Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ շատ կարևոր բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վլադիվոստոկի համալսարանի ուսանողական ավանի համալիրում: Կիմ Չեն Ինը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին «բանակցությունների նպատակով Մոսկվայից Վլադիվոստոկ հատուկ հասնելու համար»: Պուտինը ողջունել է «ներկորեական երկխոսությունը զարգացնելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու Փհենյանի ջանքերը»: Երկու նախագահները քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակին, անվտանգության և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ ռուսական կողմը Վլադիվոստոկի հանդիպման մասին տեղեկություն կփոխանցի Հարավային Կորեայի ղեկավարներին:
Կիմ Չեն Ինը և Վլադիմիր Պուտինն առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպել: Հանդիպման ավարտին ռուսական կողմն ի պատիվ հյուրի ճաշ է տվել, երկու նախագահները նվերներ՝ սառը զենք են փոխանակել: