Հայաստանի արդարադատության համակարգի թիվ մեկ խնդիրն այսօր այն է, թե ինչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այդ որոշումներից մեկի ժամանակ շրջափակեցին դատարանների մուտքերը, մյուսի դեպքում՝ ՍԴ-ի դեմ բողոքի ակցիաներ իրականացրին, այսօր սպասվող որոշմանը զուգահեռ էլ երեկ արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ՍԴ-ի որոշումը խնդրահարույց է, և առաջիկայում խորհրդարանը պետք է իր դիրքորոշումն արտահայտի այս առնչությամբ։ Իրականում իշխանությունը փորձում է մի հարվածով երկու նապաստակ որսալ. նախ` ՍԴ-ում հեղաշրջում իրականացնել, ազատվել Հրայր Թովմասյանից և նշանակել իր «սրտի» դատավոր Վահե Գրիգորյանին, հետո էլ քաղաքական բոլոր գործընթացները, այդ թվում Քոչարյանի դատավարությունը, սեփական սցենարով առաջ տանել։ Առաջին նպատակն ամենագլխավորն է` փոխել ՍԴ-ն ամբողջությամբ, քանի որ քաղաքական անկանխատեսելի զարգացումների դեպքում պետք է այնպիսի ՍԴ ունենալ, որը կիրագործի իշխանության կամքը։ ՈՒ այս ամենի հիմնական առանցքը դարձել է Քոչարյանի դատը։
Վեթինգի, անցումային արդարադատության մասին արդեն բոլորս մոռացել ենք, դատաիրավական բարեփոխումների մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց հանկարծ արդարադատության համակարգում եղած խնդիրների մասին սկսում են հիշել իշխանությունները, երբ երկրորդ նախագահի հարցում պետք է կարևոր վճիռներ կայացվեն։ Երեկ, կրկին անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ իբր ՍԴ ոչ օրինական նախագահ լինելու հանգամանքին, ԱԺ խոսնակը հայտարարել է. «ՀՀ ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ քաղաքական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրած խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»։
Այսինքն, պետք է սպասել քաղաքական մի որոշման, որը ՍԴ-ի պարագայում կարող է ընկալվել որպես իշխանության մի թևի ճնշում մյուսի վրա, թեև այս իշխանության համար ճյուղեր չկան, կա մեկ մարդ, որը երբ ցանկանա ու ինչպես ցանկանա, կոչնչացնի իշխանության մյուս թևերը։ Իսկ Արարատ Միրզոյանին պիտի հարցնել, թե մինչ այս ինչու՞ էր լուռ, ինչու՞ մինչ այդ չէր բարձրաձայնում որ Հրայր Թովմասյանն իր տեղում չէ, ոչ լեգիտիմ է։ ՈՒշագրավն այն է, որ բոլոր փաստաբանները, իրավաբանները միանշանակ արձանագրում են, որ ՍԴ-ի որոշումը, անկախ հանգամանքից, թե ում է առնչվում ու ինչի մասին է, չի մեկնաբանվում, ենթակա է անվերապահ կատարման։ Արարատ Միրզոյանը կարող էր ավելի անկեղծ լինել ու հայտարարել, որ ոչ թե ՍԴ-ում ստեղծված իրավիճակի առնչությամբ են մտադիր դիրքորոշումն արտահայտելու, այլ ՍԴ-ից Հրայր Թովմասյանին հեռացնելու, Ռոբերտ Քոչարյանին էլ` բանտում պահելու։ Ո՞րն է այսքան «խուճուճ» ներկայացնելու իրական նպատակը, որը բոլորին է պարզ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ