«Չեմ զարմանա, եթե իմքայլական պատգամավորները պատեպատ տան կամ ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին»
04.02.2020 | 00:07
Եթե իշխանություններն ասում են` որևէ ծրագիր չկա, փաստաթուղթ չկա, ապա շատ հետաքրքիր է, թե երեք օր շարունակ Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդքան երկար ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, որ համոզված է՝ Մնացականյան-Մամեդյարով տևական հանդիպումն ապացույցն է այն բանի, որ, այո, բանակցային սեղանին, այնուամենայնիվ, կա ինչ-որ փաստաթուղթ: Դրա շուրջ, վստահ է մեր զրուցակիցը, տեղի են ունենում բավական ինտենսիվ քննարկումներ, բանակցություններ, որոնց մանրամասները Մինսկի խմբի համանախագահները չեն թողնում բացահայտել՝ հասկանալով՝ կան դրույթներ, որոնք բացասաբար կընդունվեն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում հանրության կողմից:
«Բացի այդ, պաշտոնական Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը նախ և առաջ խոսում էին հանդիպման կոնֆիդենցիալության, ապա նոր մնացածի մասին: ՈՒ որքան էլ գործող իշխանությունները հայտարարեն, թե որևէ փաստաթուղթ չկա, հանգամանքները ճիշտ հակառակի մասին են վկայում: Գաղտնի ինչ-ինչ գործընթացներ են ընթանում, ու դրանք բավական ինտենսիվ են: Կարծում եմ` այդ գործընթացների գաղտնի լինելու հանգամանքն է պատճառը, որ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ պաշտոնական Բաքուն ինչ-որ ձևաչափով տեղեկույթի արտահոսք թույլ չեն տալիս»,- նշում է քաղաքագետը:
Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների անհանգստությանը ՀՀ կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության առնչությամբ` Համբարյանը նկատում է՝ ԵԽԽՎ համազեկուցողները լավատեղյակ են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բեսպրեդելային» քաղաքականությանը. «Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա: Նրանք բոլոր կողմերին կոչ են արել նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Իհարկե, չի բացառվում, որ «փողոցային» ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ «գրիչառեպորտաժային» բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ ու էլ ավելի սրի իրավիճակը, բայց, ամեն դեպքում, ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը «սառը ցնցուղ» է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար»:
Մեր զրուցակիցն ասում է, որ չի զարմանա, եթե իմքայլական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան կամ ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին: Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանը, հավելում է նա, լավ կլինի, որ իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր չդասեն պետական շահերից ու քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար:
Գագիկ Համբարյանն անհասկանալի է համարում նաև վարչապետի՝ անընդհատ սելֆի անելու մոլուցքը: «Ամենատարբեր լիդերների հետ սելֆի անելը էժանագին ու անլուրջ փիար եմ համարում: Պարոն Փաշինյանը լավ կանի տեսնի, թե որոշ լիդերներ բացի զորբայությամբ սելֆի անելուց, ինչպիսի կեցվածք են ընդունում, վարվեցողության ինչպիսի կանոնների են հետևում: Չնայած նա արհամարհական վերաբերմունք ունի այդ ամենի նկատմամբ»,- ընդգծում է քաղաքագետը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ