Բրիտանացի գիտնականները փորձում են հասկանալ կորոնավիրուսի ու շների կապը
02.03.2020 | 20:30
Հայաստանի իշխանությունները բրիտանացի գիտնականներին պարգևատրել են աշխատավարձի հնգապատիկի չափով: Նրանց հաջողվել է պարզել Նիկոլ Փաշինյանի հարցադրումներից մեկը՝ «ում շունն է կորոնավիրուսը»: Սա բնավ սարկազմ չէ, սա խիստ հավանական այն սցենարներից է, որ հնարավոր է լսել վարչապետի հերթական լայվից կամ տեղեկանալ կառավարության տարածած հաղորդագրությունից: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեզ նման «արխային ընկնած» երկրորդ երկիր, որտեղ անգամ ոլորտի պատասխանատուներն ու երկրի փաստացի ղեկավարը Երկիր մոլորակին պատուհասած վիրուսի մասին կատակով են խոսում, կամ, օրինակ, հարևան երկրի հետ սահման փակելուց հետո այնտեղից Հայաստան ժամանող քաղաքացիները, առանց համալիր բուժզննում անցնելու, ազատ տեղաշարժվում են: Տեղյակ չեմ նաև, թե ուրիշ ո՞ր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է առողջապահության նախարարի դերը ստանձնում ու հայտարարում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի ու դրա «ո՞ւմ շունը լինելու» մասին: Կառավարությունում կարծես աջաբսանդալ պատրաստողներ լինեն, ամեն մեկն իր հերթին մի բան է ասում ու կողքի քաշվում, իսկ թե այդ հայտարարությունների հետևանքն ուր կամ ինչի կարող է հասցնել, ըստ երևույթին նրանցից որևէ մեկին չի հետաքրքրում: Երբեմն տպավորություն եմ ունենում, թե նախարարական պորտֆելներ են բաժանվել անհավանական մտքեր արտահայտող հատուկ մրցույթ անցած մարդկանց: Թիմային աշխատանք, տրամաբանված հայտարարություններ. սրանք բաներ են, որ բացակայում են քայելելով իշխանության եկածների խոսքում ու գործում: Նախորդ համարներից մեկում էինք գրել, որ վիրուսը դամոկլյան սրի նման կախված է մեր գլխավերևում, իսկ առողջապահության նախարարն ու պատգամավորները պնդում էին, թե Իրանի հետ սահմանը փակել պետք չէ. հետևեց վարչապետի հանձնարարականը՝ հարևան երկրի հետ հաղորդակցությունը դադարեցնել երկու շաբաթով: Նույն անտեղյակությունն ու մեկը մյուսից բեխաբար լինելու չնահանջող միտումը նաև այս օրերին է առկա, երբ վիրուսը ոչ թե կախվել է գլխավերևում, այլ թավիշով պատել է մեզ ու պառկեցնում է ասֆալտին: Ներեցեք, ոչ թե ասֆալտին, այլ ծաղկաձորյան էլիտար հյուրանոցներից մեկում՝ «Գոլդեն Փելեսում»: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիները պետք է բարձրակարգ հյուրանոցներում մեկուսացվեն, այլ զուտ այն պարզ պատճառով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուները որևէ հիվանդանոցում մեկուսացնելու պայմաններ չեն առանձնացրել: Երևի ամբողջ նախարարությամբ ծխողների, այլ ոչ թե ծխելու դեմ պայքարին են լծվել ու մոռացել հիմնական առաքելության մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի համար անհասկանալի է՝ ի՞նչն է խանգարում ծնողներին երեխաներին դպրոց չուղարկել, առողջապահության նախարար Արսեն Թորսյանն էլ վստահ է՝ դասերը դադարեցնելու ու պարտադրված արձակուրդի գնալու կարիք չկա, մինչդեռ կրթության, գիտության, մշակույթի ու սպոտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է ուսումնական բոլոր տեսակի հաստատությունները մեկ շաբաթով արձակուրդ ուղարկելու մասին: Վերոնշյալ երեք նախարարների միաժամանակ արված հայտարարությունները եթե իրար կողքի դնենք, լակմուսի թղթի նման կարտացոլվի այն պատկերը, թե ովքեր են մեր երկրում կարևորագույն պաշտոններ զբաղեցնում: Երկու շաբաթից ավելի գրում ենք, բարձրաձայնում ենք, որ դեղատներում բժշկական դիմակներն աստղաբաշխական թվերով են վաճառվում, կամ առհասարակ դիմակներ չկան, բայց մինչ օրս որևէ մեկը սև գործ անելու համար պատասխանատվության չի կանչվել: Որպես ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացի, ես կարո՞ղ եմ մտածել, որ մենաշնորհի, արտոնյալ չլինելու, հատ առ հատ պատասխան տալու մասին վարչապետի հայտարարություններն առ ոչինչ են, քանի դեռ 50-դրամանոց դիմակը նվազագույնը տասնապատիկ թանկ է վաճառվում: Կարո՞ղ եմ պնդել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Բաթոյանը 8 ամսում չպետք է 31 հազար դոլար պարգևավճար ստանար, քանի որ չգիտի, թե ինչու են ծնողները կաշկանդված երեխաներին դասի ուղարկում: Եվ, առհասարակ, կարո՞ղ եմ պնդել, որ մեր նախարարները ոլորտը պատկերացնելու լրջագույն խնդիր ունեն: Առողջապահության նախարարը հպարտ տոնով հայատարարում է, որ հիվանդները մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, հետո կառավարության որոշ ներկայացուցիչներ իրենց գործընկերոջ ականջին ինչ-որ բան շշնջալու փոխարեն, լրատվամիջոցներին են մեղադրում, թե Ծաղակաձորի բնակչության ու այնտեղ հանգստացողների շրջանում խուճապ եք տարածում: Ինձ երբեմն թվում է, թե գործադիր մարմնի անդամները, աշխատանքի մեջ խորամուխ լինելու փոխարեն, սոցիալական ցանցերից դուրս չեն գալիս: Չնայած դա պարգևավաճար ստանալու համար առաջնային պայման է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ