Այսքան անմի՞տ կլինեն
02.03.2020 | 20:33
Իշխանությունների մակերեսայնությունը սահմաններ չի ճանաչում։ Ի՞նչ էին մտածում, երբ կորոնավիրուսով հիվանդին տեղափոխում էին Ծաղկաձոր։ Կարելի է ասել` հանգստյան միակ գոտին, որտեղ հանգստանալու համար ձմռանը տուրիստներ են գալիս Հայաստան։ Մի՞թե սպասելի չէր, որ այդ քայլից հետո զբոսաշրջիկները չեղարկելու էին իրենց հանգստի փաթեթները։ Այսքան անմիտ հնարավո՞ր է լինել։ Պետության ղեկավարները պարտավոր են նաև միանգամից մի քանի քայլ առաջ մտածել, կանխատեսել հնարավոր հետևանքները։ Բայց Փաշինյանը նախ քայլն անում է, հետո փորձում է դրա հետևանքների դեմ պայքարել։ Կորոնավիրուսով հիվանդին տանում են Ծաղկաձոր, հետո Փաշինյանը «լայվ» է մտնում ու հայտարարում, թե ամեն ինչ կարգին է, եկեք հանգստացեք։ Իա՜, լու՞րջ։ Ամբողջ աշխարհում հիվանդին և նրա շրջապատը մեկուսացնում են, հիվանդ ունեցող քաղաքներում ու շրջաններում կարանտին հայտարարում, իսկ այս մարդն ասում է՝ եկեք հիվանդի հետ նույն տարածքում հանգստացեք։ Այսքան անհեթեթ ինչպես կարելի է լինել։ Ցավին անհաղորդ, դավին անտեղյակ Ծաղկաձորը զոռով դարձրին վարակի «օջախ»։
Այս իշխանությունում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ նախազգուշացներ այդ քայլի հնարավոր հետևանքների մասին։ Հետո էլ ասում են, թե փորձում են զբոսաշրջությունը զարգացնել։ Այսպե՞ս, որ անգամ եղած ռեսուրսն է վտանգի տակ հայտնվում։ Երկրին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու համար ժամանակ է պետք ու երկարատև աշխատանք, սակայն այդ ամենը հնարավոր է շատ արագ, մեկ վայրկյանում ոչնչացնել այսպիսի անմիտ քայլերով։ Բավական ժամանակ է հարկավոր, որ տուրիստներին Ծաղկաձորը նորից վստահություն ներշնչի, անվտանգ գոտի համարվի։ Մինչև զբոսաշրջիկը հասկանա, որ Ծաղկաձորը «շառից, փորձանիքից հեռու» է, առնվազն զբոսաշրջային մեկ սեզոն կանցնի։ Այլ երկրներ մտածում են, թե ինչպես անեն, որ իրենց տնտեսություններն այս վիրուսից վնասներ չկրեն, մերոնք ամեն ինչ հակառակն են անում։ Ճիշտ են ասում էլի` ոչ խելք ունեն, ոչ մեղք։ Թեև մեղքը պոզով-պոչով հո չի՞ լինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ