Ընդհանրապես սոցհարցումները, այն էլ քաղաքական հարցաշարով, այնքան հեռու են իրական պատկերից, որ դրանք քաղաքական գործունեության հիմք դարձնելը, մեղմ ասած, անհեռատես քայլ է։ Այսօր GALLUP International association»-ի հայաստանյան գրասենյակը հունիսի 10-27-ը իրականացրած հերթական հետազոտության արդյունքներն է ներկայացրել։ Ըստ այդմ, եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, հարցվածների 55 տոկոսը կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք/«Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 6 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 1.8 տոկոսը՝ Հայ հեղափոխական դաշնակցության, 1.4 տոկոսը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, 0.9 տոկոսը՝ Հայրենիք կուսակցության, 0.3 տոկոսը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության, 0.1 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրեսի, 0.1 տոկոսը՝ «Սասնա ծռեր» կուսակցության։ 13 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկի օգտին էլ չի քվեարկի, 3 տոկոսը` այլ թեկնածուի օգտին կքվեարկի, իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Իշխանությանը վերագրած թվերը ոչ թե չափազանցված, այլ իրականությունից կիլոմետրերով հեռու են։ Այսօր, երբ Փաշինյանի կառավարությունը տապալել է աշխատանքները բոլոր ոլորտներում, համավարակի դեմ պայքարը ձախողված է, դժվար է պատկերացնել, որ հարցվածների 55 տոկոսը նորից կուզենա իշխանության բերել այս քաղաքական ուժին։ Որպեսզի իրավիճակն ավելի պարզ լինի ընդամենը փաստենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2֊3 տարի առաջ, այս նույն ընկերության հարցումներով ՀՀԿ-ն համարյա նույն վստահության քվեն ուներ, սակայն կարճ ժամանակ անց տեսանք, թե այդ ամենին ինչ քաղաքական իրադարձություններ հետևեցին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ