ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքական բացասական օրակարգը շուրջ 30 տարի չի նահանջում

Քաղաքական բացասական օրակարգը շուրջ 30 տարի չի նահանջում
16.07.2019 | 02:00

Չգիտեմ՝ ինչ հրաշք է պետք, որ մի օր արթնանանք, ու մեր երկրում մերժելու էլ ոչինչ մնացած չլինի: Բոլոր երևույթները, մարդիկ, իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց մերժած լինեն, կրկնամերժած կամ հնգապատիկ մերժած ու հոգեպես վերջապես խաղաղված: Շուրջ 30 տարի մերժումների ցիկլի մեջ է Հայաստանը ու դուրս գալ չի ուզում: Արխայիկ մարդու բնավորության գիծ կարծես լինի, որ որևէ կերպ վերափոխել չի լինում: Նախ` խորհրդային կարգերն էին մերժելի, հետո` իրենց իսկ ցանկությամբ իշխանության եկած առաջին նախագահն ու նրա թիմը, այնուհետ՝ երկրորդը, հետո` երրորդը, ու այսպես շարունակ: Ցնցումների նմանվող այս խառնաշփոթում, պարզ է, որ քաղաքական դաշտում դրական օրակարգ չի ձևավորվում, ինչը խիստ անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական դաշտի, այլև հասարակության ու մարդկանց համար առհասարակ: Դեռ մի մերժումը չմարսած, օրակարգ է նետվում նորը, ու մարդիկ այժմ էլ մտածում են՝ ինչպես մերժել նոր մերժելին: Հայաստանյան քաղաքական դաշտի վերադասավորումից անցել է մեկ տարուց ավելի, այս ընթացքում մերժումների պակաս չի եղել: «Մերժիր Սերժին» կարգախոսով իշխանության եկածները, պատասխանատու հարցերի համար ցանկալի ու արդյունավետ լուծում չունենալով, օրակարգ են նետում նոր մերժում՝ խորհրդարանի, առանձին պաշտոնյաների, դատավորների, լրատվամիջոցների, վարորդների, շուտով գուցե բժիշկների, և այսպես շարունակ:

Ցայտնոտային ու անհասկանալի տրամաբանությամբ այս խառնաշփոթի համար մեկ դեղատոմս կա. մերժել բացասական օրակարգն ու համընդհանուր ջանքերով աշխատել դրականը գտնելու ուղղությամբ: Նորեկները, ցավոք, չեն կարողանում առաջարկել ցանկալի դրական օրակարգ, բոլոր առաջարկները կա՛մ զտում են ու իրենց հարմար ձևով խմբագրում, կա՛մ իրենցով անում գաղափարը՝ չտիրապետելով այն կյանքի կոչելու մեխանիզմներին, կա՛մ նորից մերժում: Վստահաբար, վաղը գալու են մերժողներին մերժողները՝ ավելի կատարելագործված ու հուժկու գործիքներով, տեխնոլոգիաներով: Որպեսզի պատկերի անընդհատականությունը չշարունակվի, ու մերժողները շատ ավելի վատ վիճակում չհայտնվեն, քան ասֆալտին ինքնակամ փռվելն ու պատերին ծեփվելը, պետք է հենց այսօրվանից մտածել՝ ինչ անել դրական օրակարգ ձևավորելու առնչությամբ: Իսկ դրա դեղատոմսը պարզ է ու հստակ՝ հայտարարել հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու մասին, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ու դուրս գալ մերժման իներցիայից: Վերջինը, համաձայն եմ, այնքան էլ հեշտ չէ, բայց, օրինակ, «սինգապուրյան հրաշք» ունենալու համար, կարծում եմ, խիստ անհրաժեշտ է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ