Ահազանգ
17.01.2020 | 00:09
Ինձ ստիպեց գրիչ վերցնել Վահան Համազասպյանի «Բաց նամակ»-ը («Իրատես», թիվ 85, 2019)։
«Ահազանգ» բառի ընտրությունը ոչ պատահական է, ոչ էլ «բայղուշություն»։ Հայտնի է, որ ահազանգ հնչեցվում է պետությունների (ժողովուրդների) համար օրհասական պահերին։ Շատ հեռուն չգնալու համար հիշեցնեմ, որ հայ ժողովրդի (պետականության) համար վերջին 100 տարում ահազանգ հնչեցվել է գոնե երեք անգամ՝ 1918, 1988 և 2018 թվականներին։
Նշված թվերին պետության անվտանգության սպառնալիքները եղել են ոչ միայն լուրջ, այլև շատ տեսանելի։ Հիմա, մեր օրերում այդ վտանգները ոչ միայն տեսանելիներն են, այլև պարզորոշ չերևացողները, որոնք նաև խիստ անհասկանալի են։ Բանն ի՞նչ է։
Վերջին 10-15 տարում տ.գ.դ. Վահան Համազասպյանը մի շարք կոնցեպտուալ հոդվածներով առաջարկում է ՀՀ տնտեսության (ու ոչ միայն) զարգացման իր ծրագրերը՝ պայմանավորված արևի էներգիայի օգտագործմամբ։
Պարզից էլ պարզ է, որ ապագայում արևի էներգիայի օգտագործումը հանդիսանալու է ոչ միայն ՀՀ բնակչության, այլև ողջ մարդկության փրկության ու կենսապահովման եթե ոչ միակ, ապա կարևորագույն հնարավորությունը։
Եվ ահա, զարմանալիորեն ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, իշխանությունները չեն փորձել անդրադառնալ գիտնականի առաջարկներին, չեն հանձնարարել ՀՀ զուտ գիտական ու տնտեսագիտական ներկայացուցիչներին լրջորեն քննարկումներ կազմակերպել, ծանոթանալ Վահան Համազասպյան գիտնականի, իր իսկ բառերով ասած՝ փրկարար ծրագրերին։ Հասկանալի է, որ անկախության բոլոր տարիներին, ամիսներին, օրերին երկրի ղեկավարությունն ավելի զբաղված է եղել պետությանն ու ժողովրդին վերաբերվող այսրոպեական, անհետաձգելի կարևորագույն խնդիրների լուծման հնարավորությունների փնտրտուքով։
Բայց ո՞վ է որոշել, որ Վահան Համազասպյանին ականջալուր լինելը, նրա ծրագրերին լրջորեն ծանոթանալը նույնպես չի համարվում այսրոպեական ու առաջնահերթ խնդիր։ Չէ՞ որ խոսքն արևային էներգիան օգտագործելու մասին է, ինչին հաստատապես ուղղված է համաշխարհային գիտական միտքը։
Ինչու՞ պիտի ՀՀ կառավարությունը չփորձի ինչ-որ տեղ «գոտին մի փոքր սեղմելով» դառնալ ոլորտի առաջատար երկրներից մեկը և ապագայում ստանալ առաջատարին վայել ու արժանի շահաբաժիններ։
Ահազանգիս վերջում դիմում եմ ՀՀ վարչապետին. մեծարգո պարոն Փաշինյան, Ձեր բազմազբաղ ժամանակից կարողացեք մեկ-երկու ժամ հատկացնել Վահան Համազասպյան գիտնականի ծրագրային դրույթներին ծանոթանալուն։ Հույս ունեմ, որ ծանոթանալուց հետո ճիշտ կհամարեք հանձնարարել համապատասխան ծառայություններին հնարավորություն տալ գիտնականին սկզբնական շրջանում թեկուզ փոքր ծավալով իրացնելու իր ծրագրերի որոշ մասը։ Մնացյալը ցույց կտա ժամանակը։ Հավատացեք, որ 1-2 տասնամյակ հետո, երբ ՀՀ-ն կլինի գիտական ճյուղի առաջատար երկրներից մեկը, կշեշտվի, որ արևային էներգիայից օգտվելու Վահան Համազասպյանի հայտնաբերած ուղղությունը առաջին անգամ գործարկվել է Հայաստանում վարչապետ Փաշինյանի օրոք։
Մուրադ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Թոշակառու
Հ. Գ. «Թոշակառու» տերմինից օգտվել եմ այն պատճառով, որ ՀՀ-ում կենսաթոշակառու են դատավոր-դատախազները և ինչ-որ չափով ուժային կառույցներում ծառայած տարիքավորները։ Մնացած տարիքավորներն ուղղակի կարիքավոր են, իմա՝ թոշակառու։
Մեկնաբանություններ