Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Վրիպելը թանկ է նստելու

Վրիպելը թանկ է նստելու
02.04.2019 | 03:20

ԱՆԳԼԻԱ
Անկախ նախապատվությունից՝ պրեմիեր լիգան մնում է եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր առաջնությունը։ Չեմպիոնության համար պայքարն այստեղ այդպես էլ չի հանդարտվում՝ առավել լարված դարձնելով ինտրիգը։ Թեկուզ և հեռակա, միջնորդավորված պայքարում, «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլն» արյան կարոտ գազանի պես իրար կոկորդ են կրծում՝ ինչ-որ փուլում մրցակցի հնարավոր վրիպելիքի սպասումով: Ընդ որում, եթե երկրի չեմպիոնության պայքարում Խոսեպ Գվարդիոլայի սաներն ինչ-որ տեղ կարող են ներքին առաջնությունում ունենալիք հաջողությունը պակաս կարևորել, գերապատվություն տալով Չեմպիոնների լիգայում հնարավոր հաղթանակին (հիշենք՝ «Մանչեստր Սիթին» Անգլիայի գործող չեմպիոնն է), «Լիվերպուլում» միանգամայն այլ տրամադրություններ են:
Նույն կատաղի պայքարն է այստեղ և երրորդ տեղի համար մրցակցությունում, միայն թե շատ ավելի մեծ թվով թիմերի մասնակցությամբ։
Այժմ այս փոքրիկ ընդհանրական նախաբանից հետո անցնենք կոնկրետացումների:
31-րդ տուրը հաղթանակով ավարտեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեստր Սիթին» (արտագնայում 2։0 հաշվով պարտության է մատնել «Ֆուլհեմին») ու երկու միավորի առավելությամբ հետ բերեց առաջին հորիզոնականը, սակայն մեկ տուր առաջընթացով շարժվող «Լիվերպուլը» սեփական հարկի տակ անչափ սկզբունքային պայքարում պարտության մատնեց «Տոտենհեմին» (2:1) ու կրկին խնդրի առաջ կանգնեցրեց «Մանչեստր Սիթիին»: Խնդիր այն առումով, որ վրիպելը թանկ է նստելու:
«Լիվերպուլից» կրած պարտությունից հետո էլ (ի միջի այլոց՝ չորրորդը վերջին հինգ խաղում) «Տոտենհեմը» ոչ մեկին չի զիջում երրորդ հորիզոնականը, սակայն երբեմնի ունեցած միավորների հսկա պաշարը արևի բերան ընկած սառցակտորի է նմանվել: Նրան հավասար միավորներ ունի արդեն «Մանչեստր Յունայթեդը», որը սեփական հարկի տակ երեք միավոր կորզեց «ՈՒոթֆորդից»՝ 2։1։ Ահռելի ջանքերի գնով «Չելսին» արտագնայում երեք միավոր պոկեց «Կարդիֆից», որը մինչև 84-րդ րոպեն խաղը շահում էր 1։0 հաշվով ու ստիպված համակերպվեց 1։2 հաշվով պարտության գաղափարին: Հաղթանակն «ազնվականներին» միավորներով (60), հավասարեցրեց «Արսենալին», որը երեկ ուշ երեկոյան մրցել է «Նյուքասլի» հետ։ Զինագործների համար հանդիպման անցանկալի արդյունքի դեպքում նրանք կմնան հինգերորդ հորիզոնականում, ոչ-ոքին Հենրիխ Մխիթարյանի ակումբը միավորներով կհավասարեցնի 61 միավոր ունեցող «Տոտենհեմ»-«Մանչեստր Յունայթեդ» երկյակին, իսկ հաղթանակը այս երկուսի նկատմամբ կապահովի երկու միավորի առավելություն ու մաքուր երրորդ տեղ։

ԳԵՐՄԱՆԻԱ
Լարվածության նշաններ են առկա և բունդեսլիգայում, միայն թե ավելի փոքր ծավալների մեջ ու ավելի պակաս սրության, թեպետ չեմպիոնական պայքարին Դորտմունդի «Բորուսիան» ոնց որ թե լավ էլ «սրտանց» է լծվել, ու եթե չլիներ առժամանակ առաջ կորուստների տեսքով ունեցած միավորների շռայլությունը, հիմա ավելի պակաս ցնցումների մեջ կլիներ: Ինչևէ: Տուրը դորտմունդցիների համար հաղթանակով է ավարտվել: Հյուրընկալելիս 2:0 հաշվով պարտության են մատնել «Վոլֆսբուրգին», միավորների թիվը հասցրել 63-ի ու, առանձնակի մեծ սպասելիքներ չունենալով, հետևել «Բավարիա»-«Ֆրայբուրգ» դիմակայությանը, որն ունեցել է անսպասելի հանգուցալուծում։ Մյունխենցիները չեն կարողացել մեկ միավորից ավելի վաստակել (1։1) ու նահանջել են երկրորդ հորիզոնական:
Հինգ անպատասխան գնդակի առավելությամբ «Լայպցիգը» հաղթել է «Հերտային» ու 52 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում: Նրանից երեք միավորի հեռավորության վրա է վերջին հինգ տուրերը բացառապես հաղթանակով ավարտած Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որին անկարող է եղել դիմակայել հյուր եկած «Շտուտգարտը»՝ 3։0: Ինչ վերաբերում է Մյոնխենգլադբախի «Բորուսիային», այս անգամ նրա քթին կտտացնողը (վերջին հինգ խաղում՝ երրորդ անգամ) Դյուսելդորֆի «Ֆորտունան» էր՝ 3։1։

ԻՍՊԱՆԻԱ
Մինչ լա լիգայի մնացած թիմերն իրենց լոկալ խնդիրներն են լուծում՝ փորձելով հնարավորինս բարձր տեղ ապահովել մրցաշարային աղյուսակում, այդ մնացած բոլորին չեմպիոնության պայքարից զրկած «Բարսելոնն» իր լուռ գործին է. այն է՝ հաղթանակ հաղթանակի հետևից է տոնում։ Այս անգամ նրան դիմակայելու փորձ անողը «Էսպանյոլն» էր, սակայն զուր ջանքեր: Մեսին իր հերթական գոլերն է խփել՝ թիմակիցներին ազատելով ավելորդ նեղությունից՝ 2։0։ Հաղթական մրցելույթներ են ունեցել նաև մրցաշարային աղյուսակում կատալոնցիներին հետապնդողները։ «Աթլետիկոն» արտագնայում չորս անպատասխան գնդակ է ուղարկել «Ալավեսի» դարպասը, «Ռեալը» գերլարված հանդիպում է ունեցել «ՈՒեսկայի» հետ ու կամային հաղթանակ կորզել խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ (3։2):
«Բարսելոնն» ունի 69, «Աթլետիկոն»՝ 59, «արքայականը»՝ 57 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Ոչ առանց դժվարության, այդուհանդերձ «Էմպոլիի» հետ խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ տեր կանգնեց իր հասանելիք երեք միավորին՝ 1։0 ու շարունակում է հպարտ մենության մեջ գլխավորել աղյուսակի առաջին հորիզոնականը։ Նույնքան հպարտ մենության մեջ աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «Նապոլին», որը Հռոմում բառացիորեն ատամնաթափ արեց իտալական «գայլերին»՝ 4։1։ Եթե սկուդետեի չեմպիոնի ու փոխչեմպիոնի հարցը տեսականում լուծված է («Յուվենտուսն» ունի 78, «Նապոլին»՝ 63 միավոր), ապա մրցակցությունը երրորդ տեղի համար վայրկյան-վայրկյան է սրվում, ու դրան իր անկայուն ելույթներով մեծապես նպաստում է «Ինտերը», որը տուրում նվազագույն հաշվով զիջել է հյուր եկած «Լացիոյին»: Համաքաղաքացիների վրիպումից կարող էր լավագույնս օգտվել «Միլանը», սակայն Գատուզոյի սաներն էլ իրենց հերթին չեն կարողացել հաղթահարել «Սամպդորիայի» արգելքը՝ զիջելով նույն նվազագույն հաշվով:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում հերթական հաղթանակն է տոնել «Թուլուզին» հյուրընկալված «Պարի Սեն Ժերմենը»՝ 1։0։
Սուր մրցակցություն է ծավալվել «Նանտ»-«Լիլ» դիմակայությունում, հանդիսատեսը գոլերի պակաս չի ունեցել: Կարելի է ասել, որ այս դիմակայությունում «Լիլը» միկրոհրաշք է արձանագրել՝ 0։2 հաշվով ընթացքում տանուլ տված դիմակայությունը վերածելով հաղթանակի՝ 3:2։ Տուրն անկորուստ է անցել նաև «Ռենին» հյուր գնացած «Լիոնը», որը 56 միավորով երրորդ հորիզոնականում է, չորս նիշով է պակաս «Լիլից»։ Ինչ վերաբերում է «Պարի Սեն Ժերմենին», նրա ունեցած 80 միավորը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ անհասանելի կմնա մնացածների համար։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ