Վստահ եմ՝ շատ քչերն են այսօր հիշում այն հպարտությամբ լի ու խանդաղատանքով սպասումը, երբ Գերագույն Խորհուրդը գրում էր Հայաստանի անկախ հանրապետության Սահմանադրությունը: «Գերագույն Խորհուրդը գրում էր» սահմանումը, իհարկե, ստույգ չէ, բայց հասարակական ընկալումը դա էր: Հանրապետությունն ունեինք, Հռչակագիրն ունեինք, ահագին օրենքներ ունեինք, պատերազմում հաղթել էինք, լրիվ երջանկության համար, որ պիտի ամբողջացներ մեր անկախությունը, պակասում էր միայն Սահմանադրությունը: Նույնքան վստահ եմ, որ շատ քչերը հասկացան՝ ինչու՞ Սահմանադրության հանրաքվեն կուտ գնաց: Հանրաքվեի բախտը չբերեց՝ հարուստ պետություն չէինք, որ համապետական հանրաքվեն ու խորհրդարանի ընտրությունը նույն օրը չանեինք՝ 1995-ի հուլիսի 5-ին: Ընտրությունները ի հայտ բերեցին քաղաքական պայքարի ու քաղաքական պայքարի արդյունքների հակասությունները, որոնց զոհ գնաց Սահմանադրության ընդունման հանրաքվեն: Օրվա ընդդիմությունը տապալեց նաև հանրաքվեն ու ամեն ինչ երկրում սկսեց հայտարարվել ոչ լեգիտիմ: Ու տարեցտարի Սահմանադրության բախտը չբերեց՝ 10 տարի անց, 2005-ի հանրաքվեն առավել քան անհամոզիչ էր արդյունքների տեսակետից: 2015-ի հանրաքվեն փոխեց կառավարման կարգը՝ կիսանախագահականից անցանք խորհրդարանական կառավարման: Եվ մշտապես սահմանադրական հանրաքվեներին ուղեկցեց ոչ լեգիտիմության ստվերը, որ իրականում Սահմանադրության հետ կապ չուներ, իշխանության ստվերն էր: Փաստացի՝ քաղաքականությունը մշտապես հաղթում էր իրավագիտակցությանը և ձևակերպում ու վերաձևակերպում իրեն ձեռնտու Հիմնական օրենք, ու այդպես մեր Սահմանադրությունը դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիվանդ երեխան: Այնքան հիվանդ, որ 1995-ից առայսօր Սահմանադրության օրը, որ պաշտոնապես տոն է, ոչ մի անգամ պետականորեն իբրև տոն չի նշվել: Հիմա ևս չի նշվելու՝ վարչապետը թռավ Վիետնամ, ԱԺ նախագահը Կիպրոսում է: Նախագահը այսօր Սյունիք է գնացել: Մայրաքաղաքում Սահմանադրության օրը պետության առաջին դեմքերից ոչ ոք չի լինի:
Երբ այլ պետություններում նախագահներն ու վարչապետներն իրենց ցանկացած կարևոր որոշում, ուղերձ ու քայլ ներկայացնելիս՝ հիմք են ընդունում ու պարտադիր մեջբերում են իրենց Սահմանադրության դրույթները, մենք հիմնովին մի կողմ ենք դրել մեր Հիմնական օրենքը ու առանցքում ունենք նոր հասկացություն՝ քաղաքացուն: Նույնիսկ քաղաքացու օր ենք սահմանել: Հետո ինչ, որ քաղաքացին երբեք միատարր ու միակարծիք չի եղել ու չի լինում: Թավշե հեղափոխության կարգախոսներից էր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Փաստացի՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական հանրապետություն չէ, այլ՝ սուպերվարչապետական: Խորհրդարանը Սահմանադրությամբ ու օրենքներով չունի պետական կառավարման լծակներ, ունի միայն վարչապետը, որին ընտրում է խորհրդարանը: Միայն այդ փաստով համարվել խորհրդարանական հանրապետություն, մեղմ ասած, նոնսենս է: Բայց սահմանադրական փոփոխությունների խնդիրը, ինչպես Ընտրական օրենսգրքի, քնեց իշխանական դարակներում: Կամ՝ ձևացնում են, թե քնեց: Պարբերաբար մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ Սահմանադրությունը նորից փոխվելու է ու Հայաստանի Հանրապետությունը վերադառնալու է նախագահական կառավարման: Դա կլինի վերջին հարվածը մեր հիվանդ երեխային: Կստացվի՝ նրա գոյությունը հիշում ու առողջությունը գնահատում են միայն իրենց գոյության ու առողջության տեսակետից: Իսկ Սահմանադրությունը՝ սկսած 1995-ին ընդունվածից մինչև 2015-ին ընդունվածը, ոչ մի մեղք չուներ ու չունի, որ իշխանությունը քաղաքական կամք չուներ ու չունի Հիմնական օրենքը ու ընդհանրապես օրենքները կատարելու: Ավելին՝ հիմա էլ անհատներն են իրենց իրավունք վերապահում Սահմանադրությունն ու օրենքները մեկնաբանելու: Սա ոչ միայն նոնսենս է, այլև՝ աբսուրդ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սահմանադրության օրը ձևականորեն տոն հռչակելու ու չնշելու պատասխանատուն քաղաքացին չէ, պետությունն է, որ որոնում է իր կառուցման այլ հիմքեր ու շրջանցում Հիմնական օրենքը: Որ իշխանության քաղաքական նպատակահարմարության տրամաբանության վրա է կառուցվում Հիմնական օրենքը՝ հակառակ քաղաքացու: Ու դա ժողովրդավարության ցուցիչ է: Ավելի ճիշտ՝ ժողովրդավարության աղճատված ըմբռնումների ու մեկնաբանությունների: Ու դա նշանակում է, որ մեր հիվանդ երեխան բուժման հույս չունի: