ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երևանում մեկնարկեց #Բավականէ արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների

Երևանում մեկնարկեց #Բավականէ արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների
11.10.2019 | 23:05

Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) ոչ առևտրային սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։

Արշավի նպատակներն են Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, ապագայում երևույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։


Արշավի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ։ Հուշարձանի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շատ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։
Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մայր Հայաստան հուշարձանի մոտից իր դստեր հետ ուղիղ կապով դիմեց իր հետևորդներին՝ խոսելով արշավի կարևորության մասին:
«Այս նախաձեռնությամբ մենք կոչ ենք անում երբեք տարբերություն չդնել սեռերի միջև: Տարեկան մոտ 1300 աղջիկ չի ծնվում Հայաստանում, իսկ վերջին տարիներին 40 հազար աղջիկ ավելի չի ծնվել հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով»,-նշեց նախարարը:
Նա անդրադարձավ նաև ակցիայի անվանը: «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։


«Բավական է տարբերություն դնել սեռերի միջև: Ճիշտ է՝ մենք աբորտների ցուցանիշներով աշխարհում վատ տեղում ենք, սակայն մեզ մոտ դրական առաջընթաց կա: Նախկինում 115 տղային համեմատ ծնվում էր 100 աղջիկ էր, ցուցանիշն այժմ բարելավել է: Հուսով ենք, որ առաջիկայում կհասնենք նորմայի»,-նշեց նախարարը:
Նշենք, որ արշավի նախաձեռնողն է Doping ստեղծարար ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի անունն ու պաշտոնական հեշթեգն է՝ #ԲավականԷ (#Bavakane)։ Արշավի առաջխաղացումն իրականացվելու է հայտնի անձանց, սոցցանցերի ու տարբեր ԶԼՄ-ի ներգրավմամբ։

Լրացուցիչ տեղեկատվություն
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993թ.-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
Թեև ծավալուն աշխատանքի արդյունքում 2010թ․-ից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի նվազել է՝ 2018թ․-ին հասնելով 111 տղա 100 աղջիկ հարաբերակցության, Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում՝ Չինաստանի և Ադրբեջանի հետ միասին։
Երևույթի հիմքում աղջիկ երեխաների թերարժևորումն է, բայց հետևանքները լինելու են թե՛ ժողովրդագրական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։
«Այսպես շարունակելու դեպքում, մինչև 2060թ. 93,000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80,000-ով»։
Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ



Դիտվել է՝ 7052

Մեկնաբանություններ