Գոնե դրսում անհեթեթ ու անհարմար վիճակի մեջ չհայտնվենք
14.01.2020 | 03:28
Իրավապահների շրջանում մի այսպիսի միտք կա. մարդասպանը նոր դիակներով է ծածկում հինը։ Հայաստանի հանրությունը կարծես հայտնվել է այսպիսի վիճակում, երբ հերթական աղմկահարույց թեման կամ թույլ տված սխալը թաքցնելու նպատակով իշխանությունը նոր սկանդալ է ասպարեզ նետում։ Հաշվի առնելով, թե որքան հաճախ են փորձում հանրությանն ալեկոծել այս կամ այն թեմայով, ակնհայտ է դառնում նաև, թե ինչքան շատ են իշխանության թույլ տված սխալները։
Տարին նոր էինք սկսել, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ Հայաստանի տնտեսության մասին իբր «լավ լուր» հայտնեց, որը հետո խմբագրեց, բայց պարզվեց, որ էլի լուրջ խմբագրման կարիք կա, սակայն դա իր փոխարեն արեցին մյուսները։ Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք մենք մեր տնտեսական ցուցանիշներով հետևում թողնում և Վրաստանին, և շուտով Ադրբեջանին։ «Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»,- գրել էր Փաշինյանը ¥տեքստը ներկայացրել ենք առանց սրբագրելու-Ռ. Խ.¤։ ՆՓ-ին հակադարձեցին ոլորտի մասնագետները և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Թեման կշարունակեր թեժ մնալ, կքննարկվեր, եթե նոր «աշխարհացունց» լուրերով իշխանությունն օրակարգը չլցներ։ Նորից ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկ, որին հաջորդեց սեփական կայքում իբր իրեն և իր ընտանիքին վարկաբեկող «դավադիրների» սխեմայի բացահայտումը որևէ տրամաբանության չենթարկվող անմշակ մի հրապարակմամբ։ Չանդրադառնալով լրագրողական հետաքննության հավակնություններ ունեցող հրապարակմանն իր բոլոր ածանցյալներով` խոսենք արդեն երկրորդ պլան մղված մեր տնտեսական «հրաշքի» մասին։
Այս ամենը կհամարվեր Փաշինյանի հերթական թվային մանիպուլյացիան, եթե դա միայն Հայաստանի տնտեսագետների մակարդակում քննարկվեր, բայց թեման դուրս եկավ երկրի սահմաններից, ու Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, մեղմ ասած, բացահայտ անիրազեկության մեջ մեղադրեց հարևան երկրի վարչապետին՝ հայտարարելով, թե այդպիսի համեմատություն անելիս առնվազն «տարրական մեթոդոլոգիա» պետք է իմանալ։ Ամենևին չարախնդալու նպատակ չունենք։ Մենք մեր երկրում կարող ենք մեզ թույլ տալ իշխանության բացերը երբեմն շատ սուր ու խոցելի քննադատել, բայց անկարելի է, որ իշխանությունն իրեն այնպես պահի, որ այլ երկրի պաշտոնյաները նրան սխալ հանեն։ Տհաճ է, երբ քո երկրի ղեկավարին հարևան երկրի ինչ-որ նախարար համարում է դիլետանտ, տարրական մեթոդոլոգիային չտիրապետող (անկախ այն հանգամանքից, որ հետագայում փորձեցին ներկայացնել, թե վրացի նախարարն իբր Փաշինյանին չի պատասխանել, բայց իրականում հենց նրա խոսքերն էր մեջբերել Վրաստանի «Լելո» ընդդիմադիր հասարակական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն):
Այս ամենի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտների վերաբերյալ փորձում է տեսակետ հայտնել, հետո խմբագրել, բայց էլի սխալ է դուրս գալիս։ Գոնե դրսում անհեթեթ ու անհարմար վիճակի մեջ չհայտնվելու համար պետք է թողնել, որ մասնագետները, ոլորտների պատասխանատուները գնահատեն վիճակը։ Սա արդեն պետության, ոչ թե մեկ մարդու վարկանիշի հարց է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ