«Վարչապետի ծաղկաձորյան այցը ավելի շատ տագնապ առաջացրեց, քան կար մինչ այդ»
06.03.2020 | 01:30
«Իրատեսի» զրուցակիցն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Պարոն Գրիգորյան, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Իշխանությունները վստահեցնում են, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են, խուճապի մատնվելու կարիք չկա: Մարդիկ սակայն դեղատներում շնչադիմակ, իսկ խանութներում պարեն չեն թողել:
-Մարդիկ խուճապահար ու տագնապած են մի պարզ պատճառով՝ առողջապահության նախարարությունը թերացել է հանրությանը ճիշտ ժամանակին անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ իրազեկելու հարցում: Նախարարության տրամադրած տեղեկություններում մի շարք անճշտություններ ու միմյանց չզուգակցվող հանգամանքներ կան, դրա հետևանքով է նաև, որ մարդիկ վախենում են անկանխատեսելի զարգացումներից ու «միֆեր» հորինում:
-Վարակի տարածման մասին ցանկացած նոր տեղեկատվություն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հաղորդում: ՈՒղիղ եթերներով տեղեկացնում է մեկուսացված անձանց առողջության մասին և այլն: Ինչու՞ է վարչապետը նաև առողջապահության նախարարի դերը ստանձնել:
-Կարծում եմ՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախարարն աջակցության կարիք ունի: Նա չի կարողանում ճիշտ ժամանակին կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: Ասում է՝ սահմաններ փակելու կարիք չկա, բայց վարչապետը ժամեր անց հակառակն է հայտարարում: Պնդում է, թե ուսումնական հաստատություններում դասապրոցեսները ժամանակավորպես կանգնեցնելու կարիք չկա, սակայն կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարն աշակերտներին ու ուսանողներին հրահանգում է երկշաբաթյա արձակուրդի գնալ: Դեռ չասած, որ տեղեկացնող բնույթի հաղորդագրություններն էլ բնակիչները երեք օր ուշացումով են ստանում և այլն: Կարծում եմ՝ վարչապետը, տեսնելով, որ նախարարը խուճապի մեջ է և չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, փորձում է օգնել Արսեն Թորոսյանին:
-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք, օրինակ, հարց են բարձացնում, թե ինչու՞ պետք է մարդիկ Ծաղկաձորում մեկուսացվեին: Ինչու՞ մինչև առաջին դեպքի գրանցումն արդեն իսկ որևէ հիվանդանոց կամ բաժանմունք առանձնացված չէր:
-Անշուշտ համամիտ եմ պնդման հետ, քանի որ ի տարբերություն աշխարհի շատ այլ պետությունների՝ կորոնավիրուսը Հայաստանի դուռը շատ ավելի ուշ թակեց, և լիովին ու պատշաճորեն հնարավոր էր նախապատրաստվել իրադարձությունների զարգացման նման սցենարին: Իհարկե, հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները, հիվանդանոցներից մեկում պետք էր առանձին բաժանմունք կամ որևէ հիվանդանոց նախապատրաստել, որ հագեցած կլիներ թթվածնային դիմակներով, թթվածնի մեծ պաշարով, հատուկ վերապատրաստված բուժանձնակազմով, ովքեր հստակ կտիրապետեին հիվանդության զարգացման բոլոր առանձնահատկություններին: Անհրաժեշտ է նաև միջմասնագիտական միջազգային օպերատիվ հեռուստակամուրջներ կազմակերպել արտասահմանյան գործընկերների հետ, ինչը կնպաստի և՛ հեռաբժշկության զարգացմանը, և՛ հնարավորություն կտա մեր մասնագետներին կորոնավիրուսի դեմ պայքարը միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացնել:
-Շատ է քննարկվում մարդկանց Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներից մեկում մեկուսացնելու հարցը: Ինչու՞ են հյուրանոցում մեկուսացրել, ըստ Ձեզ: Հիվանդանոցում դա հնարավո՞ր չէր կազմակերպել:
-Անկեղծ ասած, այո, անհասկանալի է, թե ինչու են զբոսաշրջային կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքում մեկուսացրել այդ անձանց, այլ ոչ ասենք Աշտարակում կամ Արտաշատում, որ զբոսաշրջային նշանակության բնակավայրեր չեն: Համաձայն չեմ նաև այն տեսակետին, թե «կարանտինում» գտնվող մարդկանց պետք է հյուրանոցային, այլ ոչ թե հիվանդանոցային պայմաններում մեկուսացնել: Բայց հաշվի առնելով, որ այս ամենը պետության մոտեցումն է, այն խոր ու համապարփակ քննարկման առարկա չեմ դարձնում:
-Հայաստանում շնչադիմակների դեֆիցիտը կամ դրանց գների բարձրացումը բացատրում են այն հանգամանքով, թե ամբողջ աշխարհում է այդպես: ՈՒ չնայած իշխանությունների այս արդարացմանը՝ տեղեկանում ենք, որ որպես մարդասիրական քայլ՝ մեծաքանակ դիմակներ Հայաստանը Չինաստանին է տրամադրել:
-Բժշկական դիմակների տրամադրումը Չինաստանին ուղղակի չհաշվարկված և անհեռատես քայլ է եղել, քանի որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ մեկ ամիս առաջ էր կոչ արել բոլոր երկրներին առավել քան զգույշ լինել և պատրաստ լինել վիրուսի հետ մենամարտին: Ցավոք, Չինաստանին շնչադիմակներ ուղարկելն այժմ մեր երկրում դրանց դեֆիցիտի առաջացման միակ պատճառը չէ, ու կան նաև որոշ անբարեխիղճ տնտեսավարողներ, որ օգտվելով իրավիճակից ու մարդկանց պակաս ինֆորմացված լինելու հանգամանքից՝ ագահի նման որոշեցին մեծ գումար աշխատել ու աշխատեցին:
-Այս պահին ի՞նչ վիճակագրություն կա, կորոնավիրուսը նահանջու՞մ է: Մի քանի երկրների գիտահետազոտական խոշոր կազմակերպություններ հայտարարել էին պատվաստանյութ ստեղծելու մասին, ի՞նչ նորություն կա այս մասով:
-Չինաստանը հայտարարում է, որ վիրուսի նահանջի մասով կա դրական տեղաշարժ: Իհարկե, դա բավական հուսադրող լուր է, սակայն դեռ վաղ է ասել, թե վիրուսը «պարտված» է: Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա, ցավոք, փորձարկված պատվաստանյութ դեռևս չկա: Այն, ի դեպ, ոչ թե բուժման միջոց է, այլ կանխարգելման, ու նույնիսկ դրա ստեղծման պարագայում այն որևէ ազդեցություն չի ունենա:
-Որպես մասնագետ՝ ո՞րն է Ձեր խորհուրդը մարդկանց: Առաջնային ի՞նչ քայլեր պետք է անել «թագակիր» վիրուսից խուսափելու համար:
-Ամենաառաջինը՝ չպետք է խուճապի մատնվել, պետք է սթափ դատել, հնարավորինս տեղեկացված լինել վիրուսին դիմակայելու համար: Այն բարձր վարակելիություն ունի, հետևաբար պետք է առավել քան զգույշ լինել, հետևել առողջապահության նախարարության հրապարակած խորհուրդներին ու, ի վերջո, չսարսափել կորոնավիրուսից, այն դատավճիռ չէ:
-Պարոն Գրիգորյան, գուցե ա՞յլ ռազմավարություն էր պետք մշակել կորոնավիրուսի կանխարգելման առումով: Որպես մասնագետ՝ Դուք ի՞նչ քայլեր կանեիք, որ նախարարությունը մինչև այս պահը չի արել:
-Ցանկացած տեսակի համաճարակ ազգային անվտանգության հարց է: Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել ու խիստ միջոցներ կիրառել: Առողջապահության նախարարությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում, սակայն դրանք որոշակիորեն ուշացած են: Օրինակ, սահմանների փակման մասին ես խոսել եմ դեռևս հունվար ամսվա վերջին, պետության կողմից դիմակների և դեղորայքի պահեստավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնել եմ շատ ավելի վաղ և այլն: Երբ հայտարարվեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, Facebook-ի իմ էջում 7 կետից բաղկացած խորհրդատվական գրառում կատարեցի, որոնց մի մասը կատարվել է, մի մասն էլ, հուսով եմ, կկատարվի: Կարող եմ ասել, որ որոշակի վերապահումներով՝ առողջապահության նախարարությունն այսօր իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
-Տեսակետ կա, որ վիրուսի առաջին դեպքը շատ ավելի վաղ էր հայտնաբերվել, ուղղակի իշխանությունները դրա մասին չէին բարձրաձայնում: Ի դեպ, «թագակիր» վիրուսի առաջին դեպքի մասին մարտի մեկին հայտարարվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մարտիմեկյան հանրահավաքը չեղարկելու մասին: Ըստ Ձեզ, պատահականությու՞ն էր:
-Չեմ ուզում մտածել, որ մեր կառավարությունը նման տեղեկատվությունը գաղտնի կպահեր ու կվտանգեր մեր հայրենակիցների առողջությունը՝ քաղաքական նախագծերի տապալումը քողարկելու համար, սակայն կարող եմ ասել, որ պատահականություններին բացարձակ չեմ հավատում: Հուսամ, որ ներքին ձայնս սխալ է հուշում, բայց եթե այդ սցենարը գործի, ապա մոտ ապագայում պետք է հայտարարվի ևս երկու-երեք դեպքի մասին և օրակարգ բերվի սահմանադրական հանրաքվեի չեղարկման հարցը:
-Փոքր-ինչ շեղվելով քաղաքական թեմայից, բայց մնալով մարտի մեկի թեմայի շրջանակներում: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը իր իսկ բնորոշմամբ «քյոհնա քեֆչիի նման» օբյեկտից օբյեկտ էր գնում՝ բացատրությամբ, թե իբր ցրում է այնտեղ հանգստացողների ու բնակիչների տագնապը: Ինչպե՞ս եք գնահատում նման արարքը:
-Ծաղկաձոր կարելի էր այցելել ու ցույց տալ, որ որևէ վտանգ այնտեղ չկա, բայց դա կարելի էր անել անաղմուկ և առանց ռեստորանային քեֆ-ուրախության: Կարծում եմ՝ վարչապետի, առողջապահության և ԿԳՄՍ նախարարների այդ օրվա այցը բնակիչների մեջ ավելի շատ տագնապ առաջացրեց, քան մինչ այդ կար:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ