Արարատյան դաշտավայրի խորհրդանիշ համարվող արագիլները մոտ մեկ ամիս առաջ հայտնվել էին աղետի առջև: Նրանք Արաքս գետի ջրատարերում ձուկ որսալու ժամանակ ինչ-որ յուղով էին աղտոտվել, դրան էլ գումարվել էր աղբանոցների մուրն ու ճենճը, և թուռչունները, փետուրներին ծանրացած յուղի ու ճենճի պատճառով, չէին կարողանում թռչել: Արագիլներին օգնություն ցուցաբերելու ու նրանց նորից թռչելու հնարավորություն տալու համար մի քանի կամավոր, թռչնաբան, կենսաբան շրջակա միջավայրի նախարարության և գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի աշխատակիցների հետ միասին լվացել ու մաքրել էին մի քանի արագիլների փետուրներ: Թռչունների աղտոտվածության հարցով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից վստահեցնում են՝ մեղավորներն այնպայման պատժվելու են: Գիտնականները սակայն արագիլների հապճեպ լվանալն ու բաց թողնելը չեն ողջունում, քանի որ այդ ընթացքում նրանք հյուծվում են, թռչելու ուժ չունեն, կեր հայթայթելու՝ նույնպես: Եվրոպական երկրներում, օրինակ, հատուկ կենտրոններ են գործում, որ զբաղվում են վնասված կենդանիների խնամքով: Խորհրդային Հայաստանում նույնպես եղել է այդպիսի կենտրոն, այժմ սակայն կենդանիների վերականգնման համար պետական որևէ օղակ պատասխանատու չէ: Գիտության ազգային ակադեմիայի կենսաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի աշխատակիցները, մտահոգված լինելով վտանգված կենդանիների ու թռչունների պահպանության հարցով, օրերս հյուրընկալել էին Բելգիայի Օսթենդ քաղաքի կենդանիների վերականգնողական կենտրոնի աշխատակից Իզաբել Ալիշմերին:
«Տարեկան ավելի քան 4000 կենդանիների օգնում ենք վերականգնվել, և դրանցից միայն 40 տոկոսն է անկում: Ինչ վերաբերում է աղտոտված թռչուններին կամ կենդանիներին, ապա 80 տոկոսի դեպքում հնարավոր է լինում օգնել ու վերադարձնել բնություն»,- նշել է տիկին Ալիշմերին: Հայաստանում նմանտիպ կենտրոն ունենալը խիստ անհրաժեշտություն է. վստահեցնում են մասնագետները: Այն ոչ միայն հնարավորություն կտա փրկել աղտոտված կամ վտանգված կենդանիներին ու թռչուններին, այլև նրանց բնություն վերադարձնել: Ավելին՝ խորհրդային տարիներին Արզնիում եղած կենտրոնի շենքն այժմ ոչնչի չի ծառայում, և ըստ մանսագետների ու բնապահպանների՝ բավականին հարմար է վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ