Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կոչվող կայքում ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից COVID-19-ով հիվանդների մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունը կասկածելու լուրջ հիմքեր է տալիս, որ մեր երկրում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերն իրականից պակաս են ներկայացվում:
Թե ինչու է պակաս ներկայացվում, կարող են տարբեր բացատրություններ լինել, որոնցից մեկն էլ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու գործում ՀՀ իշխսնությունների հանցավոր քաղաքականության ողբերգական հետևանքները հնարավորինս նվազ թվերով, մեղմ ներկայացնելն է:
Ինչպես հայտնի է, նոր կորոնավիրուսով վարակակիր անձը եթե մահանում է, դիահերձում չի կատարվում: Մարտի 31-ին այդպես որոշվեց օրենսդրությամբ, փաշինյանական իշխանության կողմից, այսինքն` «Ազգային ժողով» կոչվածում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեների գերակշիռ մեծամասնությամբ: Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կամ առողջապահական համակարգը նոր կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց մահվան պարագայում նրանց մահը հանրությանը ներկայացրեց իբրև այլ հիվանդությունից մահացած:
Ընդգծենք, որ մահացած վերոնշյալ անձանց` նոր կորոնավիրուսով վարակված լինելը մենք չէ, որ պարզել և հայտարարում ենք, նշված հանգամանքը դեռ նրանց կենդանության օրոք թեստավորմամբ պարզվել, թեստի դրական արդյունքով հաստատվել է բուժաշխատողների կողմից, ավելին` այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության պարետատան հիշյալ կայքում, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակվող ամփոփագրերում: Միաժամանակ նշվում է, թե այդ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մարդը ոչ թե անմիջականորեն մահանում է այս կամ այն վիրուսից, այս կամ այն հիվանդությունից, այլ այդ հիվանդության պատճառով թոքային անբավարարության, սրտային անբավարարության կամ երիկամային անբավարարության, ընդհանրապես, իր գոյության համար կարևորագույն, վճռորոշ որևէ օրգանի, համակարգի ախտահարման, դրա կենսականորեն կարևոր գործառույթի ճակատագրական խաթարման կամ կանգի հետևանքով: Դա է պատճառը և՛ այն բոլոր դեպքերում, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը և պարետատունը ներկայացնում են, որ այս կամ այն քանակի մարդիկ մահացել են COVID-19-ի պատճառով, և՛ բոլոր այն դեպքերում, երբ նույն մարմինները ներկայացնում են, թե պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Նկատի ունենալով վերը շարադրվածը, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բացատրություն տա, թե այդ ինչի՞ հիման վրա է որոշվել, որ թեև պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, առավել ևս` դա ինչպե՞ս է որոշվել այն պարագայում, երբ տվյալ անձանց դիահերձում չի կատարվել, քանի որ կենդանության օրոք հաստատվել է նոր կորոնավիրուսով նրանց վարակակիր լինելու հանգամանքը:
Այո, նախարարությունը պետք է բացատրություն տա, թե այն բոլոր 143 անձինք (վերոնշյալ կայքում հունիսի 29-ի ժամը 11-ի դրությամբ հենց այդ թիվն է հրապարակված), որոնց պարագայում ներկայացնում է, թե պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, որոշակի ի՞նչ հիվանդություններից են մահացել: Ի՞նչ է, նրանք բոլորը, ասենք, ինսուլտից հանկարծամա՞հ են եղել, չորրորդ փուլում գտնվող ուղեղի կամ արյան քաղցկե՞ղ են ունեցել, երբ, անկախ նոր կորոնավիրուսով նրանց վարակված լինելու հանգամանքից, կարելի է պատկերացնել ու հավատալ, որ մահացել են ոչ թե COVID-19-ի, այլ նշված պատճառներից մեկնումեկի հետևանքով:
Քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը վերը նշված հարցերի պատասխանը չի տվել, մենք բոլորս իրավունք ունենք չհավատալու, որ նոր կորոնավիրուսով վարակված հիշյալ 143 անձանց կամ, թեկուզ, նրանց մի մասի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առավել ևս, որ չհավատալու այլ հիմքեր էլ կան…
Նշենք նաև, որ պարետատունն իրականից պակաս է ներկայացրել նույնիսկ այն անձանց քանակը, որոնց առնչությամբ իր կայքում հրապարակել է, որ թեև այդ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Նմանաբնույթ առաջին տեղեկատվությունը, որը պարետատան հիշյալ կայքում հայտնվեց ապրիլի 29-ին, հետևյալն է.
«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային վարակով վարակվածների մահվան նախորդ երկու, այսպես կոչված, անուղղակի դեպքի մասին նշված կայքն ավելի վաղ չէր հայտնել: Հետագայում նոր կորոնավիրուսով վարակված, բայց, ըստ նախարարության և պարետատան, այլ հիվանդության պատճառով մահացած անձանց քանակը, պարետատան կայքում հրապարակվող տեղեկությունների համաձայն, գնալով ավելացավ, և, ինչպես արդեն նշեցինք, հունիսի 29-ի ժամը 11-ի դրությամբ կազմում է 143: Բայց, պարզվում է, այս թիվն իրականից պակաս է, եթե հիմք ընդունենք հենց պարետատան կողմից ավելի վաղ հրապարակված տեղեկությունները:
Ահավասիկ. պարետատան կայքում հունիսի 25-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է»: Նույն կայքում հունիսի 26-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է»: Պարզ է, որ եթե նշված դեպքերի քանակը հունիսի 25-ին 4-ով ավելացել է, ապա այդպիսի դեպքերի ընդհանուր քանակը պետք է կազմեր 135, մինչդեռ հունիսի 26-ին ներկայացվել է 130` հունիսի 25-ին հրապարակված թվից դեռ մեկով էլ պակաս:
Առավել կարևորը, սակայն, թվային վերոնշյալ անհամապատասխանությունը չէ (դա, ի վերջո, կարող է ոչ թե դիտավորության արտահայտություն լինել, այլ վրիպակի հետևանք), այլ մինչ այդ նշվածը, ինչպես նաև այն, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը կարող է ունենալ մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռություն:
Ինչպես հայտնի է, Հայաստանում մինչ հունիսի 29-ի ժամը 11-ը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, պարետատան կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, կազմում է 25127, ինչն ահավոր բարձր ցուցանիշ է ընդամենը 2956900 բնակչություն (2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության) ունեցող Հայաստանի համար:
Հայաստանի փաստացի բնակչությունը (այս պահին ՀՀ տարածքում ապրող) իրականում ավելի պակաս է, քանի որ վերոնշյալ 2956900-ի մեջ ընդգրկված են նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով գտնվում են արտերկրում: Սակայն եթե հաշվարկի համար հիմք ընդունենք ՀՀ բնակչության նույնիսկ վերոնշյալ քանակը` 2956900-ը, և այն բաժանենք ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակի այսօր հրապարակված թվի` 25127-ի վրա, կստացվի, որ Հայաստանի յուրաքանչյուր 118 բնակչի հաշվով մինչ երեկ ժամը 11-ը գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված 1 դեպք:
Իր այս ցուցանիշով Հայաստանն ինչպես նախկինում, այժմ էլ աշխարհի` COVID-19-ի հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող պետությունների շարքում է: Մի հանգամանք, որը չէր կարող ժխտել ու չի ժխտել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 26-ին խոստովանելով, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է: Համեմատության համար ընդգծենք, որ Հայաստանն իր տվյալ ցուցանիշով գերազանցում է նույնիսկ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակի առումով աշխարհում 2-րդ տեղում գտնվող Բրազիլիային:
Բրազիլիայի բնակչությունը 2020 թ., վերջին տվյալների համաձայն, կազմում է 216552469 մարդ, երեկ ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի կայքում ժամը 16:33-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրազիլիայում նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ այդ պահը հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 1344143: Բրազիլիայի բնակչության քանակը բաժանելով այդ երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի վրա, ստանում ենք 161,10821, այսինքն` Բրազիլիայի յուրաքանչյուր 161 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է նոր կորոնավիրուսով 1 հիվանդ` այն դեպքում, երբ ՀՀ յուրաքանչյուր 118 բնակչի հաշվով է գրանցվել նոր կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Ստացվում է, այդ առումով Հայաստանի ցուցանիշը գրեթե 1.5 անգամ գերազանցում է նույնիսկ Բրազիլիայի համապատասխան ցուցանիշին:
Խոստովանելով, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, Արսեն Թորոսյանը, սակայն, որպես հակակշիռ SARS-CoV-2-ի և նոր կորոնավիրուսային հիվանդության առնչությամբ իր և, ընդհանրապես, ՀՀ իշխանության հանցավոր քաղաքականության վերոնշյալ հետևանքի, միաժամանակ ասել է, որ 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Ընդ որում, Արսեն Թորոսյանը սա ասել է` անդրադառնալով նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին, նաև հավելել` «Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ»։
Ահա նաև վերոնշյալը նկատի ունենալով ենք կարծում, որ Արսեն Թորոսյանը կարող է ունենալ COVID-19-ի պատճառով մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռվածություն: Չէ՞ որ եթե 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ, ապա կարելի է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, իշխանությունները թեև ձախողվել են հիշյալ վարակի տարածման դեմ պայքարում, սակայն հաջողել են COVID-19-ի պատճառով մահացության դեմ պայքարում, քանի որ ունենք մահացության ցածր ցուցանիշ:
Ցա՞ծր… Մի շարք երկրների համեմատ, այո, ցածր, սակայն ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը պետք է համեմատել ոչ թե իրենց պայմաններով, առողջապահական համակարգի և բնակչության հետ կապված առանձնահառկություններով Հայաստանից խիստ տարբեր երկրների, այլ հետխորհրդային պետություններում, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշների հետ, իսկ երբ այս համեմատությունը կատարում ենք, պարզվում է, որ Հայաստանում բարձր է նաև մահացության ցուցանիշը:
Եթե Հայաստանի բնակչության քանակը (2956900) բաժանենք պարետատան կայքում երեկ ժամը 11-ի դրությամբ հրապարակված Հայաստանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թվի` 433-ի վրա, կստացվի 6828,8684, այսինքն` հունիսի 29-ի ժամը 11-ի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր 6829 բնակչից մեկն արդեն մահացել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից:
ՀՏրրՑՈՑ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՌԴ բնակչությունը 2020 թ. դեռ հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 146748590 մարդ: ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի COVID-19-ի վերաբերյալ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող հատուկ կայքում հունիսի 29-ի ժամը 16:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռուսաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի քանակը կազմում է 9152: ՌԴ բնակչության քանակը բաժանելով այս թվին, կստանանք 16034,592, այսինքն` նշված պահի դրությամբ Ռուսաստանի յուրաքանչյուր 16034 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով` այն դեպքում, երբ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցինք, յուրաքանչյուր 6829 բնակչից մեկը: Սա նշանակում է, որ Հայաստանում մահացության ցուցանիշը ՌԴ մահացության ցուցանիշի համեմատ մոտ 2,5 անգամ բարձր է:
Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Բելառուսի բնակչությունը 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9408400 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում հունիսի 29-ի ժամը 16:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բելառուսում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերի քանակը 387-ն է: Բելառուսի բնակչության քանակը բաժանելով նշված թվին, կստանանք 24311,111, այսինքն` նշված պահի դրությամբ Բելառուսի յուրաքանչյուր 24311 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշն ավելի քան 3,5 անգամ բարձր է Բելառուսում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:
ՈՒկրաինայի բնակչությունը 2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ, կազմել է 41830600 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում հունիսի 29-ի ժամը 16:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 1161-ն են: ՈՒկրաինայի բնակչության քանակը բաժանելով նշված թվին, կստանանք 36029,802, այսինքն` նշված պահի դրությամբ ՈՒկրաինայի յուրաքանչյուր 36029 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը մոտ 5,5 անգամ բարձր է ՈՒկրաինայում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:
Վրաստանի բնակչությունը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 3756564 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի նույն կայքում հունիսի 29-ի ժամը 16:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 15-ն են: Վրաստանի բնակչության քանակը բաժանելով 15-ի, կստանանք 250437,6, այսինքն` Վրաստանի յուրաքանչյուր 250437 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը մոտ 37 անգամ բարձր է Վրաստանում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:
Դեռ 2020 թ. մարտի 1-ի դրությամբ Ադրբեջանի բնակչությունը կազմել է 10079300 մարդ: Հիշյալ համալսարանի նույն կայքում հունիսի 29-ի ժամը 16:33-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 198-ն են: Ադրբեջանի բնակչության քանակը բաժանելով 198-ի, կստանանք 50905,556, այսինքն` Ադրբեջանի յուրաքանչյուր 50905 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը շուրջ 7,5 անգամ բարձր է Ադրբեջանում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:
Ահա այսպիսի թվեր ու փաստեր, որոնք վկայում են ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման ու COVID-19-ի պատճառով մահացության չափազանց բարձր ցուցանիշների մասին, վարակի տարածման ու մահացության դեմ պայքարի գործում առողջապահության նախարարի, նախարարության, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու փաշինյանական իշխանության ակնհայտ ձախողման մասին, որի ահավոր հետևանքները ՀՀ բնակչությունն ամբողջ ծավալով դեռ նոր է զգալու:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ