Հայտնի է դարձել, որ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկի» մրցակիցը՝ չեխական «Յաբլոնեցը», Հայաստան ժամանելու հետ կապված խնդիրներ է ունեցել։ Հայաստան վայրէջքն ի սկզբանե նախատեսված է եղել հուլիսի 24-ին, առավոտյան 08:30-ին, սակայն դեպի Պրահա չվերթի ուշացման պատճառով չեխական թիմը մրցավայր է ժամանել միայն երեկոյան ու չի կարողացել նախախաղային մարզում անցկացնել Գյումրիում. այս մասին հայտնում է «Յաբլոնեցի» պաշտոնական կայքը: Նշենք, որ չեխական թիմը Երևանից այսօր առավոտյան է ավտոբուսով ուղևորվել Գյումրի, իսկ նախախաղային մարզումը թիմը երեկ անցկացրել է Պրահայի «Ստրահով» մարզադաշտում, ուր ուղևորվել է անմիջապես օդանավակայանից.
«Առաջին անգամ է նման բան տեղի ունենում: Իհարկե, տհաճ իրավիճակ է: Ցանկանում էինք առավելագույն կարճ ժամկետում հասնել Հայաստան, ցավոք՝ չստացվեց: Մեղավորներ չենք փնտրում, սպասում էինք ցուցումների ու պարզվեց, որ պետք է այստեղ մնանք: Մարզվեցինք Պրահայում ու երեկոյան մեկնեցինք»,- ասել է թիմի փորձառու կիսապաշտպան Թոմաս Հյուբշմանը:
Նա նաև խոսել է իրենց առաջիկա մրցակցի՝ Երևանի «Փյունիկի» մասին.
«Դիտել ենք մակեդոնացիների հետ նրանց անցկացրած երկու խաղերը: Մի քանի խաղացող ունեն, որոնց մասին մարզիչները զգուշացրել են մեզ: Մարզիչը մեզ տարբեր իրավիճակների է պատրաստել: Ցանկանում ենք մեր խաղը թելադրել մրցակցին ու առավելության հասնել: Չնայած թռիչքի հետ կապված խնդիրներին՝ մեր մոտիվացիան անփոփոխ է: Չենք ցանկանում արդարացումներ փնտրել: Ամեն ինչ ցույց կտանք դաշտում»,- ասել է Հյուբշմանը:
«Յաբլոնեցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իրենք առհասարակ հայաստանյան խաղին չներկայանալու վտանգի առաջ են եղել.
«Դիմեցինք Չեխիայի կառավարությանը՝ խնդրելով օգնել այս իրավիճակում, երբ հասկացանք, որ հնարավոր է՝ չկարողանանք մեկնել Հայաստան: Այս ծայրահեղ իրավիճակում մենք դիմեցինք պետական իշխանությունների օգնությանը, այլապես դա խայտառակություն կլիներ միջազգային հարթակում: Շնորհակալ ենք այս աջակցության համար, մեր ակումբը կփոխհատուցի ճանապարհորդության հետ կապված ծախսերը»,- ասել է ակումբի խոսնակ Մարտին Բերգմանը:
Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում երեկ կայացած խաղում «Փյունիկն» առավելության հասավ 2:1 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ