Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթանում են Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» թատերգության բեմադրման փորձերը: Առաջնախաղը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին, որից հետո կսկսվեն ամանորյա ներկայացումները: Դեկտեմբերի 20-30-ին փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Սոֆյա Սողոմոնյանի բեմադրած «Բուրատինոյի ամանորյա արկածները»: Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԳՈՌ ՓԵԼԵՇՅԱՆԸ: Մեր զրույցը թատրոնի ստեղծագործական կյանքի, ձեռքբերումների, հանդիսատես-թատրոն կապի, շենքային պայմանների, ինչպես նաև մոտեցող հոբելյանական տարվա մասին է:
-Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» (Աբիշի աշխարհը) միջազգային թատերական փառատոնից վերադարձել էր մրցանակով: Սա կարևոր իրադարձություն էր թատրոնի կյանքում:
-Այո, Վանաձորի դրամատիկական թատրոնը ներկայացրել է Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման` երիտասարդ ռեժիսոր Մարիամ Մնացականյանի բեմադրությամբ` արժանանալով հանձնախմբի անթաքույց հիացմունքին: Հրավիրող կողմը նշել է, որ վերջին ավելի քան 30 տարիներին Ղազախստանում հայկական որևէ թատերախումբ չի հյուրընկալվել: Նշեմ նաև, որ հայկական պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացմամբ:
-Լոռվա մշակութային կյանքն աշխուժացնելու, թատրոն-հանդիսատես կապը ամրացնելու հարցում ի՞նչ դեր ունի ավանդական դարձած «Թատերական Լոռի» փառատոնը:
-«Թատերական Լոռին» անցկացվում է երկու տարին մեկ: Այս տարի Աբելյանական 3-րդ հանրապետական փառատոնը և «Թատերական Լոռի» միջազգային 25-րդ փառատոնը ներկայացան միասնական ծրագրով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացումը տեղի ունեցավ Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ «Անուշ» ներկայացման առաջնախաղով: Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Մեր «Անուշն» առանձնանում է ժամանակակից երաժշտական-պարային լուծումներով: Ներկայացումը սիրվեց, թեև թատերասերներից ոմանք ասում էին՝ սպասում էինք Լոռվա բնաշխարհը, կոլորիտը ներկայացնող պատկերների:
-Ձեր Անուշն ինքնասպան չի՞ լինում:
-Անուշն ու Սարոն հանդիպում են Կենաց ծառի մոտ` երկնքում: Դեբեդը`՝ ճակատագրի տեսքով, մարմնավորում է դերասանուհի Արմինե Վերմիշյանը: Անուշի ու Սարոյի սիրո պատմությունն այլ լուծում է ստանում: Մանրամասները` ներկայացման մեջ:
-«Թատերական Լոռին» դու՞րս է գալիս Վանաձորից:
-«Թատերական Լոռին» Ալավերդիում մեկնարկեց Կամերային երաժշտական թատրոնի «Անուշ» ներկայացմամբ: Եվ ամեն օր թե՛ Ալավերդիում, թե՛ Վանաձորում, թե՛ Սպիտակում, թե՛ Ստեփանավանում հայաստանյան բոլոր թատրոնները, նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը, Ճապոնիայից ժամանած թատերախումբը ներկայանում էին թումանյանական ներկայացումներով: Փառատոնը փակվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա բեմադրված մոնոներկայացմամբ: Բեմում էր մեր թատրոնի դերասան, ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը: Բեմադրությունը Վահե Շահվերդյանինն է, իսկ ներկայացումը նվիրված էր Ազիզյանի 80-ամյակին: Հավելեմ նաև, որ փառատոնի բոլոր մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության դիպլոմ և Հովհաննես Թումանյանի հատընտիրը: Թատրոնի ճեմասրահում ներկայացվեցին Թենգիզ Միկոյանցի` Լոռին պատկերող բնանկարները: Ի դեպ, և՛ հատընտիրը, և՛ ցուցադրությունը մեզ սիրով տրամադրել էր «Լոռու ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:
-Ի՞նչ կասեք թատրոնի խաղացանկի մասին: Հաճա՞խ եք թարմացնում:
-Խաղացանկում կան մեկ տասնյակից ավելի բազմաժանր ներկայացումներ՝ դրամա, լիրիկական կատակերգություն, հոգեբանական, աբսուրդի, պատմական դրամաներ, մանկական ներկայացումներ և այլն: Ամեն տարի 4-5 առաջնախաղ ենք ունենում: Այս տարի թատրոնի խաղացանկը համալրել են «Վարազդատ», «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», «Ես միայն զանգահարելու եմ եկել», «Անուշ» ներկայացումները: Դեկտեմբերին «Թանկարժեք դիակ» ներկայացման առաջնախաղը կլինի:
-Կարելի՞ է ասել, որ Վանաձորի թատրոնը չունի հանդիսատեսի խնդիր:
-Հանդիսատեսի խնդիր յուրաքանչյուր թատրոն ունի, բայց կան այդ խնդրի լուծման մեխանիզմներ: Թատրոնի ադմինիստրացիայի հետ լայնածավալ աշխատանքներ ենք տանում այդ մեխանիզմների կիրառման ուղղությամբ: Վանաձորն ունի թատերարվեստը գնահատող հանդիսատես, և դրա վառ ապացուցը լեփ-լեցուն դահլիճներն են:
-Ի՞նչ կասեք թատրոնի շենքային պայմանների մասին:
-Նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարծում ենք, որ թատրոնի 90-ամյա հոբելյանը կնշենք բարեկարգ շենքում:
-Ի՞նչ է արվում երիտասարդ կադրեր ապահովելու, այսպես կոչված, սերնդափոխության համար:
-Թատրոնում այսօր կողք կողքի աշխատում է երեք սերունդ:
-Թատերասեր Վանաձորում ակտի՞վ է կինոկյանքը, կա՞ն կինոսրահներ:
-ՈՒնենք կինոդահլիճ, բայց պասիվ է կինոկյանքը: ժամանակից ֆիլմերի համար տոմսեր գնում են, բայց բարձրաժեք ֆիլմերի պահանջարկը մեծ չէ: Քանի որ Արտավազդ Փելեշյանի ազգականն եմ, դեռևս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ժամանակ ցանկություն էի հայտնել Վանաձորում փելեշյանական ֆիլմերի փառատոն անցկացնելու: Տարբեր տարիների կազմակերպել եմ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրություններ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում: Եկող տարի մտադիր եմ դիմելու համապատասխան կառույցներին` փելեշյանական ֆիլմերի փառատոնը կյանքի կոչելու համար, իհարկե, Արտավազդ Փելեշյանի հետ համաձայնեցնելուց հետո:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ