«Քաղաքական դաշտը, այո, ձգում է պատահականություններին և պրովոկատորներին»
13.12.2019 | 00:08
Նախընտրական Արցախում քաղաքական զարգացումներն օր օրի ակտիվ ընթացք են ստանում։ Հստակ ուրվագծվում է, թե ովքեր են ցանկանում դառնալ Արցախի ապագա նախագահ։ Քաղաքական տարբեր ուժեր այս ընթացքում վերակազմավորման բուռն գործընթացների մեջ են, Հայաստանի իշխանությունն էլ ամեն կերպ փորձում է ներգրավված լինել դրանցում և իր սեփական թեկնածուն ունենալ։ Նախընտրական իրավիճակի և արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումների շուրջ զրուցեցինք Արցախի պահպանողական կուսակցության նախագահ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։
-Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակն Արցախում։
-Դեռևս պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Սա բնական է, քանի որ 2019-2020 թթ ընտրությունների շրջան էր, տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Բացի այդ, 2017-ի սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ խորհրդարանական ընտրություններում այլևս չի գործելու մեծամասնական ընտրահամակարգը, որին, կարծում եմ, Արցախը դեռ պատրաստ չէ։ Սա հանգեցրեց մի վիճակի, երբ իրենց որևէ կուսակցությունում չտեսնող մարդիկ զրկվեցին քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու հնարավորությունից, դրան զուգահեռ ստեղծվեցին նոր կուսակցություններ։ Այս հանգամանքով է պայմանավորված նաև ներքաղաքական կյանքի այսօրվա ակտիվությունը։ Արդեն 26-ից ավելի կուսակցություն կա Արցախում։ Իհարկե, պարզ է, որ ոչ բոլորն են ժամանակի քննությունը բռնելու։
-Այսօրվա քաղաքական ակտիվությունը պայմանավորված չէ՞ նաև այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն էլ մեծ շահագրգռություններ ունեն Արցախի ընտրություններում։
-Չեմ կարծում, բայց ժամանակի ներքաղաքական տրանսֆորմացիաները, բնականաբար, իրենց ազդեցությունն ունեցել են։ Ընդհանուր մթնոլորտն է փոխվել, նոր փուլ ենք թևակոխել։
-Ձեր կուսակցությունն ի՞նչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու, արդեն կա՞ որոշակիություն։
-Գրեթե 50 տոկոսով որոշել ենք, որ խորհրդարանական ընտրություններին առանձին ենք մասնակցելու։ Նախագահական ընտրությունների վերաբերյալ էլ շուտով կհայտարարենք մեր տեսլականի մասին։
-Այսօր արդեն մամուլում շրջանառվում են նախագահի թեկնածուների անուններ՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան։ Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին և ինչպիսի՞ն պիտի լինի Արցախի ապագա նախագահը։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»:
-Նախ` չեմ ցանկանա այդ թեկնածուներին որևէ որակում տալ։ Երկուսին էլ վաղուց լավ ճանաչում եմ, ունեն անցած ճանապարհ, և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր։ Մեր կուսակցության դիրքորոշումն է՝ մենք որևէ մեկին թշնամի չենք դիտարկում, բայց նաև ոչ մեկի կցորդը չենք, չենք եղել երբեք ու չենք լինելու։ Մեր կուսակիցներն իրենց ճանապարհը հարթել են աշխատանքի, մտավոր ներուժի, բարոյական նկարագրի շնորհիվ։ Մեզ այս կամ այն պաշտոն չեն վստահել սիրուն աչքերի կամ ծանոթ-բարեկամ սկզբունքով, դրա համար էլ վաստակել ենք մեր ժողովրդին ճշմարտությունն ասելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը։ Իշխանական համակարգը պետք է համալրված լինի ազնիվ, անբիծ մարդկանցով։ Ցանկացած անմաքուր երևույթ թուլացնելու է ոչ միայն գործող իշխանություններին, այլև պետությունը։ Պաշտոնյան պիտի նաև բարձր պրոֆեսիոնալ որակներ ունենա. եթե մարդը լինի ազնիվ, մաքուր, պրոֆեսիոնալ, վարելու է ճիշտ ու արդյունավետ քաղաքականություն։
-Որտեղի՞ց կարելի է պեղել այդպիսի մարդկանց։
-Ես այն կարծիքին չեմ, որ քաղաքականությունը կեղտոտ բան է։ Կեղտոտ մարդիկ են քաղաքականությունը կեղտոտում։ Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում կա նորմալ սերուցք։ Եթե այդպիսի մարդիկ չունենայինք, չէինք կարող պատերազմում հաղթել, ծանր արհավիրքներից ապաքինվել, անկախ այն հանգամանքից, որ քաղաքական դաշտը, այո, ձգում է պատահականություններին և պրովոկատորներին։ Բայց միանշանակ է, որ քաղաքական դաշտում կա առողջ կորիզ։ Եթե այս տեսակի մարդիկ լինեն Արցախի իշխանությունում, ամեն ինչ շատ լավ կլինի։ Մենք չպետք է մեկս մյուսի նկատմամբ թշնամանանք, մենք մրցակիցներ ենք, բայց թշնամիներ չենք։ Մայր Հայաստանի և Արցախյան Հայաստանի միջև չեն կարող լինել հակամարտություն ու հակասություն։ Մենք մի երկիր ենք՝ երկու պետություն։ Սա մեր «հոր տունը» չէ, որ քմահաճույքներով առաջնորդվենք, պիտի լինենք միասնական, ստեղծենք եղբայրական մթնոլորտ։ Անշուշտ, կարող են լինել տարակարծություններ, բայց չպիտի լինի թշնամանք։
-Այս շրջանում բավական հետաքրքիր է Արցախի նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը, նա ոչ մի թեկնածուի դեռ նախապատվություն չի տվել։ Ինչու՞ է լռում Բակո Սահակյանը։
-Եթե Արցախի նախագահը չի վերընտրվում, ուրեմն նա, ըստ Սահմանադրության, պարտավոր է լինել թափանցիկ, արդար ընտրությունների երաշխավոր՝ որևէ մեկին առավելություն չտալով։ Ճիշտ չէ վաղօրոք այս կամ այն թեկնածուին հավանություն տալը, նա իր դիրքորոշումը կհայտնի քվեախցում։ Սա օրենքի պահանջ է, ոչ թե քմահաճույք։ Թագավորություն չէ, որ նախագահն ասի, թե իր իշխանությունը ժառանգում է այս կամ այն մարդուն։
-Անդրադառնանք նաև արցախյան հիմնախնդրին, Բրատիսլավիայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 3-ժամանոց հանդիպումից հետո, այդպես էլ հանրությանը չներկայացվեց, թե ինչի մասին էին բանակցել։ Փոխարենն օրերս «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, թե Փաշինյանը դեմ չէ, որ բանակցություններին մասնակցի նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Սա մտահոգությունների առիթ չի՞ տալիս։
-Մենք հստակ պիտի տարանջատենք Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» մասնակցությունը բանակցություններին և այդ համայնքը որպես կողմ դիտարկելը։ Բանակցային կողմ դառնալուն բոլորս դեմ ենք, դա հնարավոր չէ, որովհետև այդ համայնքը «ֆեյք» հասկացություն է, պարզապես հասարակական կազմակերպություն է, որի ղեկավարությունը, ի դեպ, ոչ մի առնչություն չունի տեղահանված մարդկանց հետ։ Իսկ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, որի կարգավիճակը արձանագրվել է միջազգային բազմաթիվ փաստաթղթերով։ Այս երկուսը հավասարեցնելն ու մի տողի մեջ դնելն անհնարին է, անթույլատրելի, ու որևէ մեկը դա չի կարող անել։ Սա կնշանակի հայոց պետականության արցախյան հատվածի ապամոնտաժում։ Չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարությունը դրան կգնա։ Ադրբեջանն անընդհատ այս գործոնը շահարկում է, բայց այդ համայնքը չի կարող առանձին կողմ ներկայանալ, նրանք առավելագույնը կարող են լինել Ադրբեջանի պատվիրակության անդամ, ինչպես, օրինակ, այդ երկիրը կարող է իր պատվիրակությունում ներառել Տանզանիայից 4 հոգու։ Ի՞նչ է, սրան պիտի դե՞մ լինենք, ուզում են, թող ներառեն, դա իրենց գործն է, բայց նրանք երբեք չեն կարող հավասարվել Արցախի Հանրապետության հետ։ Չեմ պատկերացնում անգամ, որ հնարավոր է բանակցային նման սցենար, չենք էլ ուզում դրան հավատալ։
-Հայաստանում որոշ շրջանակներ կարծում են, որ այսօր Փաշինյանը Տեր-Պետրոսյանի «փուլային» տարբերակով է փորձում հիմնախնդիրը լուծել։ Դուք այդ տպավորությունն ունե՞ք։
-Այդպիսի նմանություն չեմ տեսնում, փուլային տարբերակն առհասարակ փակ հարց է արդեն։ Եղել է մի քանի տարբերակ՝ փուլային, փաթեթային, որոնք, ըստ էության, տապալվել են Ադրբեջանի կողմից։
-Այսօր «Լավրովի պլանն» է, կարծես, շահարկվում։
-Չեմ կարծում, որ կա առանձին «Լավրովի պլան»։ Փուլային տարբերակը կարող է միայն մեկ դեպքում մեզ համար ընդունելի լինել. եթե առաջին փուլում Ադրբեջանը և Արցախը միմյանց ճանաչեն, հստակեցնեն սահմանները, որից հետո անցնեն այլ հարցերի։ Սա` որպես առաջին քայլ։ Սա կարելի է անգամ կոչել «քայլային», ոչ թե «փուլային» տարբերակ։ Սրանից հետո միայն պիտի սկսել բանակցությունները։ Բայց Ադրբեջանը «փուլայինն» այլ կերպ է պատկերացնում, իմա՝ արցախյան պետականության աստիճանաբար ապամոնտաժում և Ադրբեջանի գերիշխանության հաստատում։ Սա անընդունելի է, ինչի մասին բազմիցս ենք խոսել։ Քայլ առ քայլ պիտի լուծման գնալ, ոչ թե փուլային տարբերակով, ինչը Ադրբեջանի տեսանկյունից նշանակում է Արցախի կործանում։
-Երբեք էլ Ադրբեջանը հայկական կողմի որևէ տարբերակի, քայլի հետ եզրեր չի գտել, միշտ իր նկրտումներն է առաջ քաշել։ Այսօր Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում հայտարարում է, թե հիմնախնդրի լուծումը պիտի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին ընդունելի լինի։ Սա իրականության մեջ հնարավո՞ր է պատկերացնել։
-Փոխհամաձայնությանը հասնում են տարբեր ձևերով։ Առաջին տարբերակում մեկը պարտվում է, և նրան չեն էլ հարցնում` դրան համաձա՞յն է, թե՞ ոչ։ Իսկ ցանկալի տարբերակն այն է, որ ժողովուրդների միջև պատմական հաշտություն կնքվի, որը տարիներ, տասնամյակներ է պահանջում։ Առանց սրա հնարավոր չէ կարգավորումը։ Բայց թե ինչպիսի կարգավորում կլինի, այս պահին դժվար է ասել, քանի որ Ադրբեջանի կողմից ոչ մի քայլ չենք տեսնում։ Այդ երկիրն ամբողջովին ներծծված է հայատյացությամբ։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ