9։0 և 7։1 հաշիվներն առաջին հայացքից կարող են վկայել մեկ այլ սպորտաձևից հիշատակվող խաղերի մասին, սակայն, արի ու տես, որ նման բաներ լինում են նաև ֆուտբոլում։
ԱՆԳԼԻԱ
«Սաուտհեմպտոն»-«Լեստեր»։ «Սրբերի» համար ողբերգությունն սկսվեց արդեն 12-րդ րոպեից, երբ մնացին տասը ֆուտբոլիստով։ Թվային անհավասարությունն ապշեցուցիչ արդյունավետությամբ օգտագործեցին հյուրերը՝ ինը անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը։ Այս հաղթանակի արդյունքում 20 միավոր վաստակած «Լեստերը» կարող էր ամրապնդվել երկրորդ հորիզոնականում, սակայն իր շանսը բաց չթողեց «Մանչեստր Սիթին», որը տնային խաղում երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Աստոն Վիլային» ու 22 միավորով պահպանեց իր տեղն աղյուսակում։
Միավորներով «Լեստերին» հասավ հյուրընկալվելիս 4։2 հաշվով «Բյոռնլիին» հաղթած «Չելսին» (հեթ տրիկի հեղինակ է դարձել Պուլիշիչը)։ Նկատենք, որ տանտերերն իրենց երկու գոլը խփել են 0։4 հաշվով պարտվելուց հետո ու եթե մի փոքր ավելի շուտ սթափվեին, լուսատախտակի վրա միանգամայն այլ հաշիվ կլիներ։
Տուրի կենտրոնական հանդիպումը Լիվերպուլում էր, տեղի համանուն թիմի ու «Տոտենհեմի» միջև։ Առանց այն էլ այս թիմերի մրցակցությունը միշտ սուր ընթացք է ունենում, սակայն Չեմպիոնների լիգայի այս վերջին եզրափակչից հետո այն այլ հնչերանգներ էլ է ձեռք բերել։ Ինչ կատարվեց։ Արդեն առաջին իսկ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց «Տոտենհեմին»։ Ձեռնոցը նետված էր։ «Լիվերպուլն» այն վերցրեց ու հերթական անգամ ապացուցեց, որ «Տոտենհեմի» համար անհարմար մրցակից է։ 2։1 և մերսիսայդցիները վեց միավորի պոկվածությամբ են «Մանչեստր Սիթիից»։
Լավագույն հնգյակը եզրափակում է սեփական հարկի տակ «Կրիստալ Պալասի» հետ ոչ-ոքի (2։2) խաղացած «Արսենալը»։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջին երեք հորիզոնականում են հյուրընկալելիս «Այնտրախտին» 4։2 հաշվով պարտության մատնած Մյոնխենգլադբախի «Բորուսիան», տնային խաղում «Ունիոնին» հաղթած «Բավարիան» ու «Լայպցիգին» հյուրընկալած «Ֆրայբուրգը»։ Վերջին երկու խաղում գրանցվել է նույն 2։1 հաշիվը։ Ըստ հաջորդականության եԵռյակն ունի 19, 18, 17 միավոր։ 17 ունի և «Աուգսբուրգի» հետ զրոյական ոչ-ոքիով խաղն ավարտած «Վոլֆսբուրգը»։ Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև «Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունում։ Բորուսիացիների ունեցածը 15 միավոր է, մեկով ավելի «Լայպցիգի» ունեցածից։
ԻՍՊԱՆԻԱ
Քաղաքական հայտնի զարգացումների պատճառով հետաձգվել էր «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» դիմակայությունը՝ ֆուտբոլասերին աշնան այս վերջին օրերին զրկելով էլ կլասիկո վայելելու հաճույքից։ Ինչ խոսք, այնպես չէ, որ զրկվելու ենք ու զրկվելու, բայց դե։ Ստեղծված իրավիճակում «Բետիսի» նկատմամբ նվազագույն հաշվով տնային հաղթանակը «Գրանադային» 20 միավորով հանեց առաջին հորիզոնական՝ «Բարսելոնին» ստիպելով հարկադիր նահանջի։
19 միավոր ունեցող կատալոնյան ակումբին միավորներով հավասարվեցին արտագնայում «Սելտային» պարտության մատնած «Ռեալ Սոսիեդադը», տնային մրցավեճում բասկյան «Աթլետիկին» 2։0 հաշվով պարտության մատնած «Աթլետիկոն», նույնպիսի հաշվով սեփական հարկի տակ «Խետաֆեին» ծնկի բերած «Սևիլիան»։ Նրանք այս հերթականությամբ զբաղեցնում են 3-5-րդ տեղերը։ Առաջին վեցյակը եզրափակում է «Ռեալը»՝ 18 միավոր։
ԻՏԱԼԻԱ
Արտագնայում «Յուվենտուսը» չկարողացավ կոտրել «Լեչեի» համառությունն ու բավարարվեց ոչ-ոքիով։ Հետաքրքրական է, որ երկուսն էլ դարպասը գրավել են 11-մետրանոցից՝ 1։1։ Եղածն առաջատարին ընդամենը մեկ միավորով զիջող «Ինտերի» համար փայլուն հնարավորություն էր տարբերությունը լիկվիդացնելու և առաջատարությունը խլելու համար, սակայն «Պարմայի» հետ մրցակցությունում միակ շահեկան բանը, որ իրենց համար արեցին Կոնտեի սաները, երկրորդ գոլը խփելն ու երեք միավոր կորցնելուց խուսափելն էր։ 23 ու 22 միավորով «Յուվեն» ու «Ինտերն» առաջին երկու հորիզոնականում են։
Անսովոր մեծ արդյունք գրանցվեց «Ատալանտա»-«ՈՒդինեզե» դիմակայությունում՝ 7։1, ու դրանում իր առանցքային դերն ունեցավ խաղի մոտավորապես երկու երրորդը տասը հոգով մնալու հյուրերի պարագան։ «Ատալանտան» ունի 20 միավոր։ Նրանից երեք նիշով հետ է 17 միավոր ունեցող «Նապոլին», որն արտագնայում չկարողացավ կոտրել ՍՊԱԼ-ի դիմադրությունը՝ 1։1։ Սկուդետեի չորրորդ-հինգերորդ հորիզոնականներում են «Միլանին» տնային դիմակայությունում պարտության մատնած «Ռոման» ու արտագնայում «Թուրինից» միավոր պոկած «Կալյարին»։ Նրանք ունեն 16 և 15 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենի»՝ տուրի հերթական հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր, «Մարսելի» հետ, սակայն, անկախ այդ մրցակցության արդյունքից, փարիզյան թիմը շարունակում է մնալ դիվիզիոնի միանձնյա առաջատարը։ Աղյուսակում ունեցած երկրորդ տեղից չզրկվեց «Նանտը», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով տանուլ տվեց «Մոնակոյին»։ 18-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են «Լիլը» (հյուրընկալելիս հաղթել է «Բորդոյին»՝ 3։0) ու տնային խաղում «Նիմի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով հանդիպումն ավարտած «Ռեյմսը»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ