Չորս օր առաջ հաքերային հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը, և ոչնչացվել են շուրջ 20 տարվա բազաները։ Թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, որ նույն օրը դիմել են ԱԱԾ, սակայն կառույցից ընդամենը երեկ երեկոյան, այսինքն 3 օր հետո զանգել են ու ասել, որ դիմեն ոստիկանություն։ Ստացվում է, որ 3 օր էր պետք ԱԱԾ-ին՝ հասկանալու, որ այդ հարցով պիտի ոստիկանությունը զբաղվի։ Տիկին Նախշքարյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան դիմել է նաև ոստիկանություն։
Իսկ մինչ այդ խմբագրությունը սեփական ուժերով որոշ նյութեր վերականգնել է, մյուսների ուղղությամբ էլ աշխատում են։ Հարցին` կասկածներ կա՞ն, թե ով կարող էր նման բան անել, Ֆլորա Նախշքարյանը նշեց, որ իրենք անդրադառնում են տարածաշրջանում կատարվող զարգացումներին, ներքաղաքական թեմաներին, ուստի «չուզողներ» կլինեն և ներսից, և դրսից։ Սեփական եզրահանգումներն ունենալով հանդերձ, Նախշքարյանը գերադասում է սպասել իրավապահների արձագանքին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ