Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Անկրկնելի «Բարսելոն», անկրկնելի Մեսի

Անկրկնելի «Բարսելոն», անկրկնելի Մեսի
01.02.2019 | 05:41

Եթե մի պահ ընդունենք, որ մինչ այժմ ֆուտբոլի մասին մարդկությանը ոչինչ հայտնի չէր, եվրոպական թոփ առաջնությունների այս երկու-երեք օրվա հանդիպումները բավարար էին աշխարհին այդ խաղի «վրա» սիրահարեցնելու համար: Կարող եք միանգամայն բոլոր օրինական հիմքերն ունենալով ասել՝ խաղին սիրահարեցնելը հասկացանք, խաղի վրա սիրահարեցնելը որը՛ս է, ու պատկերացրեք, որ գրագիտության առումով որքան ճիշտ, այլ առումներով նույնքան սխալ կլինեք: Այսպես ասեմ՝ ախպոր պես, եկեք անիմաստ վեճի մեջ մի քաշեք մեղավոր անձս, մանավանդ որ դեմը ներկայացնելու ահագին բան ունեմ ու թարսի պես հեչ ժամանակ չունեմ:

Իսպանիայի գավաթի մեկ քառորդի պատասխան հանդիպումը «Բարսելոնը» սկսեց -2 հաշվից, քանի որ առաջինում «Սևիլիան» իր համար հաճելի, հյուրերի համար տհաճ անակնկալ էր պատրաստել երկու անպատասխան գնդակի տարբերությամբ տոնած հաղթանակով: Այդ խաղի մասին հաշվետվությունը մենք ավարտել էինք երկու տարի առաջ եղած Չեմպիոնների լիգայի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» փլեյօֆյան հանդիպման հիշատակումով, որտեղ կատալոնցիները պատասխան խաղից առաջ իրենց անհամեմատ ծանր վիճակի մեջ էին դրել առաջին խաղում 0:4 հաշվով կրած պարտությամբ ու կարծիք հայտնել, որ ֆուտբոլային այս գերակումբի համար չկան անլուծելի խնդիրներ: ՈՒ իսկապես էլ՝ որտեղի՞ց լինեն, երբ սա ֆանտաստիկ կուռ կոլեկտիվ է ու չի պարտվում, եթե տվյալ խաղում ինքն իր դեմ… տրամադրված չէ:


Պարադոքսա՞լ բան եմ ասում: Գուցե: Բայց սա է այս թիմի իմ մեկնությունը, և եթե կարծում եք, որ ապրում եմ խաբկանքների թագավորությունում, մոլորությունը ձերն է ու ոչ թե իմը:
Այս բավականին ծավալուն ներածականից արդ անցնենք բուն խաղին:
Հաշվի առումով արդեն 31-րդ րոպեից անդալուզցիների ունեցած առավելությունն այլևս չկար՝ գոլորշացել էր, ու խաղը մտել էր նոր հաշվարկի փուլ: Իհարկե, հյուրերի կողմից դարպասի ցանկացած գրավման դեպք միանգամից այլ քաշ ու կշիռ էր տալու նրանց հնարավոր արժեթղթերին, սակայն բորսայական հարաբերությունների գիտությունից պակաս տեղեկացված չէին և կատալոնցիները, որոնք արդեն 54-րդ րոպեին դիմակայությունը շահում էին երկու գնդակի առավելությամբ, ասել է թե՝ 4:0 հաշվով:


Նկատի ունենալով մինչ խաղավարտ եղած ժամանակը, սա անդալուզցիների համար վերջնական կատաստրոֆա չէր, բայց և դրանից էլ հեռու բան չէր: Արանայի խփած գոլը հույսերի որոշակի վերարթնացում էր, սակայն օդի պես պետք էր և փրկարար երկրորդ գնդակը: Անդալուզցիների երկրորդ գնդակն այդպես էլ չեղավ, փոխարենը եղավ «Բարսելոնի» ևս երկու գնդակը, ինչն այս դիմակայությունում ֆիքսեց այն նույն 6:1 հաշիվը, որ երկու տարի առաջ եղել էր «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում, ու որը ֆուտբոլային դասագրքերի առանցքային էջերից մեկն է դարձել շնորհիվ հաղթանակի հասնելու բարսելոնյան ակումբի անկոտրում կամքի, ֆուտբոլային մեծագույն վարպետության ու առհասարակ ֆուտբոլի հետ կապված բազմաթիվ այլ չափորոշիչների:
Ինչ դերակատարություն ունեցավ այս խաղում Մեսի՞ն:


Իսկ ի՛նչ դերակատարություն կարող է ունենալ մեկը, ով ֆանտաստիկայի ոլորտից է, ով մեզ շնորհել է ֆուտբոլում իր ժամանակներում ապրելու պատեհությունը, ով իր յուրաքանչյուր նոր խաղով մի նոր գլուխ է ավելացնում այս մարզաձևի պատմությանը: Է՛լի հաշվեք ձեզ բազմազբաղ մարդ, է՛լի հավատացեք ու հավատացրեք ձեզ, որ ձեր յուրաքանչյուր վայրկյանը ոսկու գին ունի, բայց մի պահ ձեզ նեղություն տվեք ու այս հանդիպման վերջին երկու գոլերի երկնումը տեսեք, շոշափելիորեն զգացեք գեղեցիկ կոմբինացիաների հղացումն ու դրանք գոլային փաստի վերածելու իրողությունը: Ձեզ համար ենք ասում, քանզի գեղեցիկի հետ շփումը մինչև հիմա ոչ մեկին վնասակար չի եղել՝ պայմանով, որ դուք Մոնա Լիզայի կտավի վրա կրակածի արյունակիցը չեք, գենետիկորեն կապված չեք նրա հետ:
Սակայն «Բարսելոն»-«Բարսելոն» ասելով՝ չբավարարվենք լոկ կատալոնյան ակումբի խելահեղ դիմակայության ներկայացմամբ ու աչքաթող անենք գավաթային մյուս հանդիպումները, որոնք ոչ պակաս դրամատիկ էին, ոչ պակաս հետաքրքրական:


Առաջին խաղում «Խետաֆեից» կրած պարտությունը, չնայած արձանագրված նվազագույն հաշվին, չէր կարող «Վալենսիային» չպարտադրել պատասխան խաղի ջղաձիգ սկիզբ ու ընթացք: Ավելին, չափազանց վատ մեկնարկը հանգեցրեց նրան, որ հյուրերը մի գոլ էլ հեղինակեցին ու առհասարակ խայտառակ ծանր իրավիճակ ստեղծեցին տանտերերի համար: Հուրախություն սեփական երկրպագուների, վալենսացիները կարողացել են հավաքվել, դառնալ երեք գոլի հեղինակ, որից երկուսը բաժին է ընկնում հավելյալ ժամանակին: Հանուն ճշմարտության ասենք, որ հանդիպման 74-րդ րոպեից «Խետաֆեն» մնացել է տասը հոգով, ինչն էլ ունեցել է իր ճակատագրական դերակատարումը:


«Բետիս»-«Էսպանյոլ» դիմակայությունում էլ նույն զորեղ գավաթային կրքերն էին: Առաջին դիմակայության հանգույն երկրորդն էլ ունեցավ 1:1 հաշվով ավարտ, իսկ սա նշանակում էր հավելյալ խաղաժամանակ: Միանգամից ասենք, որ տանտերերը չթողեցին բանը հասնի ֆուտբոլային ռուլետկայի: Չորս րոպեում Լեոն ու ու Մանդին երկու գոլ հեղինակեցին ու դրեցին այդ ծայրահեղ սուր մրցակցության տրամաբանական ավարտը:
Մինչ Իսպանիո կողմերից հեռանալն ասենք, որ երեկ երեկոյան գավաթային փոթորիկների մեջ էին «Ժիրոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Շնորհիվ կողմերի առաջին հանդիպման արդյունքի՝ 4:2, «արքայականն» անհամեմատ շահեկան վիճակում էր, սակայն գավաթային խաղերում շահեկան ու անշահեկան վիճակներ չեն լինում՝ մորթոցի է ու վերջ:

Ո՞Վ ԿԶՈՐԵՐ ԵՆԹԱԴՐԵԼ
Այսպես ասելով՝ ոչ միայն նկատի ունենք Իտալիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի «Ատալանտա»-«Յուվենտուս», «Ֆիորենտինա»-«Ռոմա» դիմակայությունների ելքը, այլև դրանցում արձանագրված հաշիվները:
Սկսենք վերջինից, քանզի այն ավելի քան կուրյոզային էր: «Մանուշակագույնները» յոթ անգամ են գրավել մրցակցի դարպասը (հեթ տրիկ է հեղինակել Ֆեդերիկո Կիեզան)՝ հռոմեացիներին նույնը անելու միայն մեկ հնարավորություն տալով: Ստացվում է, որ «Ռոմային» բակային թիմի տեղ դրած «Ֆիորենտինան» խփել է, որքան ուզել է: Սա առանձին վերցրած հանդիպում լինելով հանդերձ՝ «Ֆիորենտինայի» ու նրա երկրպագուների ձեռքին այնպիսի պատմական փաստ է, որի հիշեցումը բոլոր ժամանակներում հա էլ արյուն է պղտորելու, նյարդեր է բորբոքելու: Ինչևէ, ավելորդ աղ չցանենք մայրաքաղաքցիների վերքի վրա ու հանուն ճշմարտության ասենք, որ «Ռոման» արդեն 72-րդ րոպեից հանդես էր գալիս տասը խաղացողով (հեռացվել է Էդին Ջեկոն), սակայն սա այնքան էլ իրավիճակ մեղմող փաստ կամ փաստարկ չէ, քանզի մինչ այդ արդեն իսկ պարտվում էր 1:4 հաշվով:
Իր շեշտադրումներով վերը հիշատակված խաղից առանձնապես չի առանձնանալու և «Ատալանտա»-«Յուվենտուս» դիմակայությունը: Հասկացանք՝ պարտվել, բայց 0:3 հաշվո՞վ: Չհասկացանք, Ալեգրին իր խաղացողների ստվերներն է՞ր հանել խաղադաշտ: Մի խոսքով,՝ հարցեր են, որ պատասխաններ են ակնկալում, ու քանի դեռ դրանք լուրջ մակարդակով չեն ներկայացվել, բացատրվել, եղածը բացատրենք «ծեր սինյորայի» օրացույցում եղած կարմիր օրով: Մենք ուրիշ հոդաբաշխ բացատրություն չենք տեսնում եղածին: Հավելենք միայն, որ կիսաեզրափակչում միմյանց հետ են մրցելու հիշատակված այս դիմակայությունների հաղթողները: Երեկ երեկոյան ուժերով իրար հետ չափվելու ելան «Ինտերն» ու «Լացիոն»:

«ՄՈՆԱԿՈՅԻ» ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Գավաթային ալեկոծություններ էին նաև Ֆրանսիայում, միայն թե ոչ թե երկրի, այլ լիգայի: Ընթացիկ մրցաշրջանում խայտառակ վատ հանդես եկող «Մոնակոն» «Գենգամի» հետ կիսաեզրափակիչյանում քիչ թե շատ պարզերես երևալու շանս էր ստացել, ու գործերը կարծես թե վատ չէին էլ դասավորվում: Սակայն մոնեգասկները չկարողացան դիմանալ իրենց խփած երկու գոլի էյֆորիային, խաղը վաղաժամկետ համարեցին ավարտված, թե փորձեցին խուլ պաշտպանության անցնելով հարցեր լուծել, մի խոսքով շատ արագ հալեցրին ունեցած առավելությունը, իսկ հետխաղյա 11-մետրանոցներում «Գենգամը» ձեռքից բախտը բաց չթողեց:
Կիսաեզրափակիչ մյուս խաղն էլ անցավ առաջինի տրամաբանությամբ: «Բորդոն» խփեց գոլ ու անցավ ձեռքբերածը պահելուն, ինչին, բնականաբար, չէր կարող համամիտ լինել «Ստրասբուրգը», որը 11 րոպեում երեք գոլ «թափեց» մրցակցի գլխին: Մինչ այս շոկից փորձեց դուրս գալ «Բորդոն», մինչ կարողացավ հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, խաղաժամանակն էլ սպառվեց-պրծավ:
Սա էլ Ֆրանսիայի գավաթայինում եղածը:

ԿՈՐՑՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՐ
Միանգամից ասենք, որ սկիզբը դրեց «Մանչեսթր Սիթին» արտագնայում «Նյուքասլից» ունեցած իր պարտությամբ: Հետաքրքրական է, որ առաջին գոլի ու այն էլ արագ գոլի էֆեկտը իր բացասական դերն ունեցավ և «Լիվերպուլի» պարագայում, սակայն եկեք շատ չանցնենք առաջ: Եվ այսպես, խաղի արդեն առաջին րոպեին Սերխիո Ագուերոն առաջ է մղել իր թիմին: Երկրորդ խաղակեսում տանտերերը նախ հավասարեցրել են հաշիվը, ապա անակնկալ հաղթանակ կորզել երկրի չեմպիոնից: Հաղթելով «Մանչեսթր Սիթիին», «Նյուքասլը» ոչ միայն էապես բարելավեց մրցաշարային վիճակը, այլև չեմպիոնական մրցավազքում շատ մեծ նվեր արեց «Լիվերպուլին»:
Իսկ ի՞նչ արեց վերջինս:


Սկսենք նրանից, որ նախ ընդունեց «Լեստերին», առաջնության իր գլխավոր մրցակցի օրինակով արագ գոլ հեղինակեց ու ինքն իր ձեռքն ընկավ կրակը: «Քաղաքաբնակներից» ունեցած միակ տարբերությունն այն եղավ, որ գոնե մեկ միավոր վաստակեց ու չեմպիոնական մրցավազքում ևս մեկ ավելի միավոր ունեցավ: «Լիվերպուլի» անվան դիմաց 61 թիվն է, «Մանչեսթր Սիթիի» ունեցածը պակաս է հինգով:
Անչափ նյարդային մրցակցություն ունեցավ «Տոտենհեմը»: Մինչև 80-րդ րոպեն «ՈՒոտֆորդը» Լոնդոնից երեք միավոր էր տանում, ու Պոչետինոյի սաները չէին կարողանում ագրեսիվ հյուրերի դեմն առնել: Սակայն վերջին տասը րոպեն հյուրերի համար ամեն ինչ գլխիվայր շրջեց՝ 2:1, ու «Տոտենհեմը» «Մանչեսթր Սիթիից» արդեն հետ է ընդամենը երկու միավորով:
24-րդ տուրը դժոխային եղավ «Չելսիի» համար: «Բոռնմուտը» ծայրաստիճան դաժան եղավ հյուրերի նկատմամբ՝ չորս գոլ «լցնելով» մրցակցի դարպասը:


Երևի այսքանով էլ ճիշտ կլիներ ավարտել օրվա հանդիպումների տեսությունը, սակայն չենք կարող Անգլիայի առաջնության հերթական տուրի խելահեղությունների հիմքը դրած «Մանչեսթր Յունայթեդ»-«Բյոռնլի» դիմակայությունը շրջանցել: Խաղավարտից ինը րոպե առաջ հյուրերն այստեղ հանդիպումը շահելիս են եղել 2:0 հաշվով, սակայն մանկունիացիներին հաջողվել է անել գրեթե անհնարինը: 87-րդ րոպեին Պոգբան 11-մետրանոցից կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ հավելյալում Լինդելոֆն իր թիմի համար ապահովել է երաշխավորված մեկ միավորը:
Այ հիմա արդեն իսկապես վերջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ