Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների հերթական առաջնությունը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի տղամարդկանց ընտրանին խիստ երիտասարդ է, չէր կարելի զարմանալ Ռումինիայի մայրաքաղաքում տեսնելով մեծահասակների աշխարհի վերջին առաջնության ներկայացուցիչների, ովքեր, ի դեպ, փայլուն մասնակցություն ունեցան ուժեղների այդ ստուգատեսում։ Ինչևէ, չերկարացնենք, մանավանդ որ այդ առաջնության ընթացքը մանրամասն ներկայացրել ենք։
20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
Այս տարիքային խմբում ու առհասարակ առաջնությունում մեր ընտրանուն առաջին ոսկե մեդալը բերեց 55 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած 18-ամյա Մոնթե Մխիթարյանը։ Դա եղավ պոկում վարժությունում։ Երկամարտում մեր պատանյակը ցույց տվեց հինգերորդ արդյունքը 236 կգ (111+125)։
Մեր ընտրանու մասնակցային հաջորդ քաշը 67-ն էր, ներկայացուցիչը՝ Սևակ Նիկողոսյանը։ 20-ամյա մարզիկը պոկում վարժությունում զբաղեցրել է 11-րդ տեղը (120 կգ), իսկ հրումում զրո ստացել՝ երկու փորձից չկարողանալով սանձահարել 150, ապա և 151 կգ կշռող ծանրաձողը:
81 կգ քաշային կարգում միանգամից ունեինք երկու պատվիրակ: Պոկում վարժությունում 18-ամյա Կարեն Մարգարյանը երրորդ փորձից հրեց 151-ը՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի, իսկ 19-ամյա Ռաֆիկ Հարությունյանը բավարարվեց150 կիլոգրամով՝ չորրորդ արդյունք: Հրումում Կարենը մրցելույթն ավարտեց 184 կգ արդյունքով՝ չորրորդ արդյունք, իսկ Ռաֆիկը հրեց 190 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով վարժության արծաթե մեդալը: Ռաֆիկի երկամարտի 340-ը թույլ տվեց նրան կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Կարեն Մարգարյանը երկամարտում չորրորդն էր՝ 335 կգ:
89 կգ քաշայինների մրցավեճում էլ մեր ներկայացուցիչները երկուսն էին և, հուրախություն բոլորիս, հիմնական մրցակցությունը նրանց միջև էր։ 20-ամյա Կարեն Ավագյանը պոկում վարժությունում երկրորդ մոտեցումից բարձրացրեց 170 կգ՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի, իսկ 19-ամյա Արա Աղանյանը գլխավերևում պահեց 162 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում ուժեղագույնն արդեն Արան էր՝ 196 կգ-ով, իսկ Կարենը սանձահարած 194-ով նվաճեց փոքր արծաթ (երկուսն էլ երրորդ մոտեցման 197-ը չեն հաղթահարել): Երկամարտի 364 կգ արդյունքով հաղթողի կոչումը նվաճեց Կարեն Ավագյանը, իսկ արծաթե մեդալը (358 կգ) բաժին հասավ Արա Աղանյանին:
96 կիլոգրամայինների պայքարում Հմայակ Հարությունյանը զրո է ստացել՝ հրումում 3 անգամ տապալելով մոտեցումը 181 կգ կշռող ծանրաձողին: Հայ ծանրորդը պոկում վարժությունում 145 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: 109 կգ քաշային կարգում 19-ամյա Յաշա Մինասյանը երկամարտում 358 կգ (158+200) արդյունքով եղել է չորրորդը։ Նկատենք, որ հրում վարժությունում մեր ընտրանուն նա բերել է փոքր բրոնզե մեդալ։
Գերծանրների մրցավեճում 20-ամյա Վարազդատ Լալայանը պարզապես եղել է անգերազանցելի: Մեր հսկան պոկում վարժությունում 194 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ սահմանելով ռեկորդ: Երկրորդ վարժության երկրորդ մոտեցմամբ հրելով 230 կգ (երրորդ մոտեցումից հրաժարվել է)՝ դարձյալ ռեկորդ է սահմանել՝ ռեկորդի հեղինակ դառնալով նաև երկամարտում՝ 424 կգ: Նկատենք, որ երկրորդ տեղը զբաղեցրած ծանրորդին Վարազդատը, որը երիտասարդների աշխարհի գործող չեմպիոնն է նաև, երկամարտի արդյունքով գերազանցել է 33 կգ-ով:
Տարիքային այս խմբում 81 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին երկամարտի 215 կգ արդյունքով կանգնել է 17-ամյա Լիանա Գյուրջյանը: Պոկումում մեր աղջիկը գլխավերևում պահել է 95-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում սանձահարել 120-կիլոգրամանոցը: Երկու վարժությունում էլ Լիանան ցույց է տվել ամենաբարձր արդյունքն ու արժանիորեն նվաճել հաղթողի կոչումը՝ մոտակա մրցակցին երկամարտում գերազանցելով 14 կիլոգրամով:
+87 կգ քաշային Արփինե Դալալյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 234 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 100, հրումում՝ 134 կգ արդյունք (երրորդ մոտեցումից հրաժարվել է)։
23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ
Սկսենք աղջիկներից։ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է փոխչեմպիոն՝ ընդամենը 1 կգ զիջելով Մոլդովայի ներկայացուցչին։ Պոկում վարժությունում նա ցույց է տվել 105, հրումում՝ 125 կգ արդյունք (երրորդ մոտեցումից հրաժարվել է)՝ զուգահեռաբար արժանանալով փոքր ոսկե ու բրոնզե մեդալների։
Տղամարդկանց մրցավեճը մերոնք սկսել են 61-կիլոգրամայինների պայքարից ։21-ամյա Համլետ Մնացականյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը՝ 250 կգ (110+140)։ Մեդալային չի եղել նաև նրա տարեկից Նշան Անտոնյանի մրցելույթը՝ 280 կգ (125+155), հինգերորդ արդյունք։
89-ում, ինչպես և աշխարհի վերջին առաջնությունում, իր ծանրակշիռ խոսքն է ասել գյումրեցի դյուցազն Հակոբ Մկրտչյանն ու երկամարտի 375 կիլոգրամով հռչակվել չեմպիոն: Պոկումում մեր մարզիկը փոքր արծաթ է նվաճել` գլխավերևում պահելով 165 կգ ծանրաձողը, իսկ հրումում իր կամքին է ենթարկել 210 կիլոգրամը՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ։ Այս քաշային կարգի մեր մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 357 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ փոքր արծաթ ու բրոնզ նվաճելով հրում (196 կգ) և պոկում (161 կգ) վարժություններում:
Ցավոք, վնասվածքի պատճառով 96 կգ քաշային կարգում մրցահարթակ չկարողացավ բարձրանալ 21-ամյա Սամվել Բաբակյանը, ուստի մեդալային հավակնությունների կտրվածքով ոչինչ չենք կարող ասել նրա հնարավոր մասնակցության մասին։
109 կգ քաշային կարգում ծանրամարտի հայ երկրպագուին սպասում էր հաճելի նորություն։ 176 կգ արդյունքով պոկում վարժությունում արժանանալով փոքր արծաթե մեդալի՝ Սամվել Գասպարյանը հրումում ոսկե մեդալ է ապահովել՝ գլխավերևում պահելով 214 կգ կշռող ձողը, ինչը երկամարտում (390 կգ) նույնպես ոսկի է նշանակել։
Եվ վերջին ժամանակներիս հանգույն իր վերջնական խոսքն ասաց գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը՝ մեծահասակների աշխարհի գործող կրկնակի չեմպիոնը։ Նկատենք, որ այստեղ նրան դաժանագույն մրցակցություն ցույց տվեց երկրորդ մոտեցումում Սիմոնի վրիպման հետևանքով պոկում վարժությունում վերջինը ծանրաձողին մոտենալու իրավունք ստացած բելառուս Էդուարդ Զյազուլինը, սակայն մեր մարզիկի 198-ը, որ նաև նոր ռեկորդ էր, մնաց անգերազանցելի։ Հրում վարժությունում Զյազուլինի 230-ին 231-ով, 235-ին 236-ով պատասխանելով՝ մեր հսկան նվաճեց թե՛ վարժության, թե՛ երկամարտի ոսկիները՝ ցույց տալով, որ այստեղ կա ու ինքն է մնում միակ թելադրողը։ Հավելենք միայն, որ երկամարտում Սիմոն Մարտիրոսյանի ցույց տված կիլոգրամները հավասար են 434-ի։
Ահա այսպիսի շքեղ ավարտ ունեցավ Հայաստանի ընտրանիների համար բուխարեստյան այս եվրոպականը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ