Մայրաքաղաքի տարբեր անկյուններից հայտնի ու անհայտ մարդիկ հորդորում են՝ «Կրիր, որ կրենք»: Կառավարական կաբինետի ներկայացուցիչների մտքի հերթական թռիչքն է, հասարակության մեջ քիչ թե շատ կշիռ ունեցող անձանց ձեռքը դիմակ են տվել, նկարել են նրանց ու անբովանդակ պաստառները «ճպացրել» քաղաքով մեկ: Վիրուսի գրանցման օրական դեպքերը շարունակում են մի քանի հարյուրն անցնել, մահվան թվերը ընդհուպ տասի են հասնում, իսկ մարդկանց առողջությամբ խստագույնս մտահոգվածները բավարարվում են միայն դիմակի մասին տարաբնույթ, մեկը մյուսին հակասող հայտարարություններ անելով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ վիրուսի տարածման առաջին օրերին խրոխտ տոնայնությամբ հայտարարում էր, թե դիմակ մի դրեք, դրանք, միևնույնն է, չեն օգնում, այժմ հորդորում է բացառապես բժշկական դիմակ դնել: Այդ տեսակետին է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. կառավարության վերջին նիստի ժամանակ նա նույնպես հորդորեց մոռանալ ինքնաշեն, կտորե դիմակների մասին: Ասողին, իհարկե, լսող պետք է, բայց դա այն դեպքում, երբ «ասողը» գիտի՝ ինչ է ասում: Իրարամերժ հայտարարություններին մարդիկ հետևել չեն պատրաստվում, ու դա բնական է: Մարդն ընկալում և ընդունում է այն, ինչն ի սկզբանե հրամցվում է իրեն: Ընդօրինակում այն պաշտոնյաներին, որ ամենօրյա ռեժիմով օրինակ են ծառայում, կատարում կառավարության իջեցրած հրահանգ-որոշումները: Կտորե դիմակ չկրելու Փաշինյանի կամ Թորոսյանի հորդորին քանի՞ մարդ է հետևելու, եթե Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու իմքայլական այլ պատգամավորներ չեն հետևում այդ հորդորին: Եթե սեփական թիմում անլուրջ են վերաբերվում վերադասի կոչին, ապա ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին ունի բոլոր իրավունքները չանսալու իշխանության` իրարից «բեխաբար» ներկայացուցիչների կոչերին: Հասարակությունը, ըստ երևույթին, դիմակ դնում է ոչ թե հետևելով ինչ-որ մեկի հորդորին կամ սեփական առողջության մասին մտածելով, այլ 10 հազար դրամ տուգանք չվճարելու համար միայն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ