Երեկ օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Նա համաշխարհային սպորտի այն սակավաթիվ մարզիկներից է, որն ունի իր անունով կնքված տարր. ողջ աշխարհին է հայտնի Ազարյանական խաչը:
Նա միակ հայ մարզիկն է, որն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է: 1956-ին ոսկե մեդալակիր է դարձել թիմային հաշվարկով ու օղակների վրա վարժությունում, ապա օղակների վրա վարժությունում ոսկե ելույթը կրկնել է Հռոմի 1960-ի քառամյա հանդեսում: Նշենք, որ նրա որդիներից Էդուարդ Ազարյանը նույնպես օլիմպիական խաղերի չեմպիոն է (Մոսկվա, 1980):
Ազարյանը մարզիկի կարիերային հրաժեշտ է տվել 1964-ին, սակայն շարունակել է մնալ սպորտում: Նա ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է, ղեկավարում է իր անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը:
Մաղթենք մեր անվանի հայրենակցին առողջություն, երկար տարիների կյանք ու շարունակենք հպարտանալ նրանով, որը մի ամբողջ պատմություն է համաշխարհային սպորտում, մեր երկրի այցեքարտերից մեկը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ