Եվրոպա-2020-ի որակավորման փուլի հերթական դիմակայությունների պատճառով կարճատև ընդմիջում վերցրած եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունները նորից մտան աշխատանքային հուն։ Ինչպես որ չի եղել տպավորիչ խաղերի, այնպես էլ անակնկալ արդյունքների գրանցման պակաս։ Բնականաբար դրանք մրցաշարային աղյուսակում պատճառ են դարձել տեղաշարժերի։
ԱՆԳԼԻԱ
«Չելսին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց առաջնության նորեկ «Նյուքասլի» նկատմամբ ու 17 միավորով տեղ է զբաղեցնում առաջին հնգյակում։ Նույնքան միավոր է վաստակել նաև լրացուցիչ գործակիցներով նրան շրջանցած «Լեստերը», որը բավականին ծանր հանդիպում ունեցավ հյուր ժամանած «Բյոռնլիի» հետ։ Ավելին ասենք. տանտերերն են առաջինը գոլ բաց թողել ու հետագայում բավական ջանք թափել երեք միավոր վաստակելու համար՝ 2։1։ Արտագնայում «Կրիստալ Պալասի» նկատմամբ «Մանչեստր Սիթիի» 2։0 հաշվով հաղթանակը «քաղաքաբնակներին» տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում։
Սակայն այս ու վերը հիշատակված հանդիպումները չէին, որ լինելու էին պրեմիեր լիգայի հերթական տուրի զարդը։ Անկախ աղյուսակում թիմերի տեղաբաշխումից՝ «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայությունը պրեմիեր լիգայի կայացած տուրի անկասկած թիվ մեկ դիմակայությունն էր։ Ի պատիվ մանկունիացիների ասենք, որ նրանք պարզապես փայլուն խաղ ցուցադրեցին առաջատարի հետ մրցակցությունում և անգամ մոտ էին երեք միավոր վաստակելուն, պարզապես չհաջողվեց, քանի որ լիվերպուլցիներն ի վերջո կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Այսպես թե այնպես, Յուրգեն Կլոպի սաների դեռևս նախորդ մրցաշրջանից եկող 17 անընդմեջ հաղթանակից (այս մրցաշրջանում այդ հաղթանակներն ութն են) կազմված շարքն ընդհատվեց։ Եվ այնուամենայնիվ, «Լիվերպուլը» կա ու մնում է պրեմիեր լիգայի անառարկելի առաջատարը, նրա հավաքած միավորները վեցով ավելի են «Մանչեստր Սիթիի» ունեցած 19-ից։
Երեկ ուշ երեկոյան կայացած «Շեֆիլդ»-«Արսենալ» դիմակայությունը վերջինիս հաղթանակի դեպքում զինագործներին կարող էր հանել երրորդ հորիզոնական, սակայն առաջանցիկ ենթադրություններ չանենք, քանզի տեսանք, թե հենց թեկուզ միայն այս տուրը ինչ կարգի անակնկալներ գրանցեց։
ԳԵՐՄԱՆԻԱ
Շնորհիվ լրացուցիչ ժամանակում խփած գոլի, «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ խուսափեց պարտությունից (2։2), իսկ մրցակիցը, ոչ ավել-ոչ պակաս, երկրի գործող չեմպիոնն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը ներքին առաջնության վերջին երկու խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել։ Իհարկե, սա չափազանց վատ ցուցանիշ է, որը թիմի երկրպագուն դեռևս կլլում է՝ հիշելով Չեմպիոնների լիգայի խմբայինում հարազատ թիմի փայլուն հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ, սակայն այսպես երկար, բնականաբար, շարունակվել չի կարող։ Մյուս կողմից էլ, «Բավարիայի» բարեբախտությունն է, որ առաջնությունում այդպես էլ ոչ մի թիմ չի կարողանում ընդգծված առավելություն ստանալ մյուսների նկատմամբ, ինչպես, օրինակ, պրեմիեր լիգայում է։
Տուրում սեփական հարկի տակ բունդեսլիգայի առաջատարի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» նվազագույն հաշվով հաղթանակը հնարավորություն տվեց միավորներով՝ 15, հավասարվելու մյունխենցիներին ու դիրքավորվելու չորրորդ հորիզոնականում։ Նույնքան միավոր ունի նաև երկրի փոխչեմպիոն «Լայպցիգը», որը հյուրընկալելով գերմանական «գայլերին», միավոր կիսեց՝ 1։1։ Հետաքրքրական է, որ տանտերերին հաղթելու դեպքում «Վոլֆսբուրգը» կարող էր միանձնյա ստանձնել առաջատարությունը, սակայն դա նրա հնարավորություններից վեր եղավ։ Վաստակած 16 միավորով «Վոլֆսբուրգը» երկրորդ հորիզոնականում է՝ նույնքան միավոր ունեցող մյոնխենգլադբախցիներին առաջնայնությունը զիջելով ի հաշիվ լրացուցիչ գործակիցների։
Բունդեսլիգայի լավագույն վեցյակը 14 միավորով եզրափակում է «Ֆրայբուրգը» (արտագնայում 0։2 հաշվով զիջել է բեռլինյան «ՈՒնիոնին»), սակայն նշենք, որ այդքան միավոր ունի ևս երեք թիմ։ Այնպես որ, ցանկացած տուր կարող է այս առաջնությունում լուրջ խմբագրումներ մտցնել։
ԻՍՊԱՆԻԱ
Խոշորագույն անակնկալ մատուցեց լա լիգայի նորեկ «Մալյորկան»՝ տնային խաղում նվազագույն հաշվով առավելության հասնելով 18 միավոր ունեցող, առաջնության արդեն նախկին առաջատար Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, քանի որ նախօրեին «Բարսելոնը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթանակ էր տոնել «Էյբարի» հետ մրցակցությունում՝ միավորների թիվը հասցնելով 19-ի։ Ավելորդ չհամարենք նշել, որ գոլերը խփել է կատալոնյան ակումբի ահեղ հարձակողական գիծը կազմած Սուարես-Մեսի-Գրիզման փառահեղ եռյակը՝ ամեն մեկի հաշվով արձանագրելով դարպասի մեկական գրավում։
«Ռեալից» մեկ միավոր պակաս ունի նախորդ տուրում նրան 2։4 հաշվով զիջած «Գրանադան», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել «Օսասունային» ու մաս կազմել առաջատար եռյակի։
Չորրորդ տեղում է սեփական հարկի տակ «Բետիսին» 3։1 հաշվով պարտության մատնած «Ռեալ Սոսիեդադը»՝ 16 միավոր։ Նույնքան ունի և «Վալենսիայի» հետ տնային խաղում հաղթանակը խաղավարտին մոտ ձեռքից բաց թողած «Աթլետիկոն»՝ 1։1։ Միավորներով վերջինիս ու «Ռեալ Սոսիեդադին» հավասարվեց «Սևիլիան»՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթելով «Լևանտեին»։
ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Բոլոնիա» դիմակայությունն էլ չսասանեց ոչ «ծեր սինյորայի» հեղինակությունը, ոչ էլ հաղթելու անհագ ծարավը։ Եվ այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հավելյալ ժամանակում հյուրերը պարտությունից փրկվելու շանս են ունեցել, սակայն տուգանայինից իրացումը նախ հետ է մղել դարպասաձողը, իսկ ակնթարթ անց Բուֆոնի փայլուն սեյվն է թուրինցիների դարպասը պահել անառիկ։ Գրանցված 2։1 հաշիվը թուրինյան ակումբին 22 միավորով շարունակում է պահել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում։ Նկատենք, որ գոլերից մեկը Ռոնալդուի կատարմամբ է։ Սա նրա թվով 25-րդ դարպասի գրավումն էր սկուդետեում, ընդ որում՝ 38 խաղից։ Այդքան գոլ, սակայն ավելի քիչ թվով խաղերից, ունեցել է ընդամենը չորս ֆուտբոլիստ։
Գերլարվածության հետ գոլերի առատությամբ է աչքի ընկել հատկապես երկու դիմակայություն։ Նախօրեին «Լացիո»-«Ատալանտա» հանդիպման առաջին կեսն անհուսալիորեն տանուլ տված տանտերերը երկրորդում ասես վերածնվեցին ու չեզոքացրին Բերգամոյի ներկայացուցիչների առավելությունը։ Արդյունքում մարտական ոչ-ոքի՝ 3։3, գերշիկացած կրքեր, պահեր, երբ գնդակը պարզապես ուրիշ տեղ հայտնվելու իրավունք չուներ բացի դարպասից ու այդպես էլ հաջողեցնում էր անհնարինը։ Վաստակած մեկ միավորն «Ատալանտային» 18 միավորով անփոփոխ թողեց երրորդ հորիզոնականում, իսկ ահա «Լացիոն» հրաժեշտ տվեց լավագույն վեցյակին։
Նման կարգի երկրորդ մրցակցությունն արձանագրվեց «Սասուոլո»-«Ինտեր» առճակատումում, որտեղ Անտոնիո Կոնտեի սաները վստահ առաջին խաղակեսի կողքին ունեցան անհամեմատ թույլ երկրորդ ու անչափ մոտ էին երեք միավորը կորցնելուն։ Ի բարեբախտություն հյուրերի, մրցավարը խաղավարտն ավարտեց այն ժամանակ, երբ լուսագրի վրա 4։3 հաշիվն էր։ 21 միավորով «Ինտերը» երկրորդ հորիզոնականում է։
Հաղթական հանդիպում է ունեցել «Նապոլին»։ Մրցակիցը՝ «Վերոնան», տանտերերին զիջել է երկու անպատասխան գնդակի տարբերությամբ։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ունի 16 միավոր, ինչը նրան տեղ է ապահովել սկուդետեի չորրորդ հորիզոնականում։
Աղյուսակի հինգերորդ ու վեցերորդ տեղերում են սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ ՍՊԱԼ-ից խաղը շահած «Կալյարին» ու «Սամպդորիային» հյուր գնացած, մրցամարտը 0։0 հաշվով ավարտած «Ռոման»։ Նրանք համապատասխանաբար ունեն 14 և 13 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջատարի արտագնան Նիցցայում տեղի համանուն թիմի հետ ավարտվեց նրա խոշոր հաշվով հաղթանակով։ «Պարի Սեն Ժերմենի» հաղթական մրցելույթի հիմքը դրեց Անխել դի Մարիան առաջին խաղակեսում խփած երկու գոլով, իսկ գործը ջախջախիչ հանգուցալուծման հասավ այն բանից հետո, երբ 76-րդ րոպեին տանտերերը մնացին արդեն ինը հոգով։ ՊՍԺ-ն ևս երկու գոլ հեղինակեց՝ 4։1։ Դրանցից մեկի հեղինակը փոխարինման ելած Մբապեն էր, մյուսը՝ Իկարդին, որը նյութականացրեց այդ նույն Մբապեի գոլային փոխանցումը։
Երկրորդ տեղում ընթացող «Նանտն» արտագնայում ոչ միայն չկարողացավ կոտրել աղյուսակի հետնախորշերում գտնվող «Մեցի» դիմադրությունը, այլև երեք միավոր կորցրեց։ Նույն նվազագույն հաշվով պարտություն է կրել և սեփական հարկի տակ հանդես եկած «Անժը», որին նման բախտի է արժանացրել «Բրեստը»։ Ձախողումից անմասն չի մնացել և «Թուլուզին» հյուր գնացած «Լիլը»՝ 1։2, որն այս պարտությունից հետո նահանջել է միանգամից մի քանի հորիզոնականով ու հայտնվել վեցերորդ տեղում։
24 միավորով աղյուսակը գլխավորում է «Պարի Սեն Ժերմենը»։ Նրան հետևում են «Նանտը» (19), «Ռեյմսն» (17) ու «Անժը» (16 միավոր)։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ