Հայաստանի համայնքները կարող են զարգանալ միայն այն դեպքում, երբ դրանց ղեկավարներն առաջնորդվում են հանուն հանրային շահի, այլ ոչ թե սոսկ անձնական նեղ հետաքրքրություններն ամեն գնով պաշտպանելու մոլուցքով: Հիմնականում շահում են այն համայնքները, որոնց ղեկավարների կրթությունն ուղիղ համեմատական է գրագետ ու ճիշտ ղեկավարման կարողությանը: Այդ դեպքում շահում է համայնքը, եթե նաև պետությունն իր բաժին աջակցությամբ համայնքի կողքին է: Հազվադեպ համայնքներ կան, որոնք ունեն սրտացավ և որ ամենագլխավորն է՝ համապատասխան կրթությամբ ղեկավարներ: Նրանցից է Շիրակի մարզի ամենամեծ համայնքի՝ Ազատանի ղեկավար, մասնագիտությամբ գյուղատնտես ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆԸ, որի հետ «Իրատեսը» զրուցեց համայնքների չլուծվող խնդիրների, ապաշնորհ ղեկավարների և կառավարման արդյունավետ միջոցների ու հետաքրքիր առաջարկների շուրջ:
ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ
Վարդան Իկիլիկյանի համոզմամբ համայնքների զարգացման առաջին նախապայմանն է կենցաղային տանելի պայմաններ ունեցող բնակչությունը, ու նաև տնտեսության բոլոր ոլորտների զարգացման երաշխավորված ուղիներ: -Ես առաջարկել եմ, որ համայնքների բյուջեներով իրականացվող ծրագրերի շրջանակներում պետությունը աջակցի համայնքներին և գոնե ազատի ավելացված արժեքի հարկից: Սա մեկ: Օրինակով ասեմ. մեր շրջանում կարկտահարությունը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: 2009 թվականին գնել ենք 5 հակակարկտային կայան, իսկ մեկ կայանի գինը 7 մլն 800 հազար դրամ է: ԱԱՀ-ից ազատելու առաջարկով դիմեցինք կառավարությանը, որպեսզի խնայված միջոցներով մեկի փոխարեն մի քանիսը գնենք, սակայն մեր առաջարկը մերժվեց: Մի ուրիշ բան ասեմ: Համայնքին այնքան անհրաժեշտ ճանապարհների վերանորոգման, ջրագծերի կամ այլ ծրագրեր իրականացնելու դեպքում թեև ասում են ԱԱՀ-ն վերադարձվում է, սակայն երկար տարիներ համայանքապետ եմ, բայց չեմ տեսել, որ վերադարձվեն: Պատկերացրեք, եթե 20 % -ն էլ վերադարձվի, դա համայնքի համար լրացուցիչ եկամուտ է այլ ծրագիր սկսելու համար,- ասում է Վ. Իկիլիկյանը: Ազատանի համայնքապետի համար անհասկանալի է կառավարության միջոցներից տրամադրվող դոտացիոն գումարների հաշվարկման բանաձևը, ըստ որի դոտացիան տրվում է բնակչության և համայնքի սեփական եկամուտների թվի հաշվարկմամբ, անկախ նրանից, տվյալ համայնքն ունի՞ ենթակառուցվածքներ, թե՞ ոչ: Նույն թվով բնակչություն ունեցող համայնքները ստանում են միատեսակ դոտացիա, ինչը պարոն Իկիլիկյանի համոզմամբ սխալ է:
ՀԱՐԿԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Համայնքապետերը, ըստ Վ. Իկիլիկյանի, հայտնվել են ոչ թե հարկ հավաքողի, այլ հարկ խնդրողի դերում: -Թանկարժեք մեքենա ունեցող բնակիչը մեքենայի համար վճարում է 15 հազար դրամ գույքահարկ, նույնքան հողի հարկ, մինչդեռ աղբահանության 5 հազար դրամ կազմող վարձավճարը չի վճարում: Համայնքապետին պարտադրում են բնակչի գործը հանձնել վարչական վարույթ: Իսկ ես առաջարկում եմ բոլոր տեսակի հարկերն ընդունել «Մեկ պատուհանի» սկզբունքով: Եթե քաղաքացին մեքենայի գույքահարկը չվճարելու պարագայում պետավտոտեսուչի կողմից կարող է պատժվել, իսկ ի՞նչ անի համայանքապետը, եթե քաղաքացին գումար չունի հողահարկի և գույքահարկի համար, դրա համար մտնենք դատարան որ ի՞նչ: Թեև ասեմ, թոշակառուն հարկերի վճարման հարցում ավելի պարտաճանաչ է, քան ունևորը: Ազատանի համայնքապետը համոզված է, որ կառավարության հարկային քաղաքականությունը սխալ հիմքերի վրա է այն պահից, երբ սկսվեց հողի հարկերի անհավասար զիջումների գործընթացը: «2012-ին որոշում կայացվեց ամբողջությամբ զիջել հարկերը, այսինքն այս պարագայում պարտաճանաչ հարկատուներին` ոչինչ, էն անպարտաճանչները, ովքեր լավ էին զգում չվճարելով, շահում են: Հիմա եկեք հասկանանք, պարտաճանաչներն ինչո ՞վ են մեղավոր, նրանք, ովքեր ժամանակին վճարել են, և դրա շնորհիվ բյուջեն հարստացել է, գործ ենք արել այդ գումարներով, աշխատակազմ ենք պահել, ենթակառուցվածքներ ենք ստեղծել: Այս անհավասար պայմանները հանգեցրին նրան, որ էն չմուծողներն ասում են, դե, մի անգամ էլ կզիջեն, ոչինչ, թեև 2012-ից հետո զիջում չի եղել»,- ասում է Վ. Իկիլիկյանը:
ՀՈՂՆ ԱՆՏԵՐ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ
Գյուղերում, անգամ ջրովի ու բարձր բերքատվություն ապահովող վայրերում տարեցտարի ավելանում են չմշակվող հողատարածքները: Դրանց սեփականատերերից շատերն արտագաղթել են: Նրանց մի զգալի մասը թեև այլ երկրի քաղաքացիություն է ստացել, այնուհանդերձ գյուղում պահպանել է հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Նման դեպքում ըստ Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի՝ հողերի ոչ նպատակային օգտագործման դեպքում դրանք ենթակա են օտարման: Համայնքապետարաններին տրված է այդ տարածքները ժամանակավորապես տնօրինելու լիազորություն, որպեսզի դրանք մշակվեն ու եկամուտներ ապահովեն համայնքների համար, թեև ոչ բոլոր ղեկավարներն են օգտվում դրանից: -Այս օրենքը չի կիրառվում, քանի որ համայնքի ոչ մի ղեկավար չի գնա դրան, առաջին հերթին, որ մարդը հողի սեփականատեր է, նա կամ անվճարունակ է, կամ անթասիբ է , կամ երկրում չէ, նրա սերունդը ինչո՞վ է մեղավոր, որ պետք է զրկվի հողից: Մեզ մեղադրում են մեր լիազորությունները չիրականացնելու համար, այո, չենք անելու, որովհետև եթե այսօր մարդուն զրկում ես սեփականությունից, նրա հետ դառնում ես դարեդար թշնամի: Օրենքը մի քիչ էլ պետք է ճկուն լինի,- ասում է Իկիլիկյանը: Նրա խոսքով, կոոպերատիվ կազմակերպություններին աջակցելու համայնքապետարանի փորձը չարդարացվեց, քանի որ դա ձևական բնույթ էր կրում, օգտվեցին մի քանիսը, ձեռք բերված գյուղտեխնիկան վարձակալության էին տալիս այլ համայնքներին: Ազատանի համայնքապետն առաջարկում է լիզինգով ձեռք բերած գյուղտեխնիկան տրամադրել համայնքապետարաններին, վերջիններս բնակչին կառաջարկեն իր հողը համատեղ՝ համայնքապետարանի հետ մշակելու ծրագիր ու պայմաններ: Օրենսդրորեն համայնքի ղեկավարը հողը ժամանակավորապես վարձակալելու իրավունք և լիազորություն է ստանում, բերքահավաքից հետո հաշվարկվում են կատարված ծախսերն ու ստացված եկամուտը, որի 30 %-ը կավելացվի համայնքի բյուջեին՝ լիզինգով ստացած տեխնիկայի ծախսերը փակելու համար, իսկ 70 %-ը կհամարվի բնակչի զուտ եկամուտը: «Արդյունքում հողն անմշակ չի մնում, բարիք արտադրվեց, դուրս եկանք շուկա, բնակիչը հողահարկը վճարելու հնարավորություն ստացավ, նա չի մնում վարկերի ու տույժի բեռան տակ, այսինքն համայնքը սեփականատիրոջ հետ մտնում է գործարքի մեջ: Մեկ այլ տարբերակով, դարձյալ օրենդրական նախաձեռնությամբ համայնքապետը իրավունք է ստանում վարձակալության տալու սեփականատիրոջ հողը: Այս առաջարկն օրենքի նախագծի տեսքով ներկայումս գտնվում է ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում: Օգուտը երկկողմանի է, օգտվում է թե սեփականատերը, թե համայնքապետարանը: Իսկ եթե սեփականատերը հաջորդ տարի ի վիճակի է լինում ինքնուրույն մշակելու իր հողատարածքը, ապա այն վերադարձվում է իրեն և հանձնարարվում համայնքապետարանին մատչելի գյուղտեխնիկայով երկու տարի ժամկետով աջակցել բնակչին: Այս պայմանով համայնքներում անմշակ հողեր չեն լինի, մինչդեռ հանրապետության հողերի 40 տոկոսից ավելին չի մշակվում»,- եզրակացնում է Ազատանի համայանքապետը:
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Ամիսներ առաջ Վարդան Իկիլիկյանը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրների իր տեսլականը, հանդես եկել գյուղարտադրության և շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններով: Նա առաջարկում է ստեղծել պետության կողմից վերահսկվող մեծածախ առևտրի շուկա, որտեղ կնվազի կամ իսպառ կբացառվի արտադրողին ու սպառողին ոչինչ չտվող, պետությանը հարկ չվճարող միջնորդի դերը: Օրինակ, կարտոֆիլի գինը, որն ամեն տարի տատանվում է՝ նախորդ տարի 100-150, հաջորդ տարի՝ 250-350 դրամ, թելադրողը միջնորդն է: Պետության կողմից վերահսկվող մեծածախ առևտրի շուկայի ստեղծումը կապահովի գնային կայուն քաղաքականություն: «Ի՞նչ է նշանակում. այսօր բերքահավաքի ժամանակ արտադրողի ձեռքից հացահատիկը գնում են 80-100 դրամով, 1 կգ հացահատիկից ստացվում է 700 գրամ ալյուր, որից էլ ստացվում է 1 կգ հաց: Արտադրողի ձեռքից գնում են 100 դրամով, սպառողին 1 կգ հացը վաճառվում է 400-450 դրամով: Դա եղավ արդա՞ր: Պետությունը պետք է կարողանա մրցակցությունն ապահովել, որպեսզի պահպանվի միջին գնային քաղաքականությունը, այսպես հնարավոր է զսպել նաև հացահատիկի գինը, և ոչ միայն հացահատիկի»,- ասում է համայնքապետը:
ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՆԶԸ
Համայնքը փոքր պետություն է, ու եթե նրա խնդիրները տարիներով մնում են չլուծված, մեղավորը համայնքի «իշխանությունը» ստանձնած այն ղեկավարն է, ով իր համայնքի չլուծված խնդիրների համար մեղադրում է պետությանը, բնակիչներին, օրենքն ու Սահմանադրությունը, բոլորին, իրենից բացի: Մինչդեռ նման ղեկավարը, անտեղյակ լինելով կառավարման տեխնիկային, ՏԻՄ-երի գործունեությանը, այնուհանդերձ համառորեն շարունակում է «կառավարել» անգամ 10-15 տարի:
Ցավոք, նման համայնքապետերի քանակը քիչ չէ, որոնց համար, ըստ Ազատանի համայնքապետի, պետությունը պետք է կիրառի համայնքապետերի և ավագանու անդամների կրթական ցենզի շարունակական բարձրացման մեխանիզմ: -Ես շուրջ 6000-հոգանոց համայնք եմ ղեկավարում, իմ ու իմ աշխատողների լիազորությունների գոնե 80 տոկոսը չպատկերացնե՞մ, ո՞նց կլինի: Կան համայնքի ղեկավարներ, ովքեր չունեն տարրական գիտելիքներ, ու ոչ էլ ցանկություն ունեն գոնե համացանցով օրենքները կարդալու։ Դրա համար պետությունը պետք է համայնքի ղեկավարի կրթական ցենզ սահմանի: Ես շատ եմ կարևորում մարդկային գործոնը, նույն բյուջեով ենք սկսել աշխատել, սակայն ես շկոլա եմ անցել, նախապես իմացել եմ, թե ինչ է գործավարությունը, ու երբ դարձա համայնքի ղեկավար 2-3 տարում ունեցանք 5 հակակարկտային կայան, աղբահանության խնդիրը լուծվեց, ու բոլորը` տեղական բյուջեի միջոցներով: Ամեն ինչ չէ, որ կապված է մեծ ծախսերի հետ: Եթե համայնք ես մտնում ու մուտքի մոտ երկու մեքենա աղբ է թափված ու տարիներ շարունակ չի մաքրվում, ո՞վ է մեղավոր, դա փողի հարց չէ, նախագահը կամ մարզպե՞տը պիտի մաքրի: Երբ աղբամաններ էի տեղադրում, մարդիկ հարցնում էին, բա ժողովուրդը որ էլի թափի՞, պատասխանում էի՝ հո միշտ վայրենի չե՞նք մնալու,- ասում է Վ. Իկիլիկյանը: Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները բազմիցս է կիսել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ: «Մշտապես բանավեճի մեջ եմ եղել նրա հետ: Ասում եմ` մոդելը սխալ է, պետք է սկսել փոքր փնջերից, եթե խոշորացված համայնքների համար ֆինանսական միջոցները չեն ավելանում, ապա ո՞րն է առավելությունը: Այսօր բնակչին գցում են կրակը, մի փաստաթղթի համար նա պետք է ողջ օրը կամ մի քանի օր կորցնի գյուղից քաղաք ու հակառակը գնալու համար, ու էլի հազար ու մի հարց կա»: Համայնքների զարգացման և հզորացման համար Իկիլիկյանն առաջարկում է կարգավորել հողերի քարտեզագրման գործընթացը, մթերման և իրացման խնդիրները, վերանայել համայնքի ղեկավարի լիազորությունները, համայնքների խոշորացման հայեցակարգը. «Ասում են, եթե համայնքի ավագանին համաձայն չէ, ու եթե բնակչությունը համաձայն չէ, չենք անելու, բայց այսօր ուղիղ ձևով հակառակն է արվում: Ժողովուրդն այսօր սվիններով է ընդունում այդ ամենը»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում: