«Սա համավարակներից ամենասարսափելին չէ, նախորդների պես սա նույնպես հաղթահարելու ենք»
24.04.2020 | 01:36
«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի տնօրեն ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:
-Խաչիկ, հաջողվե՞լ է արտածել ինքնամեկուսացումի Ձեր բանաձևը, որի կարիքն ունենք այսօր բոլորս, ըստ որում՝ յուրաքանչյուրիս դեպքում այն ունի իր առանձնահատկությունները:
-Դեռ դպրոցահասակ տարիներից եմ մղվել առանձնության. այդպես հեշտ է ընկալել, մարսել տեսածդ, զգացածդ: Հիմա ժամանակահատվածի մեծ բաժին տրվեց` ազատորեն անցնելու հուշերի միջանցքներով: Մի առիթով ասել եմ` մարդու ներսի անասունը գլուխ է բարձրացրել և ամենուր խոշտանգում է աստվածայինը: Հնարավորություն է տրվել, էժանագին հորինվածքները մերժելով, հաղորդվելու գրականության, երաժշտության մարդկության ստեղծած բարձրագույն արժեքներին: Մենք շրջանցում ենք մեր ազգապահպան արժեքները՝ դառնալով դրսից թափանցած կամ պարտադրված անկենսունակ, այսպահական մշակույթի շրջանառուն:
-Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանն այս օրերին ակտիվ գործում է առցանց: Որքանո՞վ է տնօրենը մասնակցում այդ գործընթացին:
-Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը ժամանակին իմ նախաձեռնությամբ է, ՀՀ մշակույթի նախարարությունից օտարվելով, հայտնվել քաղաքային համայնքի հաշվեկշռում: Մեր նշանավոր արվեստագետների հետ թանգարանի գրական սրահում տեղի ունեցող հանդիպումները, մեր երկրում լույս տեսնող արժեքավոր նոր գրքերի շնորհանդեսները, երիտասարդ ստեղծագործողներին հանրությանը ներկայացնելու միջոցառումներն եմ հիմնականում կազմակերպում: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի էջը վարում է մեր գիտաշխատողը` Քրիստինա Աբրահամյանը, որի ամուսինը` Արմանը, նույնպես թանգարանի նվիրյալներից է և առանց վարձատրության մշտապես օգնում է մեր միջոցառումները նկարահանելուն: Ընդհանրապես, թանգարանի աշխատակազմն իր եռանդով ու կազմակերպվածությամբ հագեցած է դարձնում աշխատանքային օրը:
-Հետևելով ֆեյսբուքյան Ձեր էջին՝ նկատում եմ, որ բանաստեղծություններ այս օրերին, այնուամենայնիվ, գրվում են:
Կա՞ գերիշխող թեմա, հույզ: Թեև բանաստեղծությունն ինքն է հաճախ թելադրում թեման, հույզը, և վերջում բանաստեղծը զարմանում է, որ գրվեց այն, ինչ գրվեց:
-Կյանքը հենց բանաստեղծություն է: Ինչպես կեղծ մարդկանց հետ շփումներից, այնպես էլ մարդուն շրջանցող կեղծ հորինվածքներից խուսափում եմ: Նկատել եմ` անասելիք, պստիկ հոգով գոյանքները փորձում են արվեստը վերածել քաոսի` իրենց «հանճարեղությանն» անընկալունակ համարելով ապրեցնող ստեղծագործություններ փնտրող պահպանողական հանրությանը: Աստղերի թերթերունքներ խաղացնող այդ ինքնախաբվածները երբեք չեն կարող միմյանց լրացնող ներդաշնակություններ արարել: Դրանց համար «Հայաստան ասելիս` հասակս ծաղկում է»-ն բանաստեղծական տող չէ, և վեհերոտ գրի այդ հետևորդներն ամեն կեպ փորձում են ընթերցողին դուրս բերել արվեստի ապրեցնող ծիրից: Իմ թեման միշտ մարդն է` իր հայրենիքով, երազանքներով, սիրով, հոգս ու ցավով, խինդ ու բերկրանքով:
-Մայր Աթոռն առաջին անգամ առանց հավատացյալ հոտի նշեց Սուրբ Զատիկը: Սա ծանր դրոշմ չի՞ թողել էջմիածինցիների վրա:
-Տարիներ առաջ Մայր Աթոռի մի պաշտոնյա հոգևորական մշակութային հարցերով հրավիրել էր իր մոտ: Երբ դարպասներից ներս անցավ, որոշ ժամանակ անց պահակատան ծառայողին խնդրեցի, որ տեղեկացնի իմ այցի մասին: Վերջինս կարմրելով հայտնեց, որ եպիսկոպոսն ասաց, որ դեռ չի եկել: Ես հանգստացրի պարկեշտ պահակին, ասելով. «Դուք վատ մի զգացեք, այդ հոգևորականն ինքնասպանվեց և այլևս գոյություն չունի»: Այդ օրվանից պատարագներին մասնակից չէի լինում այնքան ժամանակ, մինչև մի այլ բարձրաստիճան հոգևորական, հայրենիք վերադառնալով հեռավոր երկրից, վերականգնեց իմ և ինձ նման շատերի կորսված հավատը եկեղեցու սպասավորի հանդեպ: Ես ձև ու կեցվածք մերժողներից եմ, ես Էությունն ու բովանդակությունն եմ արժևորում:
-Համավարակի դեմ մեր կառավարության մարտավարությունը գոհացնու՞մ է Ձեզ: Իբրև պոետ՝ չե՞ք ուզում ստեղծագործական մոտեցումներ առաջարկել պատասխանատուներին: Թեև առայժմ համավարակն է կարծես «ստեղծագործաբար» կառավարում աշխարհն ու մարդկանց:
-Խոստովանեմ` ավելի ընդունելի եմ համարում այն բժիշկների մոտեցումները, որոնք կողմնակից են նախկին կենսակերպին: Սա համավարակներից ամենասարսափելին չէ, նախորդների պես սա նույնպես հաղթահարելու ենք: Իսկ կառավարության պահով կուզեի՝ նման ուշադրություն իր կադրային խնդիրների շուրջ ունենար, որն իմ կարծիքով իր աքիլեսյան գարշապարն է:
-Ի՞նչ ցույց տվեցին այս օրերը. մենք հուսահատվո՞ղ ազգ ենք, անտարբե՞ր, թե՞ դիմակայող:
-Պատմությունը վկայում է, որ մենք հզոր ազգ ենք: Մարդկությունը շատ ու շատ գիտական, մշակութային նվաճումների համար հենց մեզ` հայերիս է պարտական: Այսօր էլ ստեղծագործական եռանդը չի լքել մեզ, և տարբեր ոլորտներում ներկայանում ենք նորանոր ձեռքբերումներով: Ցավոք, մենք երես ենք թեքում մեր ազգապահպան գանձերից, մեզ մյուս ազգերից զանազանող ինքնատիպ արժեքներից: Բայց վստահ եմ՝ մեր գենն ուժեղ է և համառ. օտարամոլությունը մերժելով՝ վերադառնալու ենք մեր ինքնությանը:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ապրիլի 24-ը. ազգային ողբերգության վերհուշի բորբոքո՞ւմ է այն, վրեժի պոռթկու՞մ, ողբասացության առի՞թ:
-Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սթափության, ազգային արժեքների շուրջ համախմբման, դժվարին այս իրավիճակներում ելքեր փնտրելու և լուծումներ գտնելու օր պետք է լինի։ Վիրավորական էր՝ Արևմտյան Հայաստանի ծաղկուն պատկերը տեսնել, որն անհամեմատելի էր այն Հայաստանի հետ, որտեղ ապրում ենք: Այդ ո՞ր մասում էին ավերողները՝ ա՛յն, որ ամբողջությամբ շողշողում էր բարեկեցությա՞մբ, թե՞ ա՛յս, որ խոշտանգված ընկել էր վամպիրների ժանիքների տակ։ Ի՜նչ թշնամությամբ երկրի կառավարիչներն ավերեցին անկախություն հռչակած մեր Հայրենիքը, ի՜նչ դաժանությամբ խոշտանգեցին ու իրենց բնակավայրերից վտարեցին մեր հայրենակիցներին և ի՜նչ ծաղրանքով հոխորտացին՝ թող գնա՛ն, որ դժգոհությունների ալիք չբարձրացնեն. ԴԱՎԱՃԱՆՆԵ՛Ր... Ողբալու փոխարեն դու՛րս շպրտենք մեր միջի ենիչերիներին, որոնք բոլոր ոլորտներն են ներխուժել և վամպիրի պես ծծում են երկրի արյունը՝ իրենց արնոտ փողերն այժմ ծառայեցնելով ազգը պառակտելո՛ւ, Հայաստանը վերջնականապես կործանելու համար։ Հների ու նորերի բաժանումներ չկան. այսօր էլ տեսնում եմ ծպտված կաշառակերների, ազգ ու հայրենիք ծաղրող, ոգեղենությունը մերժող անբարո գոյանքների, որոնց օր առաջ պետք է դուրս շպրտենք նոր ձևավորվող կառավարման համակարգից և մեր երազանքների հզոր, ոգեղեն Հայաստանը կառուցենք։ Դա է լինելու մեր սուրբ նահատակների հիշատակը հարգելու, նրանց ոգեկոչելու միակ ճշմարիտ ճանապարհը։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
- Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
- Երախտագիտություն՝ կինոլեզվով
- Դերենիկ Դեմիրճյան-145
- «Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի»
- «Պետությունը կորցրել է իր դեմքը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք»
- «Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն»
- «Մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան»
- «Եթե մեր մշակույթը լիներ բարձր մակարդակի վրա, մենք այսօրվա ողբերգությունը չէինք ունենա»
- «Մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով»
- «Ի սկզբանե մտածել են արնաքամ անել ժողովրդին, բերել-հասցնել մի վիճակի, որ հետո ասեն՝ դե՜, չդիմացանք, ու ստորագրեն այս փաստաթուղթը»
- «Վերջին տեխնոլոգիաներով զինված հարուստ, անպարտ բանակ, սեփականին զուգահեռ՝ պետական հզոր արդյունաբերություն պիտի ստեղծենք»
- «Եթե հիմա ենք գնում փոխզիջման, դրա տակ ի՞նչ է ենթադրվում. ինքնաոչնչացու՞մ, ինքնասպանությու՞ն»
- «Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ»
- «Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան»
- «Հանուն ազգի, հանուն հայրենիքի զոհվածների հերոսությունը չափանիշների փոփոխության ենթակա չէ»
- «Ինչպես Հիսուսը, այդպես էլ Նարեկացին Աստծուց ներողություն է խնդրում բոլորիս մեղքերի համար»
- «Մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է»
- «Մենք Աստուծոյ փառք կու տանք, որ հայրենիքը կը մնայ հայրենիք եւ մեր մնայուն հասցէն»
- «Կարդում էի այն ստեղծագործությունների ցանկը, որ պատրաստվում են հանելու դպրոցական դասագրքերից, ու սարսափում էի»
Մեկնաբանություններ