Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ‚ խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին‚ նկատում է‚ որ իշխող քաղաքական ուժը փորձում է հաստատել‚ որ միակն է‚ և ամեն ինչ պետք է կատարվի իր գիտությամբ ու իր թելադրանքով‚ մյուս ուժերը պետք է դառնան իր գործակալները‚ և ով կողմ չէ‚ ըստ իշխանության‚ դեմ է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։
«Իրենց նպատակներին հասնելու համար իշխանությունները գնում են ամեն ինչի՝ սրելով հարաբերությունները միջազգային հանրության հետ։ Միջազգային դաշտում վարկանիշի կտրուկ անկում է տեղի ունենում։ Աշխարհի շատ լրատվամիջոցներ ներկայացրել են ընդդիմադիր ուժի նկատմամբ քրեական հետապնդումներն ու ճնշումները։ Այնպես որ, Հայաստանի վարկանիշը` որպես ժողովրդավար պետության‚ կարող է շատ կտրուկ նվազել‚- ասում է Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով‚ որ իր վերջին քայլերով Փաշինյանը բարձրացնում է Գագիկ Ծառուկյանի՝ որպես ընդդիմադիր դաշտի կարկառուն դեմքի վարկանիշը‚ և եթե հետագայում ընտրություններ լինեն‚ Ծառուկյանի հնարավորությունները՝ դառնալու ամենահզոր ընդդիմադիր ուժը‚ ապահովվում են։- Այնպես որ, այն‚ ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, երկսայր սուր է. դանակը երկու կողմ ունի՝ մեկը քեզ է կտրում‚ մյուսը՝ ուրիշին։ Կտրելով Ծառուկյանին՝ կտրում ես նաև քեզ»։
Ընդդիմադիր դաշտում տեսանելի են նաև համախմբման տարրեր։ «Բարգավաճ Հայաստանը»‚ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հիմա տեսնենք‚ թե Հայաստանի հանրապետական կուսակցությունն ինչպես կնայի այս եռյակի համախմբմանը։ Եթե առաջիկայում լինեն ընտրություններ‚ հարց է ծագում՝ ով պետք է գա իշխանության՝ «Իմ քա՞յլը»‚ հանրապետական կուսակցությու՞նը‚ թե՞ այս նորաստեղծ ընդդիմադիր քաղաքական ուժը։ Գուցե միավորվեն‚ ինչ-որ ալյանս ստեղծեն‚ գնան փոխզիջումների‚ սակայն ամեն դեպքում Փաշինյանն ու իր քաղաքական ուժն արվող քայլերով կրճատում‚ փոքրացնում են իրենց սոցիալական բազան‚ ինչն էլ կարող է բացասական դերակատարում ունենալ հետագա ընտրություններում»‚- ասում է պարոն Ադիբեկյանը։
Գործող իշխանությանը հեռացնելու ի՞նչ մեխանիզմներ կան։ Ըստ սոցիոլոգի՝ փողոցային ժողովրդավարությունը մեզ համար արդեն անցյալ փուլ է։ Այս խաղը մի անգամ խաղացել են‚ արդյունքը տեսել են։ Նոր ընտրություններին սպասելու համար տարիներ են պետք‚ ու դեռ հայտնի չէ‚ թե այդ ընթացքում ինչ կկատարվի՝ վիճակը կսրվի-կվատանա‚ թե տեղի կունենա կայունացում և բարելավում. «Ծառուկյանի բարձրացրած հիմնական թեզն այն էր‚ որ աշնանը կլինի սով‚ գործազրկության մակարդակը մեծացել է‚ դրսից դրամական փոխանցումները‚ արտագնա աշխատանքի ծավալները կրճատվել են‚ և ստեղծված իրավիճակը կարող է հարցականի տակ դնել գործող իշխանության հայտարարությունները‚ թե նրանք բարեփոխման առաջնորդներն են»։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Փաշինյանն ինքնուրույն հրաժարական չի տա‚ նա իր մասին շատ մեծ կարծիք ունի ու մտածում է‚ որ իր գործողությունները տրամաբանական ու ճիշտ են։ Հույսն այն է‚ որ Փաշինյանի շրջապատը‚ հասկանալով‚ որ վարչապետի պատճառով կորցնում է իշխանությունը‚ կստիպի նրան հրաժարական տալ։ Սակայն Ազգային ժողովում վերջին քվեարկությունը Ծառուկյանի հարցի շուրջ ցույց է տալիս‚ որ բոլորը լսում են իրենց առաջնորդի հրահանգը, և սպասել‚ որ պատգամավորները դուրս կգան Փաշինյանի դեմ‚ այն էլ՝ եղած պարգևավճարների պայմաններում, խիստ կասկածելի է»։
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ