Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), միանալով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, ապրիլի 2-ից նախաձեռնել և իրականացնում է մի շարք հրատապ ծրագրեր, որոնք ուղղված են առողջապահության ոլորտի համար առաջնային բժշկական պարագաների ձեռքբերմանն ու տրամադրմանը, բժիշկների և առաջնային օղակի բուժաշխատողների վերապատրաստմանը, ինչպես նաև հումանիտար և սոցիալական հրատապ անհրաժեշտություն ունեցող կարիքներին:
Ապրիլի 2-ից Հայ օգնության ֆոնդը Առողջապահության ազգային ինստիտուտի հետ իրականացնում է մի շարք տեսադասընթացներ նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման վերաբերյալ: Տեսադասընթացներին արդեն մասնակցել են 450 բուժաշխատողներ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի մարզերից, ինչպես նաև Երևանից և Արցախից:
Ապրիլի 9-ից ՀՕՖ-ը 1337 առաջնային անհրաժեշտության սննդի փաթեթներ է տրամադրել Տավուշի մարզի 19 համայնքների, ինչպես նաև Արագածոտնի տարածաշրջանի Գեղաձոր, Ծաղկահովիտ, Նորաշեն համայնքների մանկապարտեզներ հաճախող երեխաներին, որոնք ընդգրկված են ՀՕՖ-ի Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում և Մանկական առողջապահություն ու սնուցում ծրագրերում, և կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարտեզ չեն հաճախում: Մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթները ներառում են հնդկաձավար, ոսպ, բրինձ, հատիկեղեն, մակարոն, բուսական յուղ, ալյուր, աղ, շաքարավազ:
Ապրիլի 10-ին ՀՕՖ-ը 150 հատ 4 տեսակի պաշտպանիչ արտահագուստ է տրամադրել Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, վերապրոֆիլավորված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին ու Վնասվածքաբանական ու օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որտեղ բուժվում են միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդները: Հաշվի առնելով բժշկական պաշտպանիչ պարագաների մեծ կարիքը՝ ՀՕՖ-ը շարունակելու է պարբերական աջակցությունը ոչ միայն մայրաքաղաքի բուժհաստատություններին, այլև մարզային, այդ թվում՝ Արցախի հիվանդանոցներին:
«Ցանկացած համավարակ ունի 2 մեծ խնդիր՝ անկանխատեսելիություն/խուճապ եևհախուռն գործողություններ: Այս խնդիրները կանխելուն և հաղթահարելուն նպաստում են առողջապահության մասնագետների կրթումը և հանրության իրազեկումը, ինչպես նաև մասնագիտական խմբերին առաջնային անհրաժեշտության միջոցներով ապահովումը և համակարգված աշխատանքները։ Հայ օգնության ֆոնդը, հիմնադրման օրվանից սկսած, ընդառաջ է գնացել նման մի քանի մարտահրավերներին՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, և հարուստ փորձ ունի անհետաձգելի առողջապահական ծրագրեր նախաձեռնելու հարցում», - նշել է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը: