին։ Երկրորդ խաղակեսում բաց թողնելով երկու գոլ՝ նրանք ձեռքից բաց թողեցին փաստացի հաղթանակը։ Միաժամանակ նկատենք, որ «Ինտերի» չիրացրած 11-մետրանոցն ակներևորեն ունեցավ իր հոգեբանական ազդեցությունը, այլապես 2։0 հաշվի դեպքում չափազանց դժվար կլիներ հյուրերի քամբեկը։
«Ինտերի» այս պարտությունը որքանով ձեռնտու էր «Լացիոյին»՝ պահպանվեց չորս միավորի տարբերությունը, շատ ավելի շահավետ եղավ արտագնայում «Կալիարիին» պարտության մատնած «Ատալանտայի» համար՝ 1։0, որն այս հաղթանակի արդյունքում արդեն ընդամենը մեկ նիշով է հետ մնում «Ինտերից», իսկ սա նշանակում է, որ մի այլ կարգի լարվածություն է մտնում առաջնության արծաթե ու բրոնզե մեդալների համար պայքարում։
Ոչ պակաս սկզբունքային նշանակության էր «Նապոլի»-«Ռոմա» հարաբերությունների պարզումը։ Ինսինիեի արտակարգ գեղեցկությամբ գոլը հաղթանակ է ապահովել տանտերերին, որոնք միավորներով (48) հավասարվեցին իտալական «գայլերին»։ Ի դեպ «Ռոմայի» գոլի հեղինակը մեր Հենրիխ Մխիթարյանն է։
ԳԵՐՄԱՆԻԱ
«Բայեր»-Բավարիա» դիմակայությունը երկրի գավաթի համար մրցակցության եզրափակիչ խաղն էր՝ տիտղոսին տիրանալու համար «Բայերի» աղոտ հույսով, «Բավարիայի» համար գրեթե հարյուրտոկոսանոց վստահությամբ, որովհետև այս պահին մյունխենցիները գերազանց որակի ֆուտբոլ են խաղում։
Տուգանայինից Ալաբայի հարվածն անկասելի էր, կատարման վարպետությամբ համարյա թե 11-մետրանոցի պես բան, իսկ ահա Կիմիխի գոլն արդեն դաշտի միջնամասում լևերկուզենցիների սխալի տրամաբանական հետևանքն էր։ «Բավարիայի» ներկայիս հզորության պայմաններում խաղը սկզբունքորեն արած-պրծած էր, մնում էր այն իր օրինաչափ ավարտին հասցնելը, թեպետ դեռևս շարունակում էր ուժի մեջ մնալ հնարավոր օտարալեզու քամբեկը, մեր մայրենիով՝ խաղին վերադառնալը։ Սակայն Ռոբերտ Լևանդովսկու գոլն ավելի շուտ մահավճռի փաստում էր։ Եվ այդուհանդերձ, ֆուտբոլիստները երկրպագուին շարունակեցին աշխույժ տոնուսի մեջ պահել։ Երկու գոլ հեղինակեցին լևերկուզենցիները, Լևանդովսկին ևս մեկն էլ հեղինակեց։ 4։2 և մրցաշրջանում նվաճած չեմպիոնությանը «Բավարիան» գումարեց երկրի գավաթը, իսկ շատ ավելի լուրջ հաշվարկով ցույց տալով, որ երկրում իրեն հավասարազոր մրցակից չունի, այդպիսինին պիտի փնտրել համաշխարհային ֆուտբոլում։ Բարեբախտաբար, Չեմպիոնների լիգան կա։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ