Հարթագյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտագնացության հանգամանքից բարկացած՝ առողջապահության աթեիստ նախարարն այժմ էլ խոսում է գիտակցված, բայց ոչ պարտադրված տոտալ սահմանափակումների մասին: Չգիտեմ՝ նա բավարար համարձակություն կունենա՞, օրինակ, նախարարների կամ պատգամավորների աշխատասենյակներից լուսանկարներ հրապարակելու, որտեղ վերջիններս, իրար գլխի հավաքված, այս օրերի համար «կենսական նշանակություն ունեցող» Սահմանադրական դատարանի հարցն են քննարկում: Facebook-ի իր էջում Թորոսյանը հաճախ է այս կամ այն ուխտավայր-սրբատեղիի նկարը տեղադրում ու կիսամուննաթ տոնայնությամբ գրում, թե խախտվել են պարետի որոշումները: Իմ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդի համոզմունքն ու տեսակետը որևէ կերպ չեն տեղավորվում պարետի կայացրած որոշումների տրամաբանության մեջ: Վստահ եմ՝ հավատավոր մարդուն ո՛չ կորոնավիրուսը կարող է վախեցնել, ո՛չ էլ, օրինակ, աշխարհի կործանման լուրը: Հետևաբար, այո, ուխտ արած ու հավատքով Տիրոջ դուռը գնացած մարդկանց թիրախավորելն ինձ համար անընդունելի է:
Գիտակցված, բայց չպարտադրված «լոքդաունը», ըստ Թորոսյանի, հետևյալ տեսքը պետք է ունենա՝ աշխատանքի դուրս չգալ, հրաժարվել սրճարաններ ու ռեստորաններ գնալուց (թեև դրանք չեն փակվելու), երեկոյան չզբոսնել, բացառել բոլոր տեսակի արշավներն ու ուխտագնացությունները և այլն: Կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չհամարող, դիմակներ դնել-չդնելու հարցում այդպես էլ չկողմնորոշված նախարարը սակայն չի մանրամասնում՝ իսկ ի՞նչ անեն, օրինակ, այն սրճարանի կամ ռեստորանի տերերը, որ հաճախորդ չեն ունենալու, բայց ստիպված են լինելու հարկ ու տուրք վճարել: Ինչպե՞ս գոյատևեն զբոսավարները, որ փաստացի անգամ ներգնա տուրիզմ չեն կարող կազմակերպել: Եվ, առհասարակ, ինչպե՞ս օրվա հաց վաստակել, եթե նախարար չես ու աստղաբաշխական պարգևավճարներ չես ստանում: Երկրի տնտեսությունը, աներկբա, մեկ մարդու հակասական կարծիքի զոհ է դարձել, իսկ մոտալուտ գործազրկությունը ոչ պակաս զոհեր է տալու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ