Նոր արժեքներ կրող հասարակություն ենք ուզում՝ չհանդուրժելով վատ բարքերը քննադատողներին
10.09.2019 | 00:46
Մեր օրերում բարդ է լրագրող լինելը, մարդիկ միշտ չէ, որ ուզում են ճշմարտությունը լսել, նրանց համոզմունքները վերահաստատող կարծիք ու մեկնաբանություն է անհրաժեշտ: Ամեն անգամ որևէ հրապարակում անելուց հետո մտովի ու հոգեպես ինձ նախապատրաստում եմ, որ ընկերներս ու հարազատներս կա՛մ գրելու են, կա՛մ զանգահարեն ու ասեն, թե ինչու եմ քննադատում իշխանություններին: Դա մոտավորապես նույնն է, թե կոշկակարին ասես՝ ինչո՞ւ ես կոշիկ կարում:
Նորագույն տեխնիկայի ու սոցիալական մեդիայի զարգացմանը զուգընթաց, «լայվերի» ու Facebook-յան «ստատուսների» ֆոնին՝ հասարակության շրջանում ձևավորվել կամ ձևավորվում է այն կուռ մտածելակերպը, թե լրագրողը միայն ուղիղ եթերում միկրոֆոն պահող կամ պաշտոնյայի հետևից վազող, վերլուծական մտքից զուրկ մարդն է: Իրականում, սակայն, հենց լրագրողներն ու լրատվամիջոցներն են, որ կոչված են առողջացնելու քաղաքական-հասարակական միջավայրը: Ինչպե՞ս՝ առողջ քննադատությամբ: Շրջապատում ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ չեմ գովաբանում այս իշխանություններին, ինձ ի՞նչ վատություն են արել: Սկզբնական շրջանում հարցը զայրացնում էր, այժմ այն ուղղակի ծիծաղելի է հնչում, որովհետև այն հնչեցնողների մեծամասնությունը խորհրդային տարիներին գովասանքի ու դրանից բխող հետևանքների ականատեսն է եղել: Բնավ չցանկանալով մանրամասնել հասարակության մեջ լրագրողների դերի ու պարտականությունների թեզը՝ կարևոր ու հստակ արձանագրում անեմ, այն է՝ ես՝ լրագրող Սևակ Վարդումյանս, այսօրվա ու վաղվա իշխանություններին չեմ վստահելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության եկած քաղաքական ուժը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել մարդկանց սոցիալական, մշակութային, հասարակական ու քաղաքական մտածելակերպը փոխելու ուղղությամբ:
Ինչպես նախկինում, այսօր նույնպես Հայաստանում ընտրությունները գաղափարական չեն, դպրոցներում առաջատարը շարունակում են համարվել ուսուցիչների երեխաները, մշակութային ոլորտի ներկայացուցիչները շարունակում են վախվորած ու իշխանահաճո խոսել, քաղաքական գործընթացները տեղի են ունենում վարագույրների հետևում, ամեն մի մանր չինովնիկ մտածում է թափուր պաշտոնում իր հարազատին տեղավորելու մասին, պետական ծառայողներն ամեն բան անում են վերադասին քծնելու ու դուր գալու համար, անորակ սերիալները շարունակում են բթացնել մեր հասարակությանը, ոչ արհեստավարժ ու անփորձ մարդիկ պատասխանատու պաշտոններ են ստանում՝ չհասկանալով, թե որտեղ ու ինչի համար են հայտնվել: Եվ սրանք դեռ միայն բովանդակային ու գաղափարական խնդիրներն են: Քանի դեռ Հայաստանում չի հայտնվել այնպիսի մի ուժ, որ կարող է գաղափարական նոր, տարբերվող օրակարգ մշակել ու զարգացնել, մնալու ենք նույն ճահճի մեջ: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ «մեր հարևան անգրագետ Պողոսը», սոցիալական ցանցերում գրառումներ անելով, ոչինչ փոխել չեն կարող, որովհետև գաղափարական հեղափոխությունը կոնկրետ քայլեր է ենթադրում: Օրինակ՝ ինչպե՞ս մեկնաբանել այն հանգամանքը, երբ վարչապետը հայտարարում է, թե կեսգիշերն անց որևէ հրավառություն չի լինելու, բայց մասնակցում է մեծահարուստի աղջկա հարսանիքին, ականատես լինում գիշերն անց «տեղացող» հրավառությանը: Սրանից հետո ինչքանո՞վ են արժանահավատ իշխանությունների այն հայտարարությունները, թե Հայաստանում արտոնյալ մարդիկ չկան: Նման օրինակները բազմաթիվ են ու անհանգստացնող այն առումով, որ բոլորս ուզում ենք նոր արժեքներ կրող հասարակություն ունենալ, սակայն իրականում չենք հանդուրժում վատ ու հոռի բարքերը քննադատողներին ու խնդիրները վեր հանողներին: Հուսով եմ՝ մի աներևակայելի հրաշքով ինչ-որ բան կփոխվի մեր ուղեղներում, ու այնպիսի օրեր դեռ կապրենք, որ հասարակությունը կպահանջի վեր հանել ու հանրայնացնել իր թեթև ձեռքով աթոռատեր դարձած իշխանավորների ոչ արհեստավարժ քայլերը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ