«Մեր առաջ ցանկացած դուռ կբացվի»
03.03.2020 | 01:05
«Քաղաքական օրակարգ մենք չունենք, բայց եթե կա ծանր սոցիալական վիճակ, դա նշանակում է, որ անցյալի դրսևորում է: Եթե լուծումները չեն տրվում, նշանակում է՝ անցյալի դրսևորում է»,- շաբաթ օրը տեղի ունեցած «Սոցիալական շարժման» 2-րդ ընդլայնված համաժողովում հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ։ «Եթե թռիչքային ձևաչափով լուծված լինեին այն բոլոր խնդիրները, այսինքն, սոցիալական վատ կենսակերպը, դժվար պայմանները, որոնք Հայաստանում մարդկանց դեռ երկու տարի առաջ հանեցին ոտքի, ապա այսօր այստեղ մարդիկ չէին հավաքվի: Ծանր սոցիալական իրավիճակը անցյալի դրսևորում է: Դա երևում է այն խնդիրներից, որոնք մենք բերել ենք այստեղ՝ գործազրկությունը, բուժսպասարկումից զրկված լինելը, աղքատությունը: Մենք կոչված ենք օգնելու և աջակցելու ՀՀ քաղաքացուն և երկիրը շենացնելուն»,- նկատեց պարգամավորը։ Ավելի քան 20 սոցիալական նախաձեռնությունների և միությունների ներկայացուցիչներին մի տանիքի տակ էր հավաքել սոցիալական միասնական օրակարգ-պահանջագիրը, որը մտադիր են ներկայացնելու վարչապետին։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցողները զերծ էին մնում քաղաքական գնահատականներ հնչեցնելուց և առաջնային հարց էին դիտարկում սոցիալական տարբեր խնդիրները։ Պահեստազորի սպա ՑՈԼԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խոսեց զինծառայողների խնդիրների մասին, թե ինչու զինծառայողը, ստանալով բնակարան ձեռք բերելու իրավունք, մինչ օրս վարձով է ապրում, կամ զինծառայողն իրավունք ունի ստանալու դրամական միջոցներ, բայց ստիպված է բանկերի տոկոսների տակ մնալ: Զինծառայողների թեման շարունակեց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ընդգծելով, որ ցանկանում են վեր հանել զոհվածների, ազատամարտիկների, հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայողների խնդիրները, ասաց. «Խնդրել եմ վարչապետին ուշադրություն դարձնել մեր խնդիրներին։ Անցել է մեկ տարի, և ևս մեկ անգամ լինելով «Սոցիալական շարժման» համագումարին, համոզվեցի, որ մի ձեռքը ծափ չի տալիս։ Մենք պետք է լինենք միասնական»։
Նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ էլ վերահաստատեց, որ իրենք քաղաքական օրակարգ չունեն, իրենց նախաձեռնությունը համեմատեց ղարաբաղյան շարժման հետ՝ նշելով, որ այս շարժումն էլ պետք է նույնքան հուժկու լինի։ Արձանագրելով, որ այս կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է շարժման շուրջը հավաքել բավական մեծ թվով մարդկանց, Մկրտչյանը նշեց պատճառը, թե մինչև այսօր ինչու սոցիալական բազում խնդիրներ լուծված չեն։ «Դուք ձեր սոցիալական խնդրի հետ միայնակ կամ մի քանի հոգով եք եղել։ Բոլոր ժամանակների իշխանությունները կամ չեն նկատել ձեր խնդիրները, կամ արհամարհել են դրանք։ Այսուհետ մենք դատապարտված ենք լինելու միասին, մեկ բռունցք։ Մեր առաջ ցանկացած դուռ կբացվի»,- շեշտեց շարժման անդամը՝ տեղեկացնելով, որ իրենք մարզերում կառույցներ են հիմնելու, որոնք զբաղվելու են մարզերի սոցիալական խնդիրներով։ «Մենք չենք կարող անտարբեր ու անմասն լինել, երբ այսօր քանդվում են մեր ընտանեկան արժեքները, վտանգված են հոգևոր արժեքները, ազգային արժեքները նահանջում են, եկեղեցու վրա հարձակումներ կան»,- փաստեց Մկրտչյանը՝ ուրախությամբ նշելով, որ այդ հարցը նաև երիտասարդներին է մտահոգում։ Հիշեցնելով «Օվերտոնի պատուհանի» մասին, Վահրամ Մկրտչյանը նշեց, որ այդ «մեթոդն» է այսօր ակտիվ կիրառվում Հայաստանում։ «Պատահական չէ, որ տարաբնույթ փոքրամասնությունների ձայնն այսօր ավելի բարձր է հնչում, մարիխուանայի ազատականացման մասին խոսում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ազատամարտին առնչվող հարցերը փորձում են առ ոչինչ անել»,- վստահեցրեց ԱԺ նախկին պատգամավորը՝ հույս հայտնելով, որ իրենց նախաձեռնությունը կվերածվի ուղղորդված սոցիալական շարժման։
Հավելենք, որ «Սոցիալական շարժումը» ձևավորել են ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը, ԱԺ նախկին պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ